Առողջապահություն 

ԱՆ-ն՝ «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի «Իմն էլ, քոնն էլ` իմն է» ռեպորտաժում բարձրացված հարցերի մասի

analitik.am

Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգում համավճարը ներդրվել է 2011 թվականին՝ անհետաձգելի և գինեկոլոգիական բուժօգնության, իսկ 2012-ի հոկտեմբերից՝ նաև ուռուցքաբանական, արյունաբանական և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բուժօգնության ծրագրերում: Համավճարի ներդրման գլխավոր նպատակը քաղաքացիների բժշկական օգնության որակի և մատչելիության բարելավումն է՝ բուժանձնակազմի աշխատավարձերի աճի ապահովման և բժշկական կազմակերպությունների ֆինանսական կառավարման արդյունավետության բարձրացման միջոցով: Նշենք, որ բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված քաղաքացիներն ազատված են համավճարից։ Միաժամանակ՝ ցածր վճարունակություն ունեցող, սակայն այդ խմբերում չընդգրկված քաղաքացիների համար ևս որոշակի հնարավորություն է ընձեռվել։ Բժշկական կազմակերպություններին իրավունք է տրված հանձնաժողովային կարգով քննարկել նրանց դիմումները և ստացված եկամուտների 20 տոկոսի սահմաններում ազատել համավճարից կամ կիրառել զեղչեր:

 

Նպատակ հետապնդելով բարձրացնել բուժօգնության որակը, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել են համավճարից և վճարովի ծառայություններից ստացվող եկամուտներից բուժանձնակազմի վարձատրման չափորոշիչները, ինչի արդյունքում համավճարի ներդրումից հետո էականորեն բարձրացել է ինչպես բժիշկների, այնպես էլ միջին բուժանձնակազմի միջին աշխատավարձը: Նաև զգալիորեն կրճատվել են հիվանդանոցներում քաղաքացիների կողմից կատարվող ոչ պաշտոնական վճարումները և այդ առթիվ ստացվող դժգոհությունները:

 

Համավճարի ներդրման, դրա արդյունքում վճարովի ծառայությունների գների կանոնակարգման և ՀՀ առողջապահության նախարարության կողմից ձեռնարկված համալիր այլ միջոցառումների արդյունքում 2011-2013 թվականների ընթացքում պետական պատվեր կատարող բժշկական կազմակերպությունների կողմից վճարովի հիմունքներով և համավճարով մատուցված ծառայությունների ծավալը կազմել է. 2011 թվականին՝ 19.1 մլրդ դրամ, 2012 թվականին՝ 24.5 մլրդ. դրամ, 2013 թվականին՝ շուրջ 31.0 մլրդ դրամ (այսպիսով՝ տարեկան աճը կազմել է ոչ թե մոտ 2 տոկոս, ինչպես նշվում է ռեպորտաժում, այլ միջինը 25-30 տոկոս): Ընդ որում՝ բուն համավճարից ստացված եկամուտները կազմել են դրանց ընդհանուր ծավալի ընդամենը 5 տոկոսը: Այսպիսով ակնհայտ է, որ համավճարի ներդրումը ոչ թե առաջին հերթին ֆինանսական նպատակներ է հետապնդում, այլև ուղղված է քաղաքացի-բուժհիմնարկ և հիվանդ-բժիշկ հարաբերությունների կանոնակարգման միջոցով բժշկական օգնության որակի և մատչելիության բարելավմանը: 


Հաշվի առնելով, որ համավճարի ներդրման արդյունքում արձանագրվել է վճարովի ծառայությունների գների կանոնակարգում և որպես հետևանք՝ դրանց որոշակի աճ, դա կարող էր նաև առաջ բերել բնակչության շրջանում որոշ դժգոհություններ։ Հատկապես ցածր վճարունակությամբ այն քաղաքացիների շրջանում, ովքեր ընդգրկված չեն սոցիալապես անապահով խմբերում և չեն օգտվում պետական պատվերից, ինչպես նաև չեն ազատվում համավճարից: Նշված դեպքերում կիրառվում է համավճարից ազատելու կամ համավճարը զեղչելու վերը նշված մեխանիզմը: Դժգոհության մեկ այլ առիթ կարող է հանդիսանալ հիվանդանոցում պաշտոնական վճարումներ կատարելուց հետո ոչ պաշտոնական վճարումները կամ դեղորայքի ձեռքբերման համար լրացուցիչ գումարներ ծախսելը, որը, ինչպես նշվեց, առանձին դեպքերում դեռևս կարող է հանդիպել: Այդ երևույթների դեմ պայքարելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակաբար աշխատանքներ է իրականացնում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնության կարգի վերաբերյալ քաղաքացիների իրազեկվածության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ: Առողջապահության նախարարության Թեժ գծով ստացված ահազանգերի վիճակագրությունը, ինչպես նաև բուժհիմնարկներում իրականացված տարբեր հարցումները վկայում են, որ համավճարների ներդրումից հետո էականորեն կրճատվել են ոչ պաշտոնական վճարներ պահանջելու դեպքերի հետ կապված բողոքները։ Իսկ նման յուրաքանչյուր դեպք դառնում է հատուկ ուսումնասիրության առարկա՝ օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմամբ:

Ինչ վերաբերվում է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում վճարովի հիմունքներով բուժօգնություն ստացած (ըստ լրագրողի ներկայացրած տեղեկատվության՝ 2-րդ խմբի հաշմանդամ հանդիսացող) Հերմինե Բաբայանի դեպքին, ապա այդ կապակցությամբ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի կողմից ներկայացված գրավոր բացատրության, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության կողմից տեղում իրականացված փաստերի ճշտման արդյունքում պարզվել է, որ քաղաքացին «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ է դիմել առանց ուղեգրի և հաշմանդամության խումբը հաստատող փաստաթղթի, ինչը պարտադիր պայման է պետության կողմից անվճար բուժօգնության մատուցման համար: Հ. Բաբայանը 29.05.2014թ. արտահիվանդանոցային (ամբուլատոր) պայմաններում բուժում է ստացել «ծնոտ-լեզվային ակոսի թարախակույտի» կապակցությամբ, որի համար կատարվել է փոքր վիրաբուժական միջամտություն՝ «թքածորանի թարախակույտի հեռացում»: Ըստ հաստատված գնացուցակի դրամարկղ է վճարվել տվյալ միջամտության համար գնացուցակով սահմանված 15,000 դրամ, ինչպես նաև պրոֆեսորի խորհրդատվության համար լրացուցիչ 10,000 դրամ (գործողությունը կատարվել է դիմա-ծնոտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Յուրի Պողոսյանի կողմից): Ըստ գործող կարգի՝ արտահիվանդանոցային պայմաններում կատարված բուժումը անվճար է տվյալ բնակչին սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում, իսկ հիվանդանոցային պայմաններում պետական պատվերի շրջանակներում բուժօգնություն ստանալու համար սոցիալապես անապահով անձանց խմբերում ընդգրկված քաղաքացիները պետք է ներկայացնեն համապատասխան ուղեգիր և սոցիալական կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, ինչը տվյալ դեպքում բացակայել է: 

 

Անընդունելի ենք համարում բուժօգնության կազմակերպման, բժշկական ծառայությունների որակի ապահովման խնդիրների քննարկումը թաքնված տեսախցիկով, ինչը իրավական հետևանքներ չի կարող ունենալ։ ՀՀ առողջապահության նախարարությունը կողմնակից է իրական փաստերի բաց ու թափանցիկ քննարկումների, որոնք կարող են նպաստել առկա խնդիրների վերհանմանն ու դրանց լուծմանը։

Նույն շարքից