Հասարակություն 

Կահիրեի յուրահատուկ ու տարօրինակ «էությունը»

analitik.am

Արևի ու ուղտերի երկիր Եգիպտոս ինձ բախտ վիճակվեց մեկնել բոլորովին վերջերս: Այս երկրի մասին լուրերից ու գրքերից ստացած տեղեկատվությունները երբևիցե միմյանց հետ չեն համընկել, քանի որ միշտ դրականն ու բացասականը բացառել են իրար: Հեռուստատեսությունից ու լրատվամիջոցներից ստացած տեղեկությունների համաձայն այն մի երկիր է, որտեղ ընթանում են հավերժական մարտեր, կռիվներ, ահաբեկչական գործողություններ և այլն, այնտեղ չկա նորմալ կյանք, բնակիչները միշտ պայքար են մղում հանուն խաղաղ կյանքի...


Հիշում եմ, երբ ընկերներիս ու հարազատներիս ասում էի, որ մեկնում եմ Եգիպտոս, բոլորը շտապում էին ինձ զգուշացնել, որ այնտեղ շատ վտանգավոր է և անհրաժեշտ է զգուշանալ, իսկ ավելի հոգատարները շտապում էին ինձ հետ կանգնեցնել այնտեղ մեկնելու մտքից: Չեմ ուզոմ շատ երկարացնել, ձեզ չհոգնեցնելու համար, ընդամենը ցանկանում եմ իմ տպավորություններով կիսվել Ձեզ հետ, որոնք ինձ հետ բերել եմ Հայաստան:


Ինքնաթիռը երբ վայրէջք կատարեց Կահիրեի. օդանավակայանում, իմ շուրջը միայն նկատեցի արևի շողերի տակ փայլող դեղին ավազը, որը օդանավակայանին հաղորդում էր անշուք տեսք և միևնույն ժամանակ, խորհրդավորություն, ինչու՞ խորհրդավորություն, քանի որ ես միշտ էլ մտածում էի, որ այն հեքիաթային աշխարհ է և հենց դեղին անապատներում է, որ տեղի են ունենում կախարդանքները: Ճիշտ է այս պատկերացումները շատ հեռու էին իմ տարիքից, բայց ես ոչինչ չէի կարող փոխել: Օդանավակայանում ինձ դիմավորեց իմ եգիպտացի արդեն հարազատ դարձած ընկերը, ով էլ հետագայում ծանոթացրեց Եգիպտոսի հիասքանչ «էությանը»: Երբ արդեն Կահիրեում էի, առաջին բանը, որը իմ ուշադրությունը գրավեց, Կահիրեի երթևեկությունն էր, ես սովոր չէի, որ փողոցներում լուսաֆորեր չլինեն, վարորորդները մեքենան վարելիս միմյանց հետ առանց որևիցե արգելքի խոսեն, մեքենան վարեն այն արագությամբ, որը որ իրենց հարմար է տվյալ պահին, հեծանիվները, էշերը, ձիերը, մեքենաները, մոտոցիկլետները, մարդիկ իրար խառնված փողոցները լցնեն՝ առաջացնելով գլխապտույտ ու խառնաշփոթ ...և ես ամեն անգամ իմ լավ բարեկամի հետ Կահիրեի փողոցները հատելիս մի մեծ սթրես էի տանում:


Առաջին օրն ինձ համար Կահիրեի բնակիչները, շենքերը, քաղաքի առօրյան թվացին շատ անհրապույր ու անշուք, բռի ու կեղտոտ , և միայն Նեղոսն էր, որ ինձ հիշեցնում էր գրքերում կարդացած Եգիպտոսի մասին, գետն իր գեղեցկությամբ փորձում էր «հուսադրել» ինձ: Հենց առաջին օրը ես եղա Կահիրեի ամենաաղքատ թաղամասերից մեկում, որտեղ էլ տեսա ինձ համար ամենաանսպասելին. այդ թաղամասում մարդիկ գետնին շարած կույտ-կույտ հաց էին վաճառում, որը հենց այդպես լցված էր քաղաքի կեղտոտ մայթերին ու որի վրա ճանճերը «խնջույք» էին անում: Ես տեսա, թե ինչպես են մարդիկ «արհամարհում» փողոցում դրված աղբամաններն ու մեծ «եռանդով» աղբը թափում են փողոցներում՝ քաղաքը վերածելով իսկական աղբակույտերի, ես այս թաղամասում տեսա, թե ինչպես են հազարավոր սոված կատուներն ու շները, սոված մարդկանց հետ խառնվելով, փորձում մի կտոր հաց գտնել...տպավորություններս ահավոր էին, ներքուստ ուզում էի հենց նույն օրը վերադառնալ Հայաստան, բայց չէի համարձակվում ասել իմ բարի ուղեկցին: Սակայն, բարեբախտաբար, հետագայում ես կարողացա տեսնել ու զգալ փոշոտ ու կեղտոտ «գեղեցկուհու» հմայքն ու ուժը...ես ուրախ էի, որ այն իրոք հեքիաթային այն աշխարհն է, որը միշտ էլ եղել է իմ մեջ, ես ուրախ էի, որ ի տարբերություն իմ համոզմունքի այս հեքիաթային աշխարհում դևեր չեն ապրում, այստեղ ապրում են մարդիկ, ովքեր այնքան բարի են, որ կարողանում են խինդով լցնել իրենց ու իրենց շրջապատողների առօրյան: Նրանք բոլորն էլ շատ աշխատասեր են, փողոցներում կարելի է հանդիպել տակառով ջուր վաճառող ծերունիների ու ամենալավ մեքենայով երթևեկող հարուստների և այս հակադրությունը, երբեք էլ բացասական զգացումներ չի առաջացնում, քանի որ. այստեղ այլ է կոլորիտը:


Հենց այս անշուք ու փոշոտ քաղաքում էր, որ կարողացա տեսենել իսկական լույսը, մաքրությունն ու գեղեցկությունը: Ճիշտ է, գրածս կարող է շատ լիրիկական ու ռոմանտիկ թվալ, սակայն ես այլ կերպ չեմ կարող արտահայտել այնտեղից ստացած իմ տպավորությունները: Ես զգում էի, որ հայտնվել եմ միջնադարում, որտեղ ամեն ինչ այլ է՝ օրենքները, մարդիկ, սովորույթները, հագուստը ու այդ ամեն ինչն ինձ շատ էր դուր գալիս ու շատ հարազատ էր: Ես սիրեցի Կահիրեն, երբ բազմահազար մզկիթների մեջ տեսա բազմահազար եկեղեցիներ, երբ եկեղեցիներում հայտնվելով տեսա, թե ինչպես է այս քաղաքը «հոգ տանում» իր «Սուրբ զավակների» մասին, ես տեսա, թե ի տարբերություն Կահիրեի կեղտոտ փողոցների ու փոշոտ «էության», ինչքան մաքուր ու սուրբ են եկեղեցիները, և, թե ինչպես են մուսուլմաններն ու քրիստոնյաները եղբայրաբար հոգ տանում իրենց համար ամենակարևոր կառույցների մասին: Ես երջանիկ ու հպարտ էի, երբ տեսա քրիստոնեական հսկա ու ամուր դպրոցներ, երբ զգացի, որ այստեղի քրիստոնյան ավելի լավ քրիստոնյա է, քան քրիտոնյա աշխարհում ապրող շատ քրիստոնյաներ, երբ զգացի, որ այստեղի հայն ավելի հայ է, քան Հայաստանում ապրող շատ հայեր և մի պահ էլ ամաչեցի, երբ զգացի, թե ես ինչքան թույլ ու անզոր եմ նրանց կողքին: Այստեղ այնքան լույս կար, որ մի վայրկյան էլ չէին կարող գոյատևել Նախանձն ու Չարը, ես գիտակցեցի, որ կեղտոտ ու անշուք քաղաքի ներսում կան բազում կարևոր արժեքներ ու մաքրություն, որը պետք է զգալ հոգով, տեսնել ու հասկանալ սրտով: Ճիշտ է, ինձ հետ կարող են չհամաձայնել որոշ անհատներ, ովքեր լինելով եգիպտացիների մայրաքաղաքում «ի զորու են եղել զգալ» միայն Կահիրեի կեղտոտությունը, փոշին ու խառնաշփոթությունը...


Ես երջանիկ եմ, որ կարողացա տեսնել պատմամշակութային թանգարանները, կենտրոնները, վայրերը, որոնք վեր են ամեն ինչից, հզոր ու կախարդական այնքան, որ անհնար է հասկանալ դրանք, ես տեսա եգիպտական պարն ու ապշեցի, քանի որ մինչև հիմա չհասկանալով դրա զորությունն ու գաղտնիքը, չեմ կարողանում դադարել մտածել «Տանուրայի» մասին, ես երջանիկ էի այնտեղ, գիտակցելով, որ հեռու եմ եվրոպական սուտ արժեքներից, որոնք «կեղտոտում» են մեր ներքինը, մեր շրջապատը, աշխարհը....ես երջանիկ էի, որ այնտեղ ավելի Մեծ հայ եմ և որ հենց այդպես էլ վերադառնալու եմ հայրենիք, և վերջապես երջանիկ եմ այժմ, որ ես կարողացա գտնել այնտեղ այն սերը, որը երբեք իմ ներսում չի վերջանա և տեսնել այն լույսը, որը երբեք չի մարի:

Նույն շարքից