Գլխավոր Հասարակություն 

Ներառական կրթությունը կարևոր է ոչ միայն հաշմանդամություն ունեցող, այլ նաև մյուս երեխաների համար

analitik.am

Այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում հյուրընկալված «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հիմնադիր Սուսաննա Թադևոսյանը խոսեց ՀՀ-ում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների մասին: Նա նշեց, որ Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ հաշմանդամությունն այստեղ ընկալում են որպես հիվանդություն: Դրա համար էլ հաշմանդամություն ունեցող երեխաներին փորձում են «բուժել», փոխանակ նրանց համար հարմարավետ պայմաններ եւ հնարավորություններ ստեղծեն:

Նա նաև կրթության ոլորտում առկա որոշակի խնդիրներին անդրադարձավ. «Կրթության ոլորտում ևս որոշակի խնդիրներ կան, բայց ներառական կրթության ներմուծմամբ Հայաստանը հսկայական քայլ է արել դեպի առաջ: Այլ հարց է, որ հաշմանդամություն ունեցող որոշ երեխաներ կրթություն չեն ստանում, որովհետեւ նրանց ծնողները չեն զբաղվում նրանցով, չեն փորձում նրանց տեղավորել դպրոցում կամ էլ ուղղակի թաքցնում են հասարակությունից: Ես անձամբ կողմ եմ, որպեսզի նման ծնողները պատասխանատվության ենթարկվեն»:

Ըստ Սուսաննա Թադևոսյանի, սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց հանդեպ հասարակության վերաբերմունքը վերջին տարիներին նկատելիորեն փոխվել է, բայց մարդկանց մեծամասնությունը դեռ կարծում է, որ հաշմանդամություն ունեցող մարդը միայն օգնության և պաշտպանության կարիք ունի, դրա համար էլ շատերը նրան չեն ընկալում որպես հասարակության լիիրավ անդամ: Տեղափոխման հետ կապված հարցերն էլ Երևանում շատ ավելի լավ վիճակում են, քան մարզերում:

Տիկին Թադևոսյանը խոսեց նաև Երևանի Սմբատ Բյուրատի անվան համար 125 հիմնական դպրոցում տեղի ունեցած դեպքի մասին՝ հաշմանդամություն ունեցող երեխային տնօրենը հրաժարվել էր ընդունել: Նա նշեց, որ տնօրենն ընդամենը մտավախություն է ունեցել, որ ընդունելով՝ դպրոցը չունի այն կարողությունը, որ կարողանա երեխայի կրթությունը կազմակերպել.

«Խոսել եմ տարբեր կողմերի հետ՝ ծնողի, դպրոցի տնօրենի, նաև դպրոցի՝ վերապատրաստում անցած մասնագետների հետ: Ցավոք, ես խնդիրը տեսնում եմ դպրոցի հատուկ մասնագիտական խմբի մեջ, որը այսպես ասած, նախնական դիտարկում է արել երեխային և իր եզրակացությամբ մտահոգել է տնօրենին: Ես խոսեցի վերապատրաստողների հետ ևս, և ինձ համար խնդիրն ավելի պարզ դարձավ, երբ իրենք ասացին, որ միանշանակ բավականին թույլ հատուկ մասնագիտական խումբ ունի, որ մասնագետներն իրենք իսկ շատ գաղափարներ ընդունող չեն և չունեն այդ կարողությունները և ակտիվ մասնակցություն չեն ունեցել վերապատրաստումներին, ձևական են մասնակցել»:

Սուսաննա Թադևոսյանը նաև նշեց, որ մինչև 2022 թվականը հնարավոր կլինի հասնել ամբողջ հանրակրթական համակարգում ներառական կրթության ներդրմանը: Նրա խոսքով, ներառական կրթության ներդրումից հետո բավականին առաջընթաց կա ինչպես հաշմանդամություն ունեցող երեխաների մոտ, այնպես էլ մյուս երեխաների մոտ. «Երեխաներն արդեն մանկուց սովորում են հոգ տանել միմյանց մասին, բարի և մարդասեր լինել: Ավագ սերնդի որոշ ներկայացուցիչներ դեռ շարունակում են հաշմանդամություն ունեցող մարդկանց ընդունել որպես հիվանդ, այս մոտեցումը պետք է դուրս գա հասարակության գիտակցության միջից»:

Նույն շարքից