Բարի օր Մշակույթ 

Ընթերցանության ժամ. Սիլվիա Փլաթ

analitik.am
ԼՈՒՍԻՆԸ ԵՎ ԿԱՐՄՐԱԾԱՌԸ
Մեր մտքի լույսն է սա՝ պաղ, հանց մոլորակ,
Մտքի ծառերը սև են, լույսը՝ կապույտ:
Խոտը իր տիրությունը հեղում է ներբաններիս տակ,
ասես Աստված եմ ես,
կծում է ծունկս և մեղմ փսփսում:
Ծխակոլոր ու ոգեղեն մշուշը ճնշում է վայրը,
ուր իմ տարածքը միայն  տապանաքարով է նշված:
Հիմա չգիտեմ, թե ուր կարող եմ գնալ:
Լուսինը դարպաս չէ: Լուսինը իրական դեմք է:
Նման է սպիտակ բռունցքի՝ ճերմակ, սաստիկ վրդովված:
Իր հետևից տանում է ծովը ասես մութ ոճիր.
սակայն լուռ է՝
ինչպես օ տառը՝ բերանը բաց, ապշած, հուսաբեկ:
Ես բնակվում եմ այստեղ:
Ամեն կիրակի զանգերը երկու անգամ ցնցում,
ահագնացնում են երկինքը,
ուր հսկա լեզվակները հաստատում են Հարության խորհուրդը
և վերջին պահին ճչում իրենց անունը:
Կարմրածառը վեր է խոյանում:
Գոթական է կերպարը նրա:
Մեր հայացքը ակամա փնտրում է նրա սաղարթը
և լուսին գտնում խորքերում:
Լուսինն իմ մայրն է: Նա անուշիկ չէ Մայրամի նման:
Նրա կապույտ հագուստը փոքրիկ բվեր,
չղջիկներ է թռցնում երկինք:
Ձգտում եմ հավատալ՝ սրբապատկերը, մոմի լույսից վեհացած,
կթեքի երեսը, տխուր աչքերը կսևեռի միայն իմ վրա:
Ես վայր եմ ընկել այս խորքերը:
Ամպերը բողբոջում են կապտափայլ,
խորհրդավոր լուսատուների երեսին:
Սրբերը տաճարում լրիվ կապտագույն են,
նրանց նուրբ ոտքերը սահում են նստարանների վրա:
Բայց լուսինը՝ կույր, անտարբեր, ճաղատ է և անընտել.
Եվ կարմարծառը սևն է պատգամում, խավարն ու անդրրը չարագուշակ:
թարգմանությունը Արտեմ Հարությունյան

Նույն շարքից