Առողջապահություն 

Հոգեկան առողջության խնդիրները ուշադրության կենտրոնում են

analitik.am

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մասնակցել է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի գործադիր վարչության և խորհրդի համատեղ նիստին, որը վարում էր ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը:  Մասնագիտական քննարկման առանցքում 2014 թվականի ապրիլի 14-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Հայաստանում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ. ռազմավարությունը» և դրա կատարումն  ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին նախատեսվող գործողություններն էին:

Նիստին մասնակցում էին նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության  հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը և  ԱՀԿ  եվրոպական տարածաշրջանի առողջապահական համակարգի և հանրային առողջության վարչության տնօրեն,  եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի դեղակայուն տուբերկուլոզի հարցերով հատուկ հանձնակատար Հանց Կլուգեն: Վերջինս տեղեկացրեց, որ հոգեկան առողջության ոլորտում համատեղ ծրագրեր մշակելու և իրականացնելու նպատակով աշնանը Հայաստան կժամանի ԱՀԿ մասնագետների խումբ:

Արմեն Մուրադյանը ողջունեց այն, որ ոլորտի պատասխանատուները բավական երկար  ժամանակ աշխատել են փաստաթղթի ստեղծման վրա, հաշվի առնելով, որ այլ երկրներում 10-15 տարի է պահանջվում հոգեկան առողջության պահպանման և բարելավման խնդիրները միայն քննարկելու համար, իսկ մեր երկրում պետական ու հասարակական հատվածի համատեղ ուժերով շատ արագ քննարկվել, մշակվել ու ընդունվել է այս կարևորագույն հայեցակարգը:

«Հոգեկան առողջության ոլորտում առկա է մասնագիտության ծերացում, այդ մասին են վկայում նաև պետության կողմից սահմանված թափուր մնացած տեղերը»,- նշեց նախարարը:

Նրա գնահատմամբ  կարևոր է նաև այն, որ առաջին անգամ  ռազմավարությունն ամրագրվել է ոչ թե որպես զուտ հոգեբուժական օգնություն, հիվանդաբուժություն, այլ հոգեկան առողջության պահպանման ծրագիր և առաջնային նպատակը հոգեկան առողջության խնդիրների կանխարգելումն է:

Հոգեկան առողջության ոլորտում առկա խնդիրների թվում մասնագետները նշեցին ֆինանսների սղությունը, կադրերի պակասը, չօգտագործվող տարածքները, անբավարար արտահիվանդանոցային և համայնքահեն ծառայությունները, որոնք կենտրոնացված են դեպի ստացիոնար, մասնավոր սեկտորի նվազագույն ընդգրկումը, ենթաօրենսդրական ակտերի անբավարարությունը:

«Երիտասարդ մասնագետի համար կատարած գործը պետք է գրավիչ լինի: Այս ոլորտի մասնագետների աշխատանքը մեծ հարգանքի է արժանի, քանի որ հաճախ այն մասնագիտական սխրանք է».- նկատեց Արմեն Մուրադյանը՝ որպես օրակարգային խնդիր մատնանշելով նաև հոգեբուժական կենտրոնների նյութատեխնիկական, շենքային  պայմանների  բարելավումը:

Գործադիր վարչության  և խորհրդի համատեղ նիստի մասնակիցները միակարծիք էին, որ շատ կարևոր է գործընկերների հետ համատե աշխատանքի շնորհիվ ձևավորվի այն գիտակցումը, որ որևէ մեկը ապահովագրված չէ հոգեկան խանգարում ունենալուց:

Հայաստանում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019թթ. նոր ռազմավարությամբ կարևորվում է հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող անձանց աջակցությունը համայնքային մակարդակում: Նախատեսվում է հոգեկան առողջության ոլորտում աշխատող մասնագետների պատրաստում, ովքեր առավելապես ներգրավված կլինեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տնային պայմաններում օժանդակելուն:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց Համաշխարհային և միջազգային կազմակերպությունների հետ  համագործակցությանը,

Հոկտեմբեր 10-ին`  Հոգեկան առողջության համաշխարհային օրվան ընդառաջ  նախատեսվող միջոցառումներին, ինչպես  նաև ֆինանսավորմանը, չափորոշիչների մշակմանը, մասնագիտական այլ օրակարգային հարցերին:

Հայկական հոգեբուժական ասոցիացիան (ՀՀԱ) կամավոր, անկախ, նյութական շահեր չհետապնդող հասարակական կազմակերպություն է։ 1999-ից Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի անդամ է

Նույն շարքից