Բարի օր Հասարակություն 

Տիգրան Ավինյանը օրենքով կատարվող հատկացումները որպես լավություն վաճառում է քաղաքացիների վրա

analitik.am

«Ապրելու երկիր» կուսակցությունը բացառում է իշխող ՔՊ-ի հետ որևէ համագործակցություն, եթե հաղթի Երևանի ավագանու ընտրություններում: Սա կուսակցության համար կարմիր գիծ է: Ավելին՝ այս կուսակցությունը ցանկանում է, որ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերն իրենց վերաբերմունքը հայտնեն այս հարցի վերաբերյալ․ ասեն՝ արդյո՞ք պատրաստվում են համագործակցել ՔՊ-ի հետ, թե՝ ոչ:

Այս հարցին Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանն անդրադարձավ նաև սեպտեմբերի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այն կոնտեքստում, թե հաղթելու դեպքում ինչպես են պատրաստվում կառավարել Երևանի բյուջեն, քանի որ կառավարության հետ աշխատանքում խնդիրներ են առաջանալու:

Խոսելով մասնավորապես կառավարության կողմից Երևանին տրվող գումարների մասին՝ Թանդիլյանն ասաց, որ որոշ մասը պետական հատկացումներ են, սակայն այդ բոլորը կարգավորվում է օրենքներով, կառավարությունը չի կարող չկատարել օրենքով սահմանված իր պարտավորությունները: Երբ խոսվում է պատվիրակված լիազորությունների մասին, որոնք Երևանի բյուջեի մոտ 40 տոկոսն են կազմում, ապա պետք է իմանալ, որ դրանք լիազորություններ են, որոնք բյուջետային համակարգի մասին օրենքով են նախատեսված: Կառավարությունը պարտավոր է պատվիրակել լիազորություններ համայնքներին, այդ թվում՝ Երևանին, դրա համար իրականացնել հատկացումներ: Սա բարի կամքի դրսևորում չէ, ժեստ չէ, սա օրենքով սահմնված կարգ է: Հետևաբար, կառավարությունը չի կարող չկատարել դա:

Պարզ ասած՝ ՀՀ կառավարությունը պարտավոր է այս կամ այն հարցը լուծելու համար գումար հատկացնել Երևան համայնքին: Դա ոչ թե նրա ցանկությունն է, այլ՝ պարտավորությունը: Ու առհասարակ կարևոր չէ, թե ով է Երևանի քաղաքապետը՝ իշխանության ներկայացուցիչ է, թե՝ ոչ: Անկախ ամեն ինչից՝ կառավարությունը պետք է կատարի օրենքի պահանջը: Սա կարևոր է արձանագրել՝ հասկանալու համար, թե ինչ խաղ է խաղում ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանը՝ մոլորեցնելով ՀՀ քաղաքացիներին, մասնավորապես՝ երևանցիներին:

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Տիգրան Ավինյանի փոխքաղաքապետության, իսկ փաստացի՝ քաղաքապետության օրոք կառավարությունը 10 միլիարդ դրամ է հատկացրել Երևանի քաղաքապետարանին այս կամ այն խնդիրը լուծելու համար: Սա կառավարությունը ներկայացնում է որպես լավություն, իսկ Տիգրան Ավինյանը՝ որպես իր լավ աշխատանքի արդյունք:

ՔՊ-ի թեկնածուն պնդում է, որ նախկին քաղաքապետերը, մասնավորապես՝ Հայկ Մարությանը, գումար չեն ուզել, ծրագիր չեն ունեցել, իսկ ահա ինքն, իբր, այնքան շատ է մտածում Երևանի մասին, այնքան շատ ծրագրեր ունի, որ դիմում է կառավարությանը, կառավարությունն էլ հատկացնում է այդ գումարը: Իսկ ճշմարտությունն այն է, որ կառավարությունը պարտավոր է հատկացնել գումար: Թե որքան կկազմի այդ գումարը, հարցի մյուս կողմն է:

Տիգրան Ավինյանը զուր ջանքեր է գործադրում՝ փորձելով օրենքով կատարվողը որպես լավություն վաճառել քաղաքացիներին: Իհարկե, նրա մոտ որոշ դեպքերում դա հաջողվում է՝ հաշվի առնելով այն, որ քաղաքացիների մի մեծ մաս օրենքի մասին չգիտի: Բայց այս դեպքում ինքն իրեն հարց պետք է տա, թե որքան ազնիվ է իր ու երևանցու նկատմամբ: Չնայած, ինչպե՞ս կարող է ազնվության մասին մտածել մի մարդ, ով քարոզարշավի ողջ ընթացքում իր հետ ման է տալիս քաղաքապետարանի պաշտոնյաներին, վարչական շրջանների ղեկավարներին, կարգադրություններ տալիս, ինչի իրավունքը չունի:

Ասվածի վառ ապացույցն այն է, որ այս օրերին քարոզարշավին ամենաշատ հնչող անունը Սոնա անունն է: Իսկ Սոնան Ավինյանին օգնականն է, ում վերջինս անընդհատ կանչում է իր մոտ ու ստիպում նշումներ անել այս կամ այն խնդրի վերաբերյալ՝ ձևացնելով, թե ավելի ուշ լուծելու են դրանք:

Նույն շարքից