Հասարակություն 

Երևանի քաղաքապետի խորհրդականն անդրադարձել է տրանսպորտը կոլապսի բերելու` լրատվամիջոցի «ռազմավարական ծրագրին»

analitik.am

Երևանի քաղաքապետի խորհրդական Ալիկ Գևորգյանը թարմացնում է բոլոր նրանց հիշողությունը, ովքեր, Գևորգյանի բնութագրմամբ,  ուղեվարձի բարձրացման դեմ պայքարի թոհ ու բոհի մեջ մոռացել են որոշ մանրամասներ` կապված ԶԼՄ-ների` խնդրի մասին մեկնաբանությունների հետ: Գևորգյանը պարզաբանում է ներկայացրել էլեկտրոնային լրատվամիջոցի հրապարակման վերաբերյալ: «Ուղեվարձի բարձրացման դեմ պայքարի, քաոսի և մասնավորապես հասարակական տրանսպորտի կոլապսի միտքն ամբողջ ամռան ընթացքում թևածում էր «սրտացավ ակտիվիստների» բառապաշարում: Առիթը բաց չէր թողնվում պարբերաբար հայտարարելու ոլորտը կոլապսի հասցնելու մասին։ Այդ ամենն արվում էր բացեիբաց: Նույն հայտարարողներն այսօր, ոլորտների մեջ տարբերակում չդնելով, շարունակում են իրենց «գործը»։ Ըստ երևույթին` նշվածների կողմից տրանսպորտի ոլորտը կոլապսի հասցնելու ծրագրի պլանավորման փուլն ավարտվել է: Արդեն կետ առ կետ հանրությանն են ներկայացնում գործողությունների մշակված ծրագիրը` չխորշելով անգամ այնպիսի զազրելի սցենարներից, որոնք հիվանդագին երևակայությամբ հասնում են մինչև անմարդկային ոճրագործությունների և ազգամիջյան սրացումների աստիճանի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Գևորգյանը:

Նրա դիտարկմամբ` ամեն ինչ ավելի քան տեսանելի է ու պարզ, սակայն անհասկանալի է, թե ինչու է այս ամենը վերագրվում պետությանն ու մասնավորապես Երևանի քաղաքապետարանին այն պարագայում, երբ արդեն ամիսներ շարունակ հենց քաղաքապետարանի կողմից է հիմնավորվում ոլորտը հնարավորինս կանոնակարգելու անհրաժեշտությունը։ «Ցանկացած պայքար պետք է ունենա իր գաղափարական հենքը և միտումնավոր, մտացածին հորիվնվածքներն ու սուտը որևէ համախմբող արդյունքի չեն կարող հասցնել։ Մեր «սրտացավ ակտիվիստների» մոտ այդպես էլ շարունակում է արդիական մնալ որքան վատ` այնքան լավ սկզբունքը: Այդ համատեքստում  նրանք անընդհատ ավելացնում են վատի կանխազգացողության խիստ վնասակար պաշարը»,-նշել է նա:

Նոյեմբերի 22-ին էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը մանրակրկիտ և պատկերավոր  ներկայացրել էր մայրաքաղաքում հասարակական տրանսպորտը կոլապսի բերելու «ռազմավարական ծրագիրը»։ Ալիկ Գևորգյանի համոզմամբ` այն ներկայացրել է ժամանակագրական առումով հստակ հերթականությամբ, բաշխված դերերով, անգամ երկոսություններ ու պատճառաբանվող բառեր ներկայացնելով։

Նույն շարքից