Բարի օր Քաղաքականություն 

Միայն Վահագն Ալեքսանյանն է նեղվա՞ծ Մանե Թանդիլյանի պաստառներից

analitik.am

Չնայած այն հանգամանքին, որ Հրաչյա Սարգսյանի հեռանալուց հետո Երևանը քաղաքապետ չունի, մայրաքաղաքում ավագանու արտահերթ ընտրություններ, ամենայն հավանականությամբ, տեղի չեն ունենա ու 4 ամիս անց քաղաքացիները կմասնակցեն հերթական ընտրություններին:

Այդպես ուզում են իշխանությունները: Քաղաքական դաշտում քիչ թե շատ ազդեցություն ունեցող ուժերը դեռ խուսափում են խոսել ընտրություններին իրենց մասնակցությունից, ու հաղթելու շանս ունեցողներից թերևս միայն երկուսն են բացահայտել մասնակցության վերաբերյալ իրենց խաղաքարտերը՝ «Ապրելու երկիր»-ն ու իշխող ուժը, որի թեկնածուն հենց Տիգրան Ավինյանն է, ում համար աշխատում են ոչ միայն իշխանությունները:

Հետևաբար, «Ապրելու երկիր» կուսակցությունը մնացել է իշխանության կոկորդին, քանի որ շատերի հետ ստացվել է պայմանավորվել, սակայն Մանե Թանդիլյանի հետ տարբերակ չունեն, հետևաբար մնում է նրա դեմ աջուձախ պատվերներ տալն՝ օգտագործելով նաև ընդդիմադիր որոշ ԶԼՄ-ներին, և ԱԺ-ում բողոքելը, թե հերիք չի վերջինս ունի մրցակցային առավելություն, մի հատ էլ օգտագործում է դա:

Օրերս Ազգային ժողովում հետաքրքիր դրվագ տեղի ունեցավ. խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, պատասխանելով հարցին՝ արդյոք «Քաղաքացիական պայմանագիր»-ը որոշում ունի ընտրությունների հերթական կամ արտահերթ լինելու վերաբերյալ, չգիտես, թե ինչու սկսեց խոսել «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի պաստառների մասին՝ հայտարարելով, որ դրանք շատ են ու շատ մեծ են: Փաստորեն, Ալեքսանյանը նեղվել է այդ պաստառներից։

Դրական է, իհարկե, որ վերջապես քաղաքական դաշտում հայտնվում է մի ուժ, որից ՔՊ-ականներն իրոք նեղվում են, բայց տարօրինակ է, թե ինչու դրանից ընդդիմադիրները չեն ուրախանում: Ի վերջո, եթե նրանք իրոք ցանկանում են ազատվել Նիկոլ Փաշինյանից, ապա շատ լավ առիթ է ստեղծվել համախմբվելու համար «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուի շուրջ՝ աջակցելով նրան Երևանի ավագանու ընտրություններում, առավել ևս, որ անհասկանալի պատճառներով նրանք չեն ցանկանում մասնակցել այդ ընտրություններին և փորձը ցույց է տվել, որ միասնական թեկնածու ընտրելու հետ էլ խնդիր ունեն:

Այստեղ առաջանում է հարց, եթե չեն մասնակցելու, ապա իրենց հետևորդներն ու համակիրներն ո՞ւմ են ձայն տալու, կա՞ երաշխիք, որ հենց ՔՊ թեկնածուին չեն տալու իրենց ձայները: Մյուս կողմից էլ գուցե Մանե Թանդիլյանի պաստառներից և մրցակցային առավելություններից ԱԺ-ում միայն ՔՊ-ականները չէ, որ նեղվում են:

Այդուհանդերձ, կարող ենք արձանագրել, որ Երևանի ավագանու ընտրություններում արդեն իսկ պարզ է, թե ով ունի մրցակացային առավելություն, և դրական է, որ ՔՊ-ն փրփուրներից կախվելուց բացի, այլ բան չի կարող անել այս պարագայում:

Նույն շարքից