Տնտեսություն 

Կկազմակերպվեն ընթացիկ տարվա խաղողի և պտուղբանջարեղենի մթերումների գործընթացները

analitik.am

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝  ընթացիկ տարվա խաղողի և պտուղբանջարեղենի մթերումների գործընթացները կազմակերպելու համար: Ըստ հիմնավորման, Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգով՝  2021 թ. 9 կազմակերպության տրամադրվել է շուրջ 5.4 մլրդ դրամի բյուջետային երաշխիք, որից՝ խաղող մթերող 7 կազմակերպության՝ 4.1 մլրդ դրամի չափով՝ 2 տարի մարման ժամկետով և պտուղբանջարեղեն մթերող 2 կազմակերպության 1.3 մլրդ դրամի չափով՝ 1 տարի մարման ժամկետով։ Բյուջետային երաշխիքի գործիքի կիրառումը հնարավորություն է տվել լրացուցիչ վարկային միջոցների ներգրավման արդյունքում ապահովելու 2021 թ. գյուղատնտեսական հումքի, մասնավորապես՝ խաղողի մթերումների գործընթացը։

Առաջարկվող փոփոխություններով և լրացումներով նախատեսվում է, մասնավորապես, վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին խաղողի մթերումների (գնումների) ուղղության համար բյուջետային երաշխիքները կտրամադրվեն առավելագույնը մինչև երկու տարի երեք ամիս մարման ժամկետով: Բացի խաղողից, այլ գյուղատնտեսական հումքի մթերումների համար յուրաքանչյուր վարկառուին բյուջետային երաշխիքները կտրամադրվեն առավելագույնը մինչև մեկ տարի երեք ամիս մարման ժամկետով: Յուրաքանչյուր շահառուին և իր հետ փոխկապակցված կազմակերպություններին 2021 թ. տրամադրված և 2022 թ. տրամադրվող բյուջետային երաշխիքների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 4.0 մլրդ դրամը:  2022 թ. բյուջետային երաշխիքը կարող է տրամադրվել միայն ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերից վարկային միջոցներ ներգրավող շահառուներին:

Բյուջետային երաշխիքների հիման վրա վճարման պահանջ կարող է ներկայացվել վարկի գծով 90 օր և ավելի ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում, մինչև բյուջետային երաշխիքի ժամկետի լրանալը՝ 2024 թ. հունվարի 15-ից հետո: Այն դեպքում, երբ 2022 թ. տրամադրվող բյուջետային երաշխիքի շրջանակում շահառուի կողմից ստանձնած վարկային պարտավորությունների չկատարման արդյունքում ֆինանսական կառույցի կողմից գրավադրված գույքի նկատմամբ իրականացվում է իրացման գործողություն, ապա գույքի իրացման արդյունքում առաջացող գումարի ֆինանսական կառույցի կողմից հատկացված վարկի գծով գոյացած պարտավորությունների ծավալի գերազանցող մասն ուղղվում է վարկի բյուջետային երաշխիքով ապահովված մասի մարմանը:  Որոշմամբ, 2022 թ. տրամադրվող բյուջետային երաշխիքների մարման ժամկետներն առաջարկվում է ավելացնել սահմանված  ժամկետներից 3 ամսով ավելի, քան 2021 թ. տրամադրված բյուջետային երաշխիքների մարման ժամկետները, հաշվի առնելով, որ բյուջետային երաշխիքների հիման վրա վճարման պահանջ կարող է ներկայացվել վարկի գծով 90 օր և ավելի ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում, հետևաբար ֆինանսական կառույցը բյուջետային երաշխիքի մարման ժամկետ պետք է սահմանի որոշմամբ սահմանված առավելագույն ժամկետներից առնվազն 90 օր պակաս ժամկետով։

Արդյունքում վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում գյուղատնտեսական հումքի մթերող և վերամշակող կազմակերպություններին հնարավորություն կտա ներգրավելու լրացուցիչ վարկային միջոցներ և կազմակերպելու ընթացիկ տարվա գյուղատնտեսական հումքի մթերումների գործընթացը։

Ինպես նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան, այս տարի ներդրվել է  մթերման պայմանագրերի նախօրոք կնքման մեխանիզմ: «Մայիսի 31-ին, ավարտվել է պտուղբանջարեղենի համար պայմանագրերի կնքման վերջնաժամկետը: Մեր ակնկալված արդյունքն այս պահի դրությամբ առկա է՝ 1354 գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել է բերքի գնման  1500   պայմանագիր, որի համաձայն պետք է մթերվի 81,6 հազար տոննա պտուղբանջարեղեն՝ 12 մլրդ դրամ ընդհանուր գումարով: Սա, ըստ էության, ապահովելու է ընդհանուր ծավալի կեսը: Այս գործիքը մենք ժամանակի հետ կուժեղացնենք և այնպես կանենք, որ մթերողների և գյուղմթերք աճեցնողների միջև հարաբերությունները դառնան ավելի երկարաժամկետ, ավելի վստահելի, որպեսզի երկու կողմերն էլ ունենան ավելի լավ կանխատեսելու և պլանավորելու հորիզոն: Հուլիսի 1-ը նաև վերջնաժամկետ է խաղողի մթերման պայմանագրերի կնքման համար, և, օգտվելով առիթից, կոչ եմ անում  գյուղացիներին և մթերողներին մինչև հուլիսի 1-ը կնքել բոլոր մթերման պայմանագրերը»,-ասել է նախարարը: Վահան Քերոբյանը նշել է նաև, որ նախարարությունը պատրաստ է աջակցել մթերման պայմանագրեր կնքելու հետ կապված խնդիրներ  ունեցող գյուղացիական տնտեսություններին, ինչպես նաև նպաստել  պայմանագրերի կետերը չկատարելու հետ կապված խնդիրների հարթմանը:

Նիկոլ Փաշինյանը մտահոգիչ է համարել այն հանգամանքը, որ ամբողջ ծավալի համար չեն կնքվել պայյմանագրերը և հանձնարարել է  առկա խնդիրների լուծման համար գտնել մեխանիզմներ. «Այսինքն՝ կան նաև տնտեսվարողներ, որոնք գյուղացիների շրջանում ավելի մեծ վստահություն ունեն, և բոլորն ուզում են նրանց հետ  պայմանագրեր կնքել: Ստացվում է, որ մի տեղ հերթեր են, իսկ  գործարանը, արտադրողը,  պարզ է,  մթերելու սահմանափակ քանակ ունի, անսահմանափակ չի կարող մթերել: Իսկ մյուսն էլ սահմանաչափին չի մոտեցել: Կա նաև հողամասերից մոտիկ լինելու խնդիրը, որովհետև, բնականաբար, գյուղացիները կուզենան հնարավորինս մոտ մթերումն իրականացնել: Ամեն դեպքում, կարծում եմ, որ, առաջին հերթին մարզպետներն այս փուլում պետք է շատ ուշադիր լինեն: Լավ կլինի, որ մարզպետարանները և կառավարության համապատասխան գերատեսչությունները հնարավորինս շատ  ինֆորմացիա հավաքեն այն մասին, թե ինչ է տեղի ունենում, որպեսզի փոփոխությունը ֆորմալ չլինի, այլ, իրոք բովանդակային կարողանանք խնդիրը լուծել», -ասել է կառավարության ղեկավարը:

Նույն շարքից