Ռազմական 

BICC-ի ռազմականացման համաշխարհային ինդեքսում Հայաստանը զբաղեցրել է 3-րդ տեղը, Ադրբեջանը՝ 10-րդ

analitik.am

Բոննի փոխարկման միջազգային կենտրոնը (BICC) հրապարակել է «Ռազմականացման համաշխարհային ինդեքս-2014» (Global Militarization Index 2014) զեկույցը, որի համաձայն առաջատար եռյակում է Հայաստանը՝ Իսրայելից և Սինգապուրից հետո։

Ռազմականացման բարձր մակարդակով երկրների տասնյակում հաջորդում են Սիրիան, Ռուսաստանը, Կիպրոսը, Հարավային Կորեան, Հորդանանը, Հունաստանը և Ադրբեջանը: Այսպիսով՝ տասնյակից երեքը տեղակայված են Միջին Արևելքում, երկուսը՝ Արևելյան Ասիայում, մնացյալ հինգը՝ Արևմտյան և Արևելյան Եվրոպայում: Այս երկրներում ռազմականացման բարձր մակարդակը զենքի գնումների մեծ ծավալների արդյունք է:

Հարևան Իրանը 30-րդ հորիզոնականում է, իսկ Վրաստանը՝ 47-րդ հորիզոնականում։

Փաստաթղթի հեղինակները վարկանիշային աղյուսակը կազմելիս առաջնորդվել են հետևյալ չափորոշիչներով՝ ռազմական ոլորտում կատարած ծախսերը՝ ՀՆԱ-ի հետ տոկոսային հարաբերակցությամբ, երկրում ծանր սպառազինությունների թիվը և այլն։

Ինչպես նշված է կենտրոնի հաղորդագրության մեջ, Հայաստանն ու Ադրբեջանը ցուցադրում են ռազմականացման շատ բարձր մակարդակ և անցած տարիների ընթացքում ավելացրել են իրենց ռազմական ծախսերը: Այս երկու երկրներում ռազմականացման բարձր մակարդակը, այնուամենայնիվ, հարկավոր է դիտել ամբողջական համատեքստում: Ինդեքսում հինգերորդ տեղը զբաղեցրած Ռուսաստանը զենք է մատակարարում երկու պետություններին էլ:

Նախորդ տարի մեր երկիրը հայտնվել էր 4-րդ հորիզոնականում։

«Ռազմականացման համաշխարհային ինդեքս-2014»-ը հիմնված է 2013 թվականի տվյալների վրա և ներառում է 152 պետություն: Բոննի փոխարկման միջազգային կենտրոնի «Ռազմականացման համաշխարհային ինդեքս»-ի ստեղծմանն աջակցում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունը:

Նույն շարքից