Հոգեբանի անկյուն 

Ցեղասպանությունն ու զանգվածային սպանությունները հոգեբանական տեսանկյունից

analitik.am

Ժամանակակից բարոյականությունը, դատապարտելով բռնությունը, այնուամենայնիվ համակերպվում է դրա հետ, ինչպես անխուսափելի չարիքի, այն դեպքերում, երբ խոսքը գնում է մարդկանց անվտանգության ապահովման կամ հասարակության համար վտանգ ներկայացնողների նկատմամբ հարկադրանքներ կիրառելու մասին: 

Սակայն, քաղաքական բռնությունն առավել հաճախ կիրառվում է նրանց նկատմամբ, ովքեր բացարձակապես ոչնչում մեղավոր չեն, ովքեր դառնում են զոհեր այն պատճառով, որ պատկանում են այս կամ այն ազգային, կրոնական խմբին կամ էլ ուղղակի պատահաբար:

 Ցեղասպանությունը միայն բարբարոս ժամանակների սեփականությունը չէ: Զանգվածային սպանությունները 20-րդ դարի ընթացքում, որոնցում զոհերն ընտրվում էին էթնիկ և կրոնական հատկանիշներով, տեղի էին ունենում երկրագնդի տարբեր մասերում, այդ թվում` ավանդական ամուր օրենքներով և անհատականության նկատմամբ հարգալից վերաբերմունք դրսևորող երկրներում: Հայերի, քրդերի, հրեաների, կաթոլիկների սպանությունները…

 Զանգվածային սպանությունները և ցեղասպանությունը քաղաքական բռնության հատուկ տեսակ են: Ռեպրեսիաների և տեռորի այլ տեսակներից  դրանք տարբերվում են իրենց  մասշտաբներով (մասսայական ռեպրեսիաները քաղաքական հակառակորդների նկատմամբ կարող են նույնքան կյանք խլել), ինչպես նաև բռնության գործողություններին ոչ միայն իշխանական էլիտայի և պատժիչ օրգանների ներգրավվածությամբ, այլ նաև տվյալ տարածաշրջանի գրեթե ողջ բնակչության ներգրավվածությամբ: Ի տարբերություն բռնության այլ տեսակների, ցեղասպանությունը թվում է, թե կատարվում է հենց ժողովրդի կողմից: Ցեղասպանությունը նման է այլազգի կամ այլ կրոն դավանող փոքրամասնության նկատմամբ ընդվզման` կեղեքումներից և վիրավորվածությունից վրդովված ժողովրդի կողմից: Ցեղասպանությունը հանցագործություն է` բնորոշվող ոչ միայն մեծ թվով զոհերով, այլ նաև մեծ թվով հանցագործներով: Եվ քանի որ ցեղասպանությունն այդքան ահավոր է, անիմաստ ու այդքան հակասող մարդկային բարոյական նորմերին, հակվածություն կա մասսայական սպանություններն անվանել հիվանդ մարդկանց գործ, ամեն ինչ հանգեցնել մասսայական խանգարման, գիտակցության մթագման, ինչը հիմնովին սխալ կլիներ: Ցեղասպանության գործողություններին մասնակցողների մեծ մասը հոգեկան առողջ մարդիկ են:

 Ցեղասպանությունը կարող է բացատրվել տնտեսական կամ քաղաքական պատճառներով. խոշոր տնտեսական սուբյեկտների հետաքրքրությունների բախումով, էլիտաների պայքարով, ստեղծված հավասարակշռությունը խախտելու ձգտմամբ և այլն: Բայց մեզ հետաքրքրում է ցեղասպանության հոգեբանական կողմը: Ի՞նչն է դրդում մարդկանց` գնալ սպանության:

 Շատերը հակված են կարծելու, որ հանցագործ իշխանությունները կամ ծայրահեղական ամբոխավարները «շեղում են» հասարակությանը` «վարակելով» մարդկանց մոլագար և դաժան գաղափարներով: Սակայն ցեղասպանությունը դատարկ տեղում չի առաջանում: Այն բանի համար, որպեսզի լրիվ նորմալ և օրինավոր մարդիկ սկսեն սպանել այլ լեզվով խոսացող կամ այլ Աստծու աղոթող իրենց հարևաններին, որոնց հետ մինչ այդ, թեկուզ առանց մեծ համակարանքի, երկար տարիներ ապրել են, բավական չէ միայն նախագահական պալատում հանցագործի կամ մոլագարի հայտնվելը:

 Քաղաքական արենայում հանցագործներ ու արկածախնդիրներ միշտ էլ կան, և սպանության կամ բռնության կոչերն այս կամ այն ձևով գոյություն ունեն գրեթե յուրաքանչյուր երկրում, ամենուր կան ծայրահեղական կազմակերպություններ: Կարևոր է հասկանալ, թե երբ է սովորական մարդը դառնում զգայուն խելագար արյունային կոչերի նկատմամբ:

 Ձգտելով բացատրել ցեղասպանության երևույթը` ամերիկացի հոգեբան Իրվին Ստաուբը, մտցրեց «ծանր ժամանակներ» հասկացությունը, որը, իր կարծիքով, միշտ նախորդում է ցեղասպանությանը: Ծանր ժամանակները պարտադիր չէ, որ լինեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ամենադժվար կամ շատ դժվար ժամանակաշրջանները: Ծանր ժամանակները, դրանք դեպրեսիայի, անելանելիության, թշնամիներով շրջապատված լինելու, «իմ ազգի», «իմ կրոնի», «իմ քաղաքի» նկատմամբ կատարվող անարդարության զգացողություններն են: Ըստ Ստաուբի, հենց այս զգացողությունների զուգակցությունն է հանդիսանում զանգվածային սպանությունների և ցեղասպանության նախադրյալը:

 «Ծանր ժամանակների» տարիներին հասարակության մեջ հավաքվում է զայրույթն ու ագրեսիան, որոնք հետո պետք է գտնեն իրենց ելքը ցեղասպանության բարբարոսային գործողություններում:

 Ցեղասպանության հաջորդ կարևոր պայմանը հանդիսանում է թշնամու առկայությունը, որը, նախ, պատասխանատու է դժբախտությունների և անախորժությունների համար, և երկրորդ, որին վերացնելուց հետո ամեն ինչ ավելի լավ կլինի: Այլ կերպ ասած` ցեղասպանությունն իրականացվում է ոչ միայն որպես վրիժառություն:  Ցեղասպանություն կատարածների փորձը ցույց է տալիս, որ ցեղասպանություններում մասնակցած մարդկանց մեծամասնությունը ոչ միայն վրեժ է լուծում թշնամուց այն խնդիրների համար, որոնք, իրենց կարծիքով, նրա մեղքով են առաջացել, այլ նաև հույս ունի, որ թշնամուն վերացնելը կօգնի խնդիրների լուծմանը:   
 Բանը նրանում չէ (միայն նրանում չէ), որ «նրանք» (արաբները, հրեաները, հայերը, նեգրերը) մեղավոր են մեր դժբախտություններում, այլ նրանում է, որ եթե «նրանք» վերանան, կյանքն ավելի լավը կդառնա:

 Ցեղասպանությունը հնարավոր չէ առանց խորը ատելության դեպի այն ժողովուրդը կամ կրոնը, որի համար նախատեսված է զոհի դերը: Այդ ատելությունը պետք է այնքան խորը լինի, որպեսզի թույլ տա մարդուն խախտել անգամ «մի՛ սպանիր» պատվիրանը և շարունակել իրեն համարել Աստծո Թագավորությանը լիովին արժանի: Այդ ատելությունը երկար ժամանակ դաստիարակվում և աճեցվում է: Դրա արմատները դպրոցական դասագրքերում են, որտեղ պատմվում է այն մասին, թե որքան հիասքանչ էր իմ նախնիների կյանքն անցյալում, երբ դեռ չկային «նրանք», որքան հզոր ու արդար էր իմ պետությունը մինչ այն, երբ եկան կամ անգամ հարձակվեցին «նրանք», այն մասին, թե ինչպիսի ահավոր դավադրություններ են «նրանք» միշտ կազմակերպել իմ երկրի դեմ: Ատելության արմատները սովորական և, կարծես, բնական կենսական դիսկրիմինացիայի, «միայն սպիտակների համար նախատեսված» նստարանների, տարբեր անեգդոտների ու վիրավորական մականունների մեջ են: Ատելության արմատները հանցագործությունը մեկ էթնոսի հետ կապող վայրի պատկերացումների մեջ են, փսևդոգիտական հրատարակումների մեջ են` հիմնավորող, որ այլ վերաբերմունքի «նրանք» արժանի էլ չեն: Այս ամենը պատրաստում է մարդկանց ցեղասպանության գործողության մասնակցելու, համոզում է պոտենցիալ մարդասպաններին, որ զոհերը, ընդհանուր առմամբ, այլ ճակատագրի արժանի չեն:

Սկզբնաղբյուրը՝ Psymag.am

Նույն շարքից