Հասարակություն 

Կնոջ կերպարի «հիվանդագին» ընկալումը պետք է փոփոխվի

analitik.am

«Լինել  կին  կամ  տղամարդ» նշանակում  է  խաղալ  հասարակության  կողմից  նախապես  կանխորոշված  որոշակի դեր:

Գենդերային  խնդիրն առկա է գրեթե բոլոր երկրներում: Յուրաքանչյուր անհատ   իր  ողջ  կյանքի  ընթացքում շարունակ կրում է այն հասարակության  ազդեցությունը, որի մեջ սկսվել է նրա կենսագործունեությունը՝  կերտվում է որպես  կին  կամ տղամարդ: Հայաստանը, լինելով ժողովրդավարական երկիր, առաջադրել է մի շարք պայմաններ, որոնց մեջ է մտնում նաև սեռերի իրավահավասարության հարցը: Սակայն մեր երկրում  կան գենդերային խտրականության հետ կապված մի շարք հիմնախնդիրներ, որոնք անտեսված են և քիչ են բարձրաձայնվում կամ ընդհանրապես չեն բարձրաձայնվում ԶԼՄ-ների կողմից՝ հայ հասարակության մեջ ձևավորելով գենդերային կարծրատիպերի ոչ ճիշտ ընկալում:

Այսօր հայ լրատվամիջոցներից և ոչ մեկն առայժմ գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ որոշակի հայեցակարգ չունի: Մամուլը պետք է կարծիք հայտնելու հնարավորություն ընձեռի այս հարցին դեմ և կողմ վերաբերվող մարդկանց, սակայն հայաստանյան մամուլը հիմնականում սահմանափակվում է այս հարցին վերաբերող այս կամ այն քննարկման, ասուլիսի, գիտաժողովի վերաբերյալ ռեպորտաժներով, իսկ լրագրողական հետաքննություններ գրեթե չեն հանդիպում, հրապարակախոսական սակավաթիվ նյութերն էլ հիմնականում Մարտի 8-ի և Ապրիլի 7-ի օրերին են տպագրվում: 

Ժամանակակից հայ լրատվամիջոցների ամենալուրջ թերություններից մեկն այն է, որ լրատվական ասպարեզում գրեթե չեն երևում կանանց հասարակական կազմակերպությունները, իսկ դրանք այն ոլորտներն են, որտեղ կանայք ամենաշատն են ընդգրկված:

Հարկ է հավելել, որ առավել հաճախ կանանց հայտնվելը   լրատվամիջոցներում պայմանավորված է նրանց զբաղեցրած պաշտոնով,  դժբախտ պատահարի կամ բռնության զոհ դառնալու հանգամանքով: Առավել հաճախ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում  են հայտնվում երիտասարդ կամ միջին տարիքի կանայք: Լրագրողների պասիվությունը կանանց կերպարների բացահայտման ուղղությամբ ԶԼՄ-ների գենդերային քաղաքականության բացակայության արդյունք է, որի անբաժանելի մասն է նաև լրագրողների գենդերային գիտելիքների և համապատասխան  կրթության պակասը:

Մեր զանգվածային լրատվամիջոցները թերանում են առհասարակ Հայաստանում գենդերային խնդրի լուսաբանման  հարցում և կարող ենք փաստել, որ.

1.  Հայաստանյան մամուլը քիչ է անդրադառնում Հայաստանում գոյություն ունեցող գենդերային հիմնախնդիրներին, ի թիվս դրանց՝  բռնություններին:

2. Լրատվամիջոցների ոչ զգայուն քաղաքակությունն ամրապնդում է կանանց կարծրատիպային ընկալումը՝ որպես անհատների, ովքեր անընդունակ են հասարակական-քաղաքական ակտիվ գործունեություն իրականացնել, ղեկավարել կամ որոշումներ կայացնել: 

3. Լրատվամիջոցներում գենդերային զգայուն քաղաքականության բացակայության արդյունքում լրագրողները նախաձեռնություն չեն ցուցաբերում կանանց ոչ կարծրատիպային կերպարների ձևավորման ուղղությամբ և հետևաբար չեն օգտագործում գենդերային կարծրատիպերը հաղթահարելու իրենց հնարավորությունները::  

4.  Սոցիալական ոլորտում լրատվամիջոցների կողմից  կանայք ներկայացվում են հիմնականում գործազրկության, հաշմանդամության, միգրացիոն, փախստականների հիմնախնդիրների շրջանակներում, իսկ երկրի տնտեսական կյանքում կնոջ կերպարը ներկայացվում է գյուղատնտեսության, արդյունաբերության և տուրիզմի ասպարեզներում:  Մնացած բնագավառները, որտեղ քիչ թե շատ ներկայացված են կանայք, քաղաքականությունը, շոու-բիզնեսը, մշակույթը և սպորտն են:

Հիմնվելով վերոնշյալ հետևությունների վրա, նախևառաջ կարևոր ենք համարում առաջարկել, որպեսզի ՀՀ-ում ստեղծվեն հնարավորություններ լրացնելու լրագրողների գիտելիքների պակասը գենդերային հիմնախնդիրների ոլորտում, ինչը թույլ կտա նոր որակակաան աստիճանի վրա ներկայացնել, քննել ու մատուցել առկա խնդիրը: Ինչպես նաև գիտականորեն հիմնավորված և խելամիտ տարբերակներ առաջարկել խնդրի լուծման համար:  Հարկ է, որ հայաստանյան մամուլը հաճախ անդրադառնա Հայաստանում գոյություն ունեցող գենդերային հիմնախնդիրներին, ի թիվս դրանց՝  բռնություններին:  Քանի որ հայաստանյան ԶԼՄ-ների ոչ զգայուն քաղաքակությունն ամրապնդում է կանանց կարծրատիպային ընկալումը՝ որպես անհատների, ովքեր անընդունակ են հասարակա-քաղաքական ակտիվ գործունեություն իրականացնել, ղեկավարել կամ որոշումներ կայացնել, լրատվամիջոցները պետք է գտնեն և լուսաբանեն կանանց ոչ կարծրատիպային կերպարներին, ինչպես նաև նոր կերպարներ ստեղծեն և դրանով իսկ փորձեն հայ  հասարակության մեջ վերացնել գենդերային խտրականությանը վերաբերող հիվանդագին ընկալումները:

Նույն շարքից