Ռազմական 

Պաշպանության նախարարության նախաձեռնած հրաձգության դասընթացներին ստացվել է մասնակցության շուրջ 1500 հայտ. Տեսանյութ

analitik.am

ՀՀ պատպանության նախարարության նախաձեռնած հրաձգության դասընթացներին մասնակցելու գործընթացում բավական ակտիվություն է գրանցվել։ Մասնակցության հայտերի ընդունման ժամանակահատվածը նախատեսված էր հոկտեմբերի 17-30-ը ներառյալ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը տեղեկացրեց, որ մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 1500 քաղաքացի, որից 1300-ը իգական, իսկ 200-ն՝ արական սեռի ներկայացուցիչներ են։ Հրաձգության դասընթացները նախատեսված են զինվորական ծառայություն չանցած քաղքացիների համար։ Մեկնարկային փուլը տրվում է Երևանում։

«Մասնակիցների աշխատանքային հնարավոր զբաղվածությունը հաշվի առնելով՝ նախատեսում ենք հրաձգության դասընթացներն անցկացնել շաբաթ և կիրակի օրերին։ Հրաձգության առաջին դասընթացը կանցկացվի նոյեմբերի 5-ին։ ՊՆ-ի տրանսպորտային միջոցներով մասնակիցները կենտրոնական հավաքակայանից կտեղափոխվեն հրաձգարան։ Նրանք ապահովված կլինեն սննդով։ Ասեմ, որ ստեղծված են լինելու բոլոր հարմարությունները»,-ասաց Արամ Թորոսյանը։

Պաշտպանության նախարարությունը ներկայում իրականացնում է խմբերի բաշխում։ Պատասխանատուները վստահեցնում են, որ բոլոր գրանցվածները դասընթացներին մասնակցելու հնարավորություն են ունենալու։

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարն ընդգծեց, որ դասընթացն անցկացնելու են փորձառու զինվորականները։ Բուն դասընթացը բաղկացած է լինելու մի քանի մասերից՝զենքի կառուցվածք, մարտավարատեխնիկական բնութագրի ուսումնասիրում, նշանառության, զենքի օգտագործման, անվտանգության կանոնների ուսուցում, պահեստատուփերի լիցքավորում և լիցքաթափում, զենքի քանդում և հավաքում, կրակային դիրքի զբաղեցում, հրաձգության գործնական պարապմունք։ Կանցկացվեն նաև առաջին բուժօգնության դասընթացներ։Նախատեսված է խրախուսել լավագույն արդյունքներ գրանցողներին։

Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը նկատեց, որ նախարարությունը քաղաքացիներից բազմաթիվ նամակներ, զանգեր ու առաջարկներ է ստացել նման դասընթացներ անցկացնելու համար։ Հրաձգության դասընթացներն այս փուլում կանցկացվեն Երևանում, այնուհետև նախառեսված է դասընթացներ անցկացնել մարզերում։ Ըստ Արամ Թորոսյանի՝շատ հավանական է, որ նման դասընթացները կրեն պարբերական բնույթ։

Նույն շարքից