Հասարակություն Վերլուծական 

ՀՀ պետբյուջեից թմրամոլների բուժման համար տարեկան 160 մլն դրամ է հատկացվում

analitik.am

 

Այսօր թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է, որը հռչակվել է 1987-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից:  Աշխարհի տարբեր երկրներ այս օրն ամփոփում են և արձանագրում իրենց երկրում թմրամիջոցների ապօրինի շրջանառության պատկերը, թմրամոլների թիվը, նրանց հիմնական խնդիրները, կազմակերպվում են քարոզարշավներ:


Հայաստանը ևս անմասն չէ այդ խնդիրներից: Պարզվում է՝ թմրամոլների թիվն այստեղ տարեցտարի աճում է: ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ, նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանի տվյալներով՝ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ, հաշվառված թմրամոլների թիվը Հայաստանում հասել է 5 հազ. 22-ի, այդ թվում՝ 57-ը կանայք: Համեմատության համար պետք է նշել, որ 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ թմրամոլների թիվը 4 հազ. 428  էր: Նշված 5 հազ. 22 հոգուց 6-ն այս պահին բուժվում են ստացիոնար պայմաններում, 2-ը՝ ամբուլատոր պայմաններում,  226 հոգին՝ ընդգրկված է մեթադոնային փոխարինող բուժման ծրագրում: Մնացածը գտնվում են հսկողության տակ:


Հաշվառված թմրամոլների թվի աճի հիմնական բացատրությունն այն է, որ տարեցտարի աճում է բժիշկների դիմող թմրամոլների թիվը, որոնք այդ ժամանակ են միայն հաշվառվում: ՀՀ գլխավոր նարկոլոգը բժիշկների դիմող թմրամոլների թվի աճը կապում է մատուցվող բժշկական օգնության որակի բարձրացման, ինչպես նաև՝ թմրամիջոցների օգտագործման ապաքրեականացման հետ, որը նշանակում է, որ թմրամոլը բժշկին դիմելիս չի վախենում:  Հայաստանի պետբյուջեից նրանց բուժման համար   տարեկան 160 մլն  դրամ է հատկացվում:


Հայաստանում հաշվառված թմրամոլների վերաբերյալ վիճակագրությունը ցույց է տալիս, որ նրանց մեծ մասը 30-45 տարեկան են: Ըստ Պ. Սեմերջյանի՝ նրանք տարբեր խավերի են պատկանում, տարբեր ունեցվածքի ու կրթության տեր են:


Թմրանյութ պահողնների, օգտագործողների և իրացնողների վերաբերյալ վիճակագրություն է ներկայացնում նաև ՀՀ ոստիկանությունը: Ինչպես տեղեկանում ենք, 2013 թ. ընթացքում թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու համար քրեական պատասխանատվության են ենթարկվել 137 անձ, որից 71-ը ազատազրկվել են, իսկ 188 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության: Առգրավվել է 7.258 գրամ ափիոն , 6347 գրամ մարիխուանա: 


Հավելենք, որ նշված վիճակագրական տվյալները, սակայն, չեն կարող ճշգրտությամբ ցույց տալ, թե Հայաստանում քանի թմրամոլ կա, քանի որ նրանց մեծ մասը այդպես էլ բժշկի օգնության չի դիմում ու ոչ էլ  ոստիկանության  «ձեռքն է ընկնում»:   Հետևաբար՝ նրանք չեն հաշվառվում: Օրինակ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը 2011 թվականին կատարել էր հետազոտություն, որով փորձ էր կատարվել հաշվել նաև առողջապահության համակարգում չհաշվառված թմրամոլների թիվը: Այդ ժամանակ պարզվել էր, որ ՀՀ-ում մոտ 30 հազ. թմրամոլ կա, որոնցից այդ տարի միայն 4 հազ. 332-ն էր հաշվառված: Նաև պարզվել էր, որ 30 000-ից 12 700-ը ներերակային թմրամիջոց օգտագործող թմրամոլներ են:


2011-ից հետո, սակայն, նման հետազոտություն մեր երկրում չի անցկացվել:


Սեդա Հերգնյան

 

Նույն շարքից