Հասարակություն 

Ամեն տարի Հայաստանում մոտ 1500-2000 աղջիկ չի ծնվում. ՄԱԿ-ի ուսումնասիրություն

analitik.am

Ամեն տարի Հայաստանում մոտ 1500-2000 աղջիկ չի ծնվում, ՀՀ-ն տարեկան կորցնում է մոտ 2000 ապագա մայր, և տղա երեխաներին նախապատվությունը վեց անգամ ավել է: Տվյալներն այսօր հաղորդեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր աթոռ Սբ Էջմիածնում այսօր տեղի ունեցած «Ընտանիք, հասարակություն և Եկեղեցի. Ժամանակակից մարտահրավերներ» խորագրով գիտաժողովին ներկայացնելով իրենց ուսումնասիրությունը:

«Առաջին հետազոտությունը կատարեցինք 2011 թ-ին: Երկրորդ հետազոտությամբ փորձեցինք պարզել, թե ինչ հետևանք է ունենալու Հայաստանի ժողովրդագրության վրա, և պարզ դարձավ, որ Հայաստանում սեռերի հարաբերակցությունը խախտվել է 1991 թվականից ի վեր»,- ասաց նա՝ շեշտելով, որ եթե շարունակվեն նույն տեմպերը, մինչև 2060 թվականը Հայաստանը կկորցնի 93 000 կին:

Գրասենյակի տնօրենը նշեց, որ պատճառները տարբեր են. տղաներին գերադասում են, հասանելի են սեռը նախապես իմանալու եղանակները, և զույգերը նախընտրում են քիչ երեխա ունենալ: Եթե մարդիկ նախկինում ունենում էին մինչև հինգ երեխա, հավանականությունը, որ տարբեր սեռերի երեխա կունենան, բարձր էր:

«Սեռերի հարաբերակցությունը նաև կախված է նրանից, թե նորածինն ընտանիքում որերորդ երեխան է: Օրինակ՝ երկրորդ և երրորդ երեխայի դեպքում 160 տղա է ծնվում 100 աղջկա համեմատ, իսկ այս թիվն ամբողջ աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է»,- ասաց նա և ավելացրեց, որ Հայաստանում եթե նախկինում սեռով պայմանավորված հղիությունն ընդհատում էին երկրորդ և երրորդ երեխայի դեպքում, այսօր լուրջ խնդիր է արդեն առաջին և երկրորդ երեխայի դեպքում:

Նույն շարքից