Հայաստան 

Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի՝ անկախ Թուրքիայի հետ քաղաքական բարենպաստ դաշինքից. The Jerusalem Post

analitik.am

The Jerusalem post-ը ներկայացնում է լրագրող Թել Հարիսի «Հայոց ցեղասպանության հարցը չափազանց կարևոր է քաղաքականության հետ խառնելու համար» հոդվածը, որում հեղինակը պնդում է, որ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի՝ անկախ Թուրքիայի հետ քաղաքական բարենպաստ դաշինքից: Հոդվածը՝ մասնակի կրճատումներով, ներկայացնում ենք ստորև.

 

«Ո՞րն է ավելի նախընտրելի. արագ մահը նացիստական գազի խցիկներում, թե՞ այրող սիրիական անապատում: Սա, իհարկե, անմարդկային հարց է, որը շատ բան է ասում մի շարք միջազգային համայնքների փոքրոգի դիրքորոշման մասին: Այդ համայնքները հիշատակում են հրեաների Հոլոքոսթը, սակայն խուսափում են Հայոց ցեղասպանությունը քննարկելուց:

 

Հայոց ցեղասպանությունն ընդամենը մի քանի երկիր է ճանաչել, և այդ երկրների շարքում Իսրայելի և Գերմանիայի բացակայությունն ինձ համար հատկապես ուշագրավ է: Ոչ միայն որովհետև ես առաջինի քաղաքացին եմ և երկրորդի բնակիչը, այլև որովհետև երկու երկրներն էլ ունեն որոշակի բարոյական պատասխանատվություն:

 

Իրար հաջորդող իսրայելյան կառավարությունները, սակայն, չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, որովհետև անհագնստացած են Թուրքիայի հետ իրենց դաշինքից: Կարող եմ պատկերացնել՝ ինչպես կարձագանքեին Իսրայելի վարչապետերը, եթե որևէ երկիր, ելնելով քաղաքական կամ ռազմավարական դաշինքից, չճանաչեր Հոլոքոսթը: Այս տարի Ցեղասպանության 100-րդ տարելիցին չկար համապատասխան արձագանք ո՛չ վարչապետ Բենջամին Նեթանյահուից, ո՛չ էլ ընդդիմության ղեկավար Իսահակ Հերցոգից:

 

Իսրայելը փրկող դեմքը Ռեուվեն Ռիվլինն է, որը պաշտոնապես ճանաչում էր Հայոց ցեղասպանությունը, երբ Քնեսեթի նախագահն էր: Դժբախտաբար, արդեն նախագահ Ռիվլինն անցյալ շաբաթ 1915-ի իրադարձությունների մասին խոսելիս գործածել էր «կոտորած» բառը: Սակայն այն բանից հետո, երբ Քնեսեթն իր պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի մայրաքաղաք Երևան էր ուղարկել իր պատվիրակությանը՝ մասնակցելու հիշատակման միջոցառումներին, մնում է հուսալ, որ Իսրայելը հավուր պատշաճի կճանաչի հայկական ողբերգությունը:

Իսրայելի նախագահ Ռիվլինի պես, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նույնպես ժամանակին Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովն էր: Դա իհարկե նախքան նա կդառնար աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչը: Արժե, իհարկե, հիշեցնել նրան 2008 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ իր հնչեցրած արտահայտությունները, որոնցում Օբաման պատմում էր՝ ինչպես էր քննադատում ԱՄՆ պետքարտուղարին այդ ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին «ցեղասպանություն» բառը գործածելու պատճառով աշխատանքից ազատելու համար:

 

Այս տարի որոշ լավ լուրեր են լսվում Բեռլինից, երբ գերմանական խորհրդարանն ու նախագահ Ջոաքիմ Գաուկը վերջապես հայ ժողովրդի ապրածը ճանաչեցին որպես «Völkermord (ցեղասպանություն)»: Սակայն Արտաքին գործերի նախարար Ֆրենք-Ուոլթեր Շտայնմայերը կողմ չէր դրան՝ վախենալով Թուրքիայի արձագանքից: Նա փորձում էր արդարանալ անմիտ մտահոգությամբ, որ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը «փոքրացնում են Հոլոքոսթը», չնայած որ հենց Գերմանիայի հրեաների կենտրոնական խորհուրդն էր կոչ արել կառավարությանը ճանաչել Ցեղասպանությունը:

 

Հարյուր տարի է անցել, և հայերը չեն ցանկանում վրեժխնդիր լինել թուրքերից: Հայաստանը խաղաղ երկիր է՝ շրջապատված բարդ հարևաններով, առանց ելքի դեպի ծով, հարավում՝ Իրանից, արևմուտքում՝ Թուրքիայից, արևելքից Ադրբեջանով շրջափակված: Դեպի Եվրոպա տանող միակ անվտանգ ճանապարհն անցնում է հյուսիսով՝ Վրաստանով: Իսրայելի պես երկրում բարձր է կաշառակերության մակարդակը, բնակչության մեծ մասն ավանդական է և ուղղափառ, մինչդեռ խոսքի ազատությունը երկրում կենդանի է պահում ժողովրդավարությունը:

 

Անցյալ շաբաթ Հայաստան այցելած ընկերս հաղորդում է, որ Հայաստանի երիտասարդները սիրում են պայքարել, շախմատ խաղալ, գինի խմել, ծխել և խոսել Աստծո և աշխարհի մասին: Նրանք չեն ձգտում փոխհատության Թուրքիայից, և իհարկե, ոչ մի վրեժ: Նրանք ընդամենը ուզում են իրենց նախնիների ապրածի ճանաչումը, որպեսզի պատմության այդ գլուխը փակվի, և սկսի ապաքինման գործընթացը: Որպես Հոլոքոսթից երկու փրկվածների թոռան՝ ինձ համար շատ պարզ և հասկանալի է, որ քաղաքականությունը պարտադիր պետք է խոչընդոտ հանդիսանա, սակայն աշխարհը պետք է սպառնա Թուրքիային և ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

Նույն շարքից