Գիտություն 

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությամբ ՀՀ կրթական ոլորտում փոփոխությունները չեն բացառվում. Աշոտյան

analitik.am

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությամբ ՀՀ կրթական ոլորտում փոփոխությունները չեն բացառվում, բայց Ռուսաստանի օրինակով հանրակրթության 12 տարին 11 դարձնելու նպատակահարմարություն բացարձակ չկա: Այս մասին վստահեցրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ի պատասխան Tert.am-ի հարցի, թե հնարավոր է արդյոք, որ Հայաստանն այդ հարցում ևս հետևի Ռուսաստանի օրինակին:

«Հայաստանն անցավ 12-ամյա կրթությանը 2005թ.-ին։ Շատ երկար ճանապարհ ենք անցել և շատ մոտ ենք այդ համակարգի կայացմանը, ուստի նպատակահարմար չենք համարի հանրակրթության ժամանակահատվածի երկարության փոփոխությունը»,-ասաց նա:

Նախարարի խոսքով՝ ինչպես 11-ամյա կրթությունը, որն այսօր կա ՌԴ-ում, այնպես էլ 12-ամյա կրթությունը Հայաստանում երկու երկրներում փոխճանաչված են, և հետագայում կրթությունը շարունակելու հետ կապված որևէ խնդիր ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Հայաստանի դպրոցների շրջանավարտները երկու երկրներում չունեն. «Ուստի 11-ամյա կրթության նպատակահարմարություն այստեղ ևս բացարձակապես չկա»:

Արմեն Աշոտյանը նաև նշեց, թե որքանով ինքն է ծանոթ Ռուսաստանի կրթության բարեփոխումների պատմությունը, այնտեղ ևս մինչև 11-ամյա համակարգն անցել էին 12-ամյա կրթության, բայց հետո որոշեցին, որ 11-ով պետք է բավարարվեն: «Մենք գնացինք մի քայլ առաջ և անցանք 12-ամյա կրթության, և հիմա շատ մոտ ենք բարեփոխումների վերջնական ավարտին: Ուստի նպատակահարմար չենք համարում որևէ հետ քայլ, մանավանդ, որ դա չի խանգարում ատեստատային ճանաչմանը, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի դպրոցների շրջանավարտներին բուհեր դիմել-ընդունվելու հարցում»,- ասաց նա:

Իսկ թե ոլորտում ինչ այլ փոփոխություններ են սպասվում ՄՄ-ին անդամակցելու համատեքստում, ԿԳ նախարարը նշեց, որ ՄՄ-ն, որպես ընդհանուր տնտեսական տարածք, ենթադրում է նաև մարդկային կապիտալի ազատ տեղաշարժ, և այդ ամենը հնարավոր չի պատկերացնել առանց կրթության ոլորտում համապատասխան իրավական լուծումների:

Ինչ վերաբերում է Բոլոնիայի գործընթացին, ապա Հայաստանը, Ռուսաստանը և Ղազախստանը համարվում են Բոլոնիայի գործընթացի անդամ երկրներ, և ինչպես Արմեն Աշոտյանը նկատեց, Բելառուսը երկու անգամ դիմել և մերժվել է, բայց նորից պատրաստվում է դիմել։ Այսինքն՝ այդ չորս երկրները Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մաս են կազմում, ինչպես նաև ԱՊՀ կրթական պայմանագրերով փոխկապակցված են:

«Եվրոպական փորձը մեզ համար շատ կարևոր է, որովհետև Հայաստանը ոչ միայն անդամ է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի, այլ նաև 2012-2015 թվականը ԵԲԿՏ քարտուղար երկիր է և կոորդինացնում է բարեփոխումները ողջ եվրոպական տարածքում, ուստի այդ փորձը պիտանի, կարևոր և արդյունավետ է»,- ասաց նախարարը և ավելացրեց, որ այդ փորձը կարող է կիրառվել ՄՄ անդամ երկրների միջև լրացուցիչ կրթական ծրագրերի և ընդհանուր նախագծերի համար:

Նույն շարքից