Հայաստան Քաղաքականություն 

ՌԴ-ն չպետք է գնար այդ քայլին, որի արդյունքում Ադրբեջանում 85%-ը ռուսական զենք է. Արման Նավասարդյան

analitik.am

ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն այսօր հրավիրված ասուլիսին տեսակետ հայտնեց, թե Հայաստանը Ռուսաստանի համար «ստրատեգիական դաշնակից է, իսկ Ադրբեջանը՝ սիտուացիոն հաճախորդ»: Ըստ դիվանագետի՝ այս միտումը տարածաշրջանում և աշխարհաքաղաքական խնդիրներում փոխվելու միտում չունի և երկար կշարունակվի:

«Բայց այդպիսի դիվիդենտներ Ռուսաստանը չի կարող ունենալ հողերը հանձնելու դեպքում, դա ոչինչ չի փոխի: Եթե դա կապվում է նրան, որ եթե օգնեցին, որ հողերը հանձնեն, Ադրբեջանը կդառնա ԵՏՄ անդամ, դա չի լինի, որովհետև Ադրբեջանն ինքը չի ուզում և երբեք չի մտնի ԵՏՄ։ Այդքանը նրանք հասկանում են, որ դա իրենց շահերից չի բխում»,-ասաց նա:

Թե ուրիշ ինչ կարող է տալ Ադրբեջանը, ըստ Նավասարդյանի, կարող է լինել Կասպյան ավազանը։ Սակայն Գաբալայից ռուսներն իրենք են հրաժարվել, որովհետև Արմավիրում ունեն դրանից ավելի հզոր ռադիոլոկացիոն կայան:

Ինչ վերաբերում է զենքի վաճառքին, ապա առանց այդ էլ ՌԴ-ն Ադրբեջանին զենք վաճառում է, որքան ցանկանում է, անկախ նրանից՝ մենք դա ուզում ենք, թե ոչ։

«Այնպես որ մեծ փոփոխություններ ռուս-ադրբեջանական հարաբերություններում չի լինի: Քաղաքական առումով ՌԴ-ն երբեք և երբեք չի միանա այնպիսի դաշինքների, ինչպիսին Ադրբեջանը և Թուրքիան կլինեն ու եռակողմ դաշինքների: ՌԴ-ի և Ադրբեջանի հարաբերությունները երբեք չեն եղել շատ բարձր մակարդակի և չեն էլ լինի, սա արդեն կենսափիլիսոփայական խնդիր է»,-ասաց նա:

Գալով Հայաստանի հետ հարաբերություններին, Նավասարդյանը  խոսեց զենքի վաճառքից, որը Հայաստանի համար ցավոտ հարց է: Ըստ նրա՝ ռուսական լուրջ մտածողները հիմա էլ ասում են, որ ի սկզբանե սխալ է եղել, և ՌԴ-ն չպետք  է գնար այդ քայլին, որի արդյունքում Ադրբեջանում 85%-ը ռուսական զենք է:

 

Արտակարգ և լիազոր դեսպանը նկատեց, թե ՌԴ-ն գնացել է այդ քայլին, և դա կարող է պայմանավորվել այն հանգամանքով, որ մեծ պետությունը վաճառում է զենք և կախման մեջ է  դնում այն երկրին, որին վաճառում է:

Նա խորհրդային կայսրության օրինակներից բերեց և նշեց, թե այդ երկիրն իրոք ընկնում է որոշ առումով կախվածության մեջ, քանի որ զենքի սպասարկման խնդիր է բացվում, ինչը մարդկային ռեսուրսի հետ է կապված, պահեստամասերի խնդիրը կա: Բայց, նրա խոսքով, այսօր ժամանակներն են այլ, որովհետև այդ զենքն օգտագործվում է ՀԱՊԿ անդամ երկրի դեմ, որի տարածքային ամբողջականության դեմ ագրեսիայի դեպքում հենց վաճառող երկիրը պետք է զորք մտցնի և ուստի ինքն իր զենքի դեմ կռվի:

Նույն շարքից