Բարի օր Քաղաքականություն 

Ընդդիմությունն իրոք վաստակել է Նիկոլ Փաշինյանի գովասանքը

analitik.am

Պատերազմից հետո խորհրդարանական ընտրություններին մասնակցելով ու դրանով պատերազմում Նիկոլ Փաշինյանի կապիտուլյացիան լեգիտիմացնելով խորհրդանական ընդդիմությունը Չեխիայից ստացավ շնորհակալական ու գովեստի խոսքեր, ինչի համար էլ հավանաբար հենց մասնակցեց ընտրություններին:

Իսկ գովեստի խոսքեր ասողը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, ով ծիծաղելով հայտարարեց, որ խորհրդարանում կառուցողական մթնոլորտ է, ընդդիմադիրները լսում են իր ուղերձները, այնինչ անցած տարի ինչ-որ բաներ էին շպրտում:

Խորհրդարանական կոմֆորտ զոնայում հայտնված ընդդիմադիրներն իրավամբ արժանի են կառավարության ղեկավարի գովասանքին, քանի որ հենց իրենք կարող ուժերին զրկեցին հետագայում Նիկոլ Փաշինյանի կապիտուլյացիան վիճարկելու հնարավորությունից, հենց իրենք արեցին այնպես, որ Նիկոլ Փաշինյանն ավելի հանգիստ ապրի:

Փաստացի այստեղ երկու կողմերն էլ շահեցին ու տուժեց ժողովուրդը: Եթե Նիկոլ Փաշինյանը ստացավ իր գործողությունների, այդ թվում՝ կապիտուլյացիայի լեգիտիմացում, ընդդիմադիրները ստացան նյութական բարիքներ:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի գովասանքի խոսքերը կարելի է վերագրել նաև այլ քաղաքական ուժերին, որոնք անտեր թողեցին ժողովրդին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է՝ օրինակ ԲՀԿ-ին, որի ղեկավարն այսօր զբաղված է բացառապես բիզնեսով: Ինչպես երևում է, Նիկոլ Փաշինյանին հաջողվեց անել այն, ինչը չարեց Սերժ Սարգսյանը. նա փակեց Գագիկ Ծառուկյանի քաղաքական էջը, Ծառուկյանն էլ, որ երկար տարիներ խորհրդարանի երկրորդ ուժն էր, անտեր թողեց իր ընտրազանգվածին: Նիկոլ Փաշինյանի գովեստի խոսքերը կարող են վերաբերել նաև Արթուր Վանեցյանին, ով Հայաստանում իշխանափոխությունից հետո երկար ժամանակ աշխատեց, ընկերություն արեց Փաշինյանի հետ, ապա ընդդիմադիրի կեցվածքով մտավ խորհրդարան, իսկ հետո նախընտրեց հրաժարվել բոլոր տեսակի պատասխանատվություններից՝ ինչպես որպես իշխանություն, այնպես էլ որպես ընդդիմություն: Խորհրդարանական ընտրություններին մասնակցած ու Նիկոլ Փաշինյանի տապալումները, անհաջողությունները, կապիտուլյացիան, Արցախի կորուստը, Հայաստանի անվտանգության կորուստը լեգիտիմացրած ուժերի քայլերի արդյունքում այսօր հայ մարդը հիասթափված է բոլորից ու ամեն ինչից:

Արդյունքում ոչ արդարացի հիասթափություն կա նաև նրանցից, ովքեր ունակ են բեկում մտցնել իրավիճակում: Ոչ միայն ունակ են, այլ նաև պատրաստ են: Սակայն հայտնի ընդդիմադիրները գրավել են ընդդիմադիր դաշտը, խանդոտ ամուսնու նման այնտեղ որևէ մեկին չեն ուզում տեսնել: Այդ ուժերը հասան նրան, որ քաղաքացիներին որևէ քաղաքական հարց չի հետաքրքրում, տիրում է կատարյալ ապատիա, որի պայմաններում իշխանությունն ու ընդդիմությունը վայելում են բարիքները՝ ի հաշիվ հենց քաղաքացու ու պետության:

Նույն շարքից