Բարի օր Քաղաքականություն 

Տարօրինակ հուղարկավորություն Երևանի քաղաքապետարանի մոտ՝ Տիգրան Ավինյանի քթի տակ

analitik.am

Եվս մի քանի օր և Երևանն ամբողջ աշխարհի հետ կթևակոխի 2023 թվականի ամառ: Երևանի իշխանությունները՝ հանձինս քաղապետի տեղակալ ու ինքնահռչակ քաղաքապետ Տիգրան Ավինյանի, հավանաբար գիտեն այդ մասին, սակայն դա իմանալը չի ստիպում մայրաքաղաքի իշխանություններին վերջ տալ դեռևս ձմռան ամիսներին առաջացած փողոցային փոսերին:

Ճանապարհների փոսերը, սխալ ձևով սարքած «լյուկերը», որտեղ պատահի, ինչ բարձրությամբ պատահի առաջացած «պառկած միլիցիաները», քանդած ու կրծքի կաթի սպասող երեխայի նման վերանորոգման սպասող փողոցներն իսկական գլխացավանք են դարձել վարորդների համար:

Վարորդները շատ հաճախ, խուսափելով այս կամ այն անդունդում հայտնվելուց, վթարային իրավիճակներ են ստեղծում, վթարվում են, լավագույն դեպքում հայտնվում փոսում, ջորդուփշուր անում մեքենան, ընկնում ծախսի տակ, իսկ այդ ծախսերը Տիգրան Ավինյանն իր հարուստ գրպանից չի անում:

Վերջերս էլ սոցկայքերում տեսանյութ է հրապարակվել այն մասին, թե ինչպես է նման վարորդներից մեկը հետաքրքիր հուղարկավորություն կազմակերպել Երևանի քաղաքապետարանի մոտ՝ «հողին հանձնելով» իր ավտոմեքենայի շիթը:

Եթե Տիգրան Ավինյանն այս տեմպերով շարունակի, չի բացառվում, որ Երևանի քաղաքապետարանին կից շուտով թաղման բյուրո բացվի, կամ քաղաքապետարանը վերածեն մի մեծ թաղման բյուրոյի, որը կզբաղվի ավտոմեքենաների շիթերի, անվադողերի, շառավոյի, ամորտիզատորի հուղարկավորությամբ:

Չնայած այս հեռանկարով Ավինյանին չես վախեցնի, քանի որ նա սովոր է ամեն ինչից փող քամել ու չի բացառվում, որ այս դեպքում էլ նա դա վերածի փողաբեր բիզնեսի՝ թանկ տեղեր վաճառելով, շիրմաքարեր սարքելով: Առավել ևս, որ Ավինյանն արդեն մեծ թվով մարդկային մահերի, դիակների սովոր է, եթե հաշվի առնենք այն, որ հենց նա էր Հայաստանում պարետ կարգվել կորոնավիրուսի ժամանակ և հենց նա պետք է համակարգեր վարակի դեմ պայքարը, սակայն տապալեց այդ պայքարը, ինչը հանգեցրեց հազարավոր մահերի:

Մի փոքր հուշում տղաներին. փոսի վրա կարմիր բանտիկ կապեք` Տիգրան Ավինյանը հաստատ կգա, կկտրի, ու, մարդ ես, մեկ էլ տեսար այդ առիթով փոսը լցվի՝ սպասելով հաջորդ անձրևին, որ նորից գոյանա։

Նույն շարքից