Հայկական կողմը հետաքրքրված չէ հայ-իրանական շատ ավելի խորը հարաբերություններով. Ալի Սալամի. «168...

Հայկական կողմը հետաքրքրված չէ հայ-իրանական շատ ավելի խորը հարաբերություններով. Ալի Սալամի. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Կարեն Կարապետյանի Իրան կատարած այցի ընթացքում քննարկված թեմաները գրեթե նույնն էին, ինչ վերջին նախագահական եւ վարչապետական այցերի ընթացքում: Կողմերը դեռ փորձում են իրագործել այն բազան, որը սկսել են Իրանի՝ պատժամիջոցներից ձերբազատվելուց հետո:

Ամենալուրջ ծրագիրը գազի փոխանակման ծրագիրն է, ազատ առեւտրի գոտիները եւ «Հյուսիս-Հարավ» ծրագիրը: Պատժամիջոցների վերացումից հետո հայ-իրանական հարաբերությունների քաղաքական եւ տնտեսական օրակարգն ընդլայնվել է, սակայն սա եւս չի համապատասխանում այդ հարաբերությունների ողջ ներուժին, քանի որ պատժամիջոցները վերջնականապես չեն լքել Իրանը, ավելին, ԱՄՆ նոր նախագահը Իրանին սպառնում է նոր պատժամիջոցներով»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին է ասել իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Իրան կատարած երկօրյա պաշտոնական այցին:

Իր հերթին՝ մեկ այլ իրանցի վերլուծաբան՝ Ալի Սալամին, նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված չէ հայ-իրանական շատ ավելի խորը հարաբերություններով, որը ձգվում է Պարսից ծոցից մինչեւ Սեւ ծով: Ըստ նրա, կան արտաքին խոչընդոտներ՝ ի դեմս Ռուսաստանի եւ Հայաստանի ԵՏՄ անդամակցության:

Նրա խոսքով՝ իրանցիները եւս ունեն իրենց դերակատարությունն այս հարցում: Ըստ նրա՝ քանի դեռ Իրանը եւ Հայաստանն ազատ չեն իրենց արտաքին հարաբերություններում, այս հարաբերությունների մեծ բացը պահպանվելու է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում