Մատուռի մոտ տապրակով թողնված նորածին տղային գյուղի շները քաշելով հասցրել են գյուղացիներից մեկի տան հետնամաս, որտեղ էլ գտել են նրան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Ներքի Գետաշեն գյուղի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ, նորածին երեխա է հայտնաբերվել դեղին պոլիէթիլենային տոպրակի մեջ։ Ոստիկաններն անմիջապես ահազանգել են Մարտունու բժշկական կենտրոն։ Բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել երեխային և տեղափոխել հիվանդանոց։ Ըստ տեղեկությունների` երեխան ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
«Դեպքը մոտավորապես 10։30-ին է եղել, բնակչուհին շների ոռնոց է լսել, դուրս է եկել տնից, իր տան բակի հետնամասում հավաքված շատ շներ է տեսել, հեռացրել այդ հատվածից, հետո ձայն է լսել, դեղին տոպրակը տեսել։ Մտածել է` կենդանի է երևի ներսում, մոտեցել է ու երեխային գտել։ Գրկել, տուն է տարել, հետո ոստիկանություն ենք զանգել», - հայտնեց Զուլոյանը։
Այն հատվածը, որտեղ գտնվել է երեխան, մատուռից 70-80 մետր հեռավորության վրա է։ Ենթադրում են, որ երեխային թողել են մատուռում, այնտեղից արդեն շները քաշելով գյուղացու տան մոտ են հասցրել։ Գյուղապետի խոսքով` շները նորածին տղային չեն վնասել, միայն տոպրակն է քաշելուց մի քիչ պատառոտվել։
«Երեխան եղել է սպիտակեղենի մեջ փաթաթված։ 1 կգ 900 գրամ էր կշռում, երբ տեղափոխեցինք հիվանդանոց։ Բժիշկներն ասացին` մի 5-6 ժամ առաջ է լույս աշխարհ եկել»,– ասաց Զուլոյանը։
Նրա խոսքով` ոստիկանները հարցաքննություններ են իրականացրել ամբողջ թաղամասում։ Ինքը ենթադրում է, որ երեխային հարևան գյուղերից են բերել, քանի որ մատուռը հայտնի է տարածաշրջանում։