Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Խորհրդային Ադրբեջանի կազմում 70 տարիների ընթացքում Նախիջևանի ողջ հայ բնակչությունն իսպառ վերացել է. Արմեն Գևորգյան

analitik.am

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանի ընթացքում ունեցած ելույթում խոսել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, ինչպես նաև Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելու մասին: Գևորգյանը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը`մարդկության դեմ ուղղված հանցագործություն, որը հերքում են Եվրոպայի խորհրդի երկու անդամները՝ Թուրքիան և Ադրբեջանը:

«Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան «ժխտումն» անվանում է ցեղասպանության նույն հանցագործության վերջին փուլ: Կա մեկ այլ բան էլ, որ մեր օրերում Ադրբեջանը ժխտում է Թուրքիայի աջակցությամբ, այն է ՝ իրենց պատմական հայրենիքում ապրելու հայերի իրավունքը:

2020 թվականի աշնանը Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետությունում՝ Լեռնային Ղարաբաղում, հայ ժողովուրդը կանգնած է երկընտրանքի առաջ. կա'մ շարունակել ընթանալ իր անկախ զարգացման և
արժանապատիվ կյանքի ճանապարհով՝ պահպանելով ազգային ինքնությունը, կա'մ կրկնել մեր հայրենակիցների սարսափելի ճակատագիրը, ովքեր ժամանակին ապրել են ներկայումս Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևան անունով տարածաշրջանում:

Խորհրդային Ադրբեջանի կազմում 70 տարիների ընթացքում Նախիջևանի ողջ հայ բնակչությունն իսպառ վերացել է։ Նախիջևանի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունն ամբողջությամբ ոչնչացվել է։ Այժմ Ադրբեջանը փորձում է ստիպել արցախահայությանն արժանանալ նույն ճակատագրին»,- ընդգծել է Գևորգյանը:

Պատգամավորը կոչ է անում Եվրոպայի խորհրդին հստակ և խիստ ազդանշան ուղարկել ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին առ այն, որ միջազգային հանրությունը կշարունակի աջակցել հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքներին, որոնք սահմանված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից:

«Այդ սկզբունքներից մեկը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, բազմիցս խախտվել է և շարունակում է խախտվել այս օրերին։ Այդ իսկ պատճառով միջազգային հանրությունը չի կարող Արցախի հայ ժողովրդից պահանջել ապրել Ադրբեջանի տիրապետության ներքո, որը հայերի նկատմամբ էթնիկ զտումների պետական քաղաքականություն է իրականացնում։ Պետություն, որը երեք տասնամյակների ընթացքում նրանց դեմ երեք լայնածավալ պատերազմ է սանձազերծել։ Պետություն, որը փորձում է վերաշարադրել տարածաշրջանի
պատմությունը՝ ժխտելու համար հայկական ժառանգության և մշակույթի զուտ գոյությունը։ Եվ վերջապես՝ մի պետություն, որը չի ամաչում հրապարակայնորեն հայտարարել նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր տարածքային նկրտումների մասին»,- շեշտել է Գևորգյանը:

Պատգամավորը հավատում է, որ խաղաղությունը տարածաշրջանում այլընտրանք չունի:

«Երկարաժամկետ և կայուն խաղաղության համար անհրաժեշտ են փոխընդունելի լուծումներ: Մեր կազմակերպության համար կարևոր մարտահրավեր է սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մերժելու գործում գազի և նավթի դիմաց Եվրոպայի լուռ համաձայնությունն ապահովելու Ադրբեջանի ջանքերը»,- ասել է Գևորգյանը:

Պատգամավորը նաև անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի կողմից հայերին ուղղված «Գորշ գայլերի» ժեստի ցուցադրությանը:

«Նախօրեին շոկ էր տեսնել, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն, անձ, ով այս վեհաժողովի նախագահն է եղել երկու տարի, Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հետ հաղորդակցվում է հայտնի թուրք ազգայնական ահաբեկչական կազմակերպության ժեստերով: Նման պահվածքը պետք է անընդունելի լինի և դատապարտվի Եվրոպայի խորհրդի կողմից: Կոչ եմ անում Թուրքիայի ներկայացուցիչներին նույն ջանասիրությամբ լծվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործին»,- եզրափակել է Գևորգյանը:

Նույն շարքից