Տիրը հայ դիցարանի իմաստության, ուսման, քրմական գիտությունների հովանավորման, ճակատագրի կանխանշման եւ գուշակման աստվածն է՝ Որմիզդ-Արամազդի գրիչը կամ քարտուղարը, միջնորդ երագույն աստծո եւ մարդկանց միջեւ՝ համադրված հունական Ապոլոնին եւ Հերմեսին: Անունն ունի իրանական ծագում: Նոր պարսկական ավանդության մեջ Տիր է կոչվում Փայլածու մոլորակը, արեգակնային տոմարի 4-րդ ամիսը, ամսվա 13-րդ օրը: Այդ օրը Տրէ ձեւով նաեւ հայկական տոմարի 4-րդ ամիսն է:
Հայոց Տիր աստծո պաշտամունքատեղին գտնվում էր հին Արտաշատի մոտ՝ ճանապարհի վրա եւ կոչվում էր քրմական գիտության դպիր, Որմիզդ-Արամազդի գրիչ Տիր աստծո դիվան եւ ՙուսման ճարտարութեան մեհեան՚: Այսինքն՝ այն համարվել է ե՜ւ Արամազդի գրագիր քարտուղար Տիրի դիվանատունը, ե՜ւ թե միաժամանակ եղել է իմաստության եւ արվեստների ուսման դպրոց, ուր քրմերն ուսանում եւ ուսուցանում էին իրենց գիտությունն ու արվեստը: Քրմական իմաստությունների ու արվեստի մեջ էին մտնում ամենից առաջ գուշակությունները, հատկապես երազների մեկնությունը՝ երազահանությունը, որի պատճառով էլ Տիրի այդ պաշտամունքատեղին կոչվել է նաեւ ՙԵրազամոյն տեղիք՚ (երազալից, երազառատ տեղեր), իսկ Տիրը՝ ՙԵրազացոյց երազահան՚: Ըստ երեւույթին, այդտեղ ուխտի եկողները քրմերի միջոցով Տիր աստծուց ստանում էին իրենց տեսած երազների մեկնությունը: Նրա մեհյանը կառուցված էր Արտաշատից ոչ հեռու՝ ճանապարհի եզրին:
Հելլենիստական շրջանում Տիրը համադրվել է Ապոլոն եւ Հերմես աստվածներին, հավանաբար, վերջիններիս հատկություներին տիրապետելու համար: Ըստ երեւույթին, Ապոլոնի նման Տիրը եւս եղել է պատգամախոս մարգարե՝ գուշակ, արվեստների եւ իմաստության հովանավոր, բախտի կամ ճակատագրի առաջնորդ, նաեւ՝ մահվան ու սպանության ոգի: Նա հերմեսի նման երազների միջոցով աստվածների պատգամն է հաղորդել մարդկանց, միաժամանակ մեռնողների հոգիներին ուղեկցել անդրաշխարհ, եղել միջնորդ Արամազդի եւ մահկանացուների միջեւ: Տիրը հավանաբար գրել է նաեւ մարդկանց ճակատագիրը, գրանցել նրանց լավ ու վատ արարքները: Հետագայում նրա այդ կոչումն անջատվել է բուն Տիր դիցանունից րող ձեւով, կիրառվել առանձին, իբրեւ մարդկանց ճակատագիրը՝ աստվածային հրամանները գրանցող, նաեւ մահվան ու հիվանդության ոգի՝ հոգեառ, որն առել է մարդկանց հոգիները եւ ուղեկցել անդրշիրիմյան աշխարհ:
Տիր եւ րող ձեւերը դիցաբանական նույն կերպարն են՝ նրա տարբեր հատկանիշների արտացոլումները:
Հին հայերը ունեին բոլորովին ինքնատիպ երկու աստվածություն. դրանցից մեկն էր Ամանորը, որը նոր տարվա աստվածն էր: Նրան նվիրված էին ՙամենաբեր նոր պտղոց տոները՚1: Մյուսը հյուընկալության աստվածն էր՝ Վանատուրը, այսինքն՝ օթեւան տվողը: Այս երկու աստվածների տոնը նշվում էր նոր տարվա օրը. ՙպաշտէին յուրախութեան Նաւասարդ աւուր՚: