Հիշում եմ և պահանջում 

Հայոց ցեղասպանության հերքումը խաթարում է երկարատև խաղաղության և անվտանգության հիմքերը. ԱՄՆ-ի կոնգրեսականների երկկուսակցական բանաձևը

analitik.am

Կոնգրեսականներ Ռոբերտ Դոլդը (հանրապետական), Ադամ Շիֆը (դեմոկրատ), Դևիդ Վալադոն (հանրապետական) և Ֆրենկ Փալոնեն (դեմոկրատ) Ներկայացուցիչների պալատի 40 անդամի հետ միասին չորեքշաբթի Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության մասին բանաձև են ներկայացրել ԱՄՆ Կոնգրեսում:



Ինչպես փոխանցում է Asbarez.com-ը`երկկուսակցական բանաձևը  կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` ջանք գործադրել  հայ-թուրքական արդար, կառուցողական և  երկարատև  հարաբերությունների ստեղծման ուղղությամբ, ինչը պետք է  հիմնված լինի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի և շարունակվող հետևանքների լիակատար ճանաչման վրա: Բանաձևը պետք է նաև հաստատի այս միջազգային հանցագործության արդար և համապարփակ փաստերի արձանագրումը:



«Հայոց ցեղասպանության հերքումը խաթարում է երկարատև խաղաղության և անվտանգության հիմքերը` հավանական դարձնելով հետագա վայրագությունները: Որպես մարդկային արժանապատվության մեծագույն ուժ աշխարհում` ԱՄՆ-ն պարտավորություն ունի միանշանակ ուղերձ հղելու, որ մենք երբեք չենք մոռանա բոլոր ընկածներին, ոչ էլ կհանդուրժենք, որ որևէ երկիր քողարկի մարդու իրավունքների կոպիտ խախտումները», - ասել է Ռոբերտ Դոլդը:



«Հարյուր տարի առաջ միլիոն ու կես հայ` կանայք, տղամարդիկ և երեխաներ, սպանվեցին 20-րդ դարի առաջին Ցեղասպանության ժամանակ. այս փաստերն անվիճելի են», - ընդգծել է Ադամ Շիֆը:

 

«Ցեղասպանությունից հարյուր տարի անց  կորստի և ցավի զգացողությունը դեռևս թարմ է, քանի որ շատերը մեր համայնքում ուղիղ կապ ունեն Ցեղասպանության զոհերից որևէ մեկի հետ», - իր ելույթում նշել է Դևիդ Վալադոն:



«Ճանաչելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը` մենք հիշատակում ենք այն մեկուկես միլիոն հայերին, որոնց կոտորեցին օսմանյան թուրքերը: Այժմ  ժամանակն է, որ ԱՄՆ-ի կառավարությունը բարոյական քայլ կատարի և   որպես Ցեղասպանություն ճանաչի տեղի ունեցած կոտորածները», - ընդգծել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն:

 

Բանաձի տեքստում, մասնավորապես, ասվում է.



«Կոչ անելով ԱՄՆ նախագահին` ջանք գործադրել  հայ-թուրքական արդար, կառուցողական և  երկարատև  հարաբերությունների ստեղծման ուղղությամբ` հիմնված Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի և շարունակվող հետևանքների լիակատար ճանաչման վրա և հաստատելով  մարդկության դեմ կատարված հանցագործության շուրջ միջազգային, արդար և համապարփակ բանաձևի ընդունումը,



հաշվի առնելով, որ  Օբամայի վարչակազմը 2009-ից ի վեր ձգտել է դիվանագիտական ջանքերով բարելավել հայ-թուրքական հարաբերությունները, վերացնել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը և նպաստել  Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Անկարայի մերժման վերջ դնելուն,

 

 

հաշվի առնելով, որ 2013-ի ապրիլի 24-ին նախագահ Բարաք Օբաման  հայտարարել էր. «փաստերի ամբողջական, ազնիվ և արդար ճանաչումը բխում է մեր բոլորի շահերից,



 

պետություններն ուժեղ են դառնում` ճանաչելով և հաշվի նստելով անցյալի ցավալի դեպքերի հետ` այդպիսով իսկ ավելի արդար և հանդուրժող ապագայի համար հիմքեր կառուցելով,



հաշվի առնելով, որ Թուրքիայի Հանրապետությունը ո՛չ թե ճանաչել  և հաշվի է նստել  անցյալի ցավալի դեպքերի հետ, այլ ընդլայնել է Հայոց ցեղասպանությունը ժխտող իր միջազգային քարոզարշավը, պահպանել է Հայաստանի շրջապակումը և մեծացրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող, արդարության ձգտող  փոքրաթիվ, բայց աճող  թուրքական քաղաքացիական շարժման վրա գործադրվող ճնշումը,



հաշվի առնելով, որ արձանագրված տվյալներով` ԱՄՆ-ի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` 1951-ի մայիսի 28-ին  Արդարադատության միջազգային դատարանին ուղղված գրավոր հայտարարությամբ` կապված «Ցեղասպանության հանցագործության պատժման և կանխման մասին կոնվենցիայի» հետ, ինչպես նաև՝ 1981-ի ապրիլի 22-ին նախագահ Ռոնալդ Ռեյգանի թիվ 4838 հռչակագրով, և Կոնգրեսի`  1975-ի ապրիլի 8-ին ընդունած 148 օրենքով և 1984-ի սեպտեմբերի 10-ին ընդունված  247 բանաձևով,



հաշվի առնելով, որ նախագահ Բարաք Օբաման իշխանությունն ստանձնել է`  հայտարարելով իր  «խորին համոզմունքը, որ Հայոց ցեղասպանությունը ոչ թե ենթադրություն է, անձնական կարծիք կամ տեսակետ, այլ պատմական ապացույցներով ամրապնդված  փաստ,  հաստատելով իր կոչը Թուրքիային` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և խոստանալով ճանաչել Հայոց ցեղասպանությունը` որպես նախագահ»,



հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի շահերը հայերի և թուրքերի միջև  երկարատև, կայուն, արդար և կառուցողական  հարաբերություններ հաստատելու գործում չեն կարող իմաստալից առաջխաղացում ունենալ` շրջանցելով կամ խուսափելով նյութապես լուծել  կենտրոնական քաղաքական, օրինական և բարոյական հարցը երկու երկրի միջև, Թուրքիայի կողմից  Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության ժխտումը,



որոշել ենք, որ Ներկյացուցիչների պալատը  կոչ է անում նախագահին՝ ջանքեր գործադրել հայ-թուրքական երկարատև, կայուն, արդար և կառուցողական  հարաբերություններ հաստատելու ուղղությամբ` հիմնված Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի և շարունակվող հետևանքների լիակատար ճանաչման և արդար և համապարփակ միջազգային բանաձևի ընդունման վրա:
 

Նույն շարքից