Գիտություն 

Երկրաշարժագիտություն երեխաների համար

analitik.am

Ողջ աշխարհով մեկ փորձում են պաշտպանվել բնության ահեղ երեւույթներից` երկրաշարժերից, ջրհեղեղներից, հրաբուխներից, փոթորիկներից, սողանքներից եւ այլն: Մեր մոլորակի վրա ամեն օր տեղի են ունենում երկրաշարժեր: Ողջ աշխարհով մեկ երկրաշարժավտանգ գոտու բնակչությունը սովորում է պաշտպանվել երկրաշարժերից` միավորելով հասարակության եւ պետության ջանքերը:

 

Ամեն օր, անկախ տարվա եղանակից, օրվա ժամից, մարդկանց պատրաստ կամ անպատրաստ լինելուց` դիմակայելու բնության այդ ահեղ երեւույթին, մոլորակի որեւէ հատվածում երկիրը ցնցվում, դղրդում, փորձում է ազատվել ներսում կուտակված լարվածություններից: Շատ ավելի հաճախ դրանք թույլ երկրաշարժեր են, այնքան թույլ, որ միայն շատ զգայուն սարքերով են գրանցվում: Այդ սարքերը կոչվում են սեյսմոգրաֆներ:

 Ամեն օր գրանցվում է այդպիսի հազարավոր երկրաշարժեր: Բայց տեղի են ունենում ոչ միայն թույլ, այլ նաեւ ուժեղ երկրաշարժեր, որոնք մի քանի ակնթարթում ավերակույտերի են վերածում ամեն ինչ` տասնյակ տարիներով խաթարելով կյանքի բնական ընթացքը, պատճառ դառնալով տասնյակ հազարավոր մարդկային զոհերի:

Երկրի ներսում տեղի ունեցող զանազան բնույթի հանկարծակի տեղաշարժերի հետեւանքով նրա կեղեւի տատանումները կոչվում են երկրաշարժեր:

 Երկրաշարժի առաջացման պատճառները կապված են երկրակեղեւի լիթոսֆերայի մեջ անընդհատ տեղի ունեցող երեւույթների հետ: Երկրակեղեւը շատ բարակ հաստություն ունի նրա շառավղի հետ համեմատած` մայրցամաքներում հասնում է մինչեւ 70 կմ-ի, իսկ օվկիանոսի տակ մինչեւ 5 կմ-ի: Լիթոսֆերային շերտը շատ պինդ է, բայց ոչ ամբողջական, նա բաժանված է մի քանի մեծ կտորների` սալերի:

 Սալերի չափերը հարյուրավոր կիլոմետրերից հասնում են հազարավոր կիլոմետրերի: Լիթոսֆերայի տակ` մանթիայում, ազդում են խորքային ուժեր, որոնք ստիպում են սալերին շատ դանդաղ շարժվել կամայական ուղղությամբ (տարեկան մինչեւ մի քանի սանտիմետր):

  Երկրաշարժերի 90% տեղի են ունենում Խաղաղ օվկյանոսյան գոտում, 5-6%-ը` Ալպ-Հիմալայան գոտում (Միջերկրական ծովից Եվրոպայի, Թուրքիայի, Հայաստանի, Իրանի վրայով մինչեւ Հնդկաստան) եւ մնացյալ 4-5% –ը տեղի է ունենում այլ վայրերում (միջօվկյանոսյան` միջին Ատլանտյան գոտի):

Բոլոր երկրաշարժավտանգ երկրներում կազմվում են երկրաշարժերի վտանգի գնահատման հատուկ քարտեզներ, որոնք պարբերաբար ենթարկվում են ճշտգրտման եւ կոչվում են սեյսմիկ շրջանացման քարտեզներ եւ հիմք են հանդիսանում տվյալ երկրի տարածքում երկրաշարժադիմացկուն շինարարություն իրականացնելու համար:

 Տարածության այն մասը, որտեղ սկսվում է բեկվածքի առաջացումը եւ որտեղից տարածվում են սկզբնական սեյսմիկական ալիքները, կոչվում է երկրաշարժի հիպոկենտրոն:

 Հիպոկենտրոնի ուղղահայաց պրոեկցիան երկրի մակերեւույթին կոչվում է էպիկենտրոն: Շրջապատող տարածության այն մասը, որից անջատվում է կուտակված լարումների (կամ դեֆորմացիաների) էներգիան, կոչվում է երկրաշարժի օջախ:

Երկրաշարժի կարեւորագույն բնութագրերից են նաեւ մագնիտուդը, ուժգնությունը եւ օջախի խորությունը:

Մագնիտուդը անմիջականորեն կապված է երկրաշարժի սեյսմիկ էներգիայի հետ, քանի որ հենց այդ էներգիան է երկրաշարժի օջախից ճառագայթվում սեյսմիկ ալիքների տեսքով, առաջացնելով գետնի տատանումներ:

Երկրաշարժի մագնիտուդը ըստ էության սեյսմագրամից ստացված գետնի մասնիկների շեղման չափն է, այլ խոսքով սեյսմիկական ալիքների ամպլիտուդը: Ինչքան ուժեղ է երկրաշարժը, այնքան մեծ է ալիքի ամպլիտուդը եւ համապատասխանաբար նրա մագնիտուդը:

Երկրաշարժի պատճառած վնասների աստիճանը կոչվում է երկրաշարժի ուժգնություն: Այն գնահատվում է հատուկ սանդղակների օգնությամբ:

Ուժգնությանը խիստ կախված է օջախի խորությունից, քանի որ միեւնույն մագնիտուդով, բայց տարբեր խորություններով երկու երկրաշարժեր պատճառում են տարբեր չափի վնասվածքներ:

Միեւնույն ուժգնության կետերը միացնող գծերը կոչվում են իզոսեյստեր: Իզոսեյստերի քարտեզը հարմար եղանակ է ցույց տալու երկրաշարժի տեղն ու էպիկենտրոնից տարբեր հեռավորությունների վրա նրա պատճառած վնասները:

Որպեսզի որոշեն երկրաշարժի ուժը, մասնագետները ամեն մի երկրաշարժին տալիս են գնահատական: Որքան ուժեղ է երկրաշարժը, այնքան բարձր է նրա գնահատականը: Ամենաբարձր գնահատականը դա 10-12 բալն է , 3-4 բալ գնահատված երկրաշարժը համարվում է թույլ: Միշտ չէ, որ երկրաշարժը լինում է ուժեղ, երբեմն հողը ցնցվում է աննշան, հազիվ նկատելի, եւ դա ոչ մի վտանգ չի ներկայացնում մարդկանց կյանքի համար:

Սովորաբար, ուժեղ երկրաշարժից առաջ տեղի են ունենում տարբեր փոփոխություններ` երկրի մակերեւույթի տեղաշարժեր, թեքումներ ու դեֆորմացիաներ, ջրհորներում եւ հորատանցքերում ջրի մակարդակի փոփոխությունները, սեյսմիկ ալիքների տարածման արագությունների փոփոխություններ, ստորգետնյա ջրերում ռադոնի, հելիումի եւ այլ քիմիակական տարրերի պարունակության փոփոխություններ, երկրամագնիսական, երկրաէլեկտրական եւ այլ երկրաֆիզիկական դաշտերի վարիացիաներ:

 Անհրաժեշտ գիտելիքներ երկրաշարժից պաշտպանվելու համար

 Բոլորս էլ պետք է քաջ գիտակցենք, որ մենք ապրում ենք սեյսմավտանգ գոտում եւ հետեւապես պետք է իմանանք երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները:

 Ինչպե՞ս նախապատրաստվել երկրաշարժին

 1. Գիտենալ տան, դպրոցի կամ աշխատավայրի ամենաանվտանգ տեղերը, ուր կարելի է պատսպարվել ցնցումների ժամանակ:

2. Նախապես որոշել շենքից դուրս գալու եւ դեպի բաց տարածություն հեռանալու կարճ եւ ամենաանվտանգ ուղին: Պայմանավորվել ընտանիքի անդամների հետ (եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք տարբեր տեղերում) հանդիպման տեղի մասին:

 3. Տանը` մուտքի մոտ, պահել առաջին անհրաժեշտության իրերով պայուսակ:

 Պայուսակի մեջ պետք է լինեն`

ա. առաջին օգնության դեղարկղիկ(դեղորայք, վիրակապական նյութեր).

բ. մարտկոցով ռադիոընդունիչ եւ գրպանի լապտեր.

գ. կարեւոր փաստաթղթեր եւ տաք հաուստ.

դ. պահածոյացված սնունդ եւ խմելու ջրով լի տարա:

 4. Կահույքը, գրապահարաննեորը ու սարքերը հուսալիորեն ամրացրեք հատակին ու պատերին:

 5. Մահճակալները տեղադրեք կրող պատի մոտ` պատուհաններից հեռու: Չի կարելի մահճակալի վերեւում կախել գրադարակներ, ծանր շրջանակներով նկարներ:

 Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ

 

1. Խուճապի չմատնվել, շենքի ստորին հարկերում գտնվելիս անհապաղ դուրս գալ եւ հեռանալ բաց տարածություն:

 2. Եթե գտնվում եք շենքի երրորդ եւ ավելի բարձր հարկերում, դուրս մի եկեք շենքից, այլ պատսպարվեք նրա ապահով մասերում, քանի որ երկրաշարժի տեւողությունը փոքր է եւ չեք հասցնի շենքից դուրս գալ: Բացի այդ, շատ շենքերի թույլ մասերից են սանդուղքները եւ սանդղահարթակները:

Վերին հարկերում (երկրորդից բարձր) գտնվելիս կամ ստորին հարկերից դուրս չգալու դեպքում պատսպարվել ապահով տեղերում` հեռու մնալով արտաքին պատերից եւ պատուհաններից:

Ընկնող բեկորներից կարելի է պաշտպանվել մտնելով սեղանների, մահճակալների տակ:

 3. Եթե արթնացել եք ստորգետնյա ցնցումներից, ոչ մի դեպքում չօգտվեք էլեկտրականությունից, չօգտագործեք լուցքի կամ գազայրիչ (գազատարը կարող է վնասված լինել):

 4. Օգտվեք միայն գրպանի լապտերից (հնարավոր հրդեհներից խուսափելու համար), հագնվելու վրա ավելորդ ժամանակ չկորցնելով` վերցնել անհրաժեշտ իրերով պայուսակը, փաստաթղթերը եւ գործել իրավիճակին համապատասխան:

 5. Փողոցում գտնվելիս հեռանալ շենքերից եւ էլեկտրահաղորդալարերից դեպի բաց տարածություն:

 6. Ցնցումների ժամանակ դրսում գտնվելիս չմտնել շենք որեւէ մեկին օգնելու համար, այլ սպասել մինչեւ ցնցումների ավարտը:

 7. Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք մեքենայում, ապա պետք է դանդաղեցնել ավտոմեքենայի ընթացքը եւ կանգ առնել համեմատաբար բաց տարածությունում, իսկ տրանսպորտում գտնվելիս խնդրել վարորդին կանգնեցնել մեքենան բարձրահարկերից հեռու եւ մնալ տեղում մինչեւ ցնցումների ավարտը:

 8. Եթե փոշի է բարձրացել եւ կա շնչահեղձ լինելու վտանգ, հագուստով ծածկել շնչառական ուղիները` որպես դիմակ:

 Ինչպե՞ս վարվել երկրաշարժից հետ

1.Փլատակներում գտնվելիս պետք չէ հուսահատվել, հնարավորությունների սահմնաններում հարկավոր է տեղափոխվել անվտանգ տեղ, կարիքի դեպքում` ցույց տալ բուժօգնություն: Պետք է ջանալ կապ հաստատել(գոռալ, հարվածել հնչեղ առարկաներով) հարեւան փլատակներում եւ դրսում գտնվողների հետ:

2. Փլատակում գտնվելու առաջին օրերին չհայտնաբերվելու դեպքում պետք չէ խուճապի մատնվել. անհրաժեշտ է խնայել ուժերը` ավելորդ շարժումներ չանել, սննդի առկայության դեպքում պաշարը բաժանել մի քանի մասի եւ խնայողաբար օգտագործել այն:

3. Եթե ծարավ եք, իսկ վնասված ջրատար խողովակներից մոտակայքում հողը թաց է եւ առաջացել են ջրափոսեր, ձեր հագուստից կտրեք մի կտոր եւ դրա միջոցով խմեք: Բերանում փոքր եւ ողորկ քար պահելը նույնպես մեղմացնում է ծարավի զգացումը:

4. Պետք է հիշել, որ ձեզ որոնում են եւ կփրկեն:

5. Հիմնական ցնցումից հետո լինում են ուժեղ հետցնցումներ, որոնց հավանականությունը մեծ է առաջին րոպեներին: Ուստի, եթե դրսում եք, մի շտապեք շենք մտնել որեւէ մեկին օգնելու կամ թանկարժեք իրերը փրկելու նպատակով:

6. Պահարանների եւ խորդանոցների դռները բացելիս զգույշ եղեք, որպեսզի ձեր վրա չընկնեն ծանր արարկաներ, կամ աչքերը փոշի չլցվի:

7. Հետեւեք ռադիոյով տրվող հաղորդագրություններին եւ ցուցումներին:

 

Սկզբնաղբյուրը՝nssp-gov.am

Նույն շարքից