Մամուլի ակումբ Տնտեսություն 

Օրենքը խախտում է խոշոր բիզնեսը, բայց արդյունքում տուժում՝ փոքրը. Բ. Պիպոյան

analitik.am

Այսօր «Անալիտիկ»  կենտրոնում տեղի ունեցած   «Սպառողական շուկայի խախտումները ՀՀ-ում. ինչպե՞ս խուսափել խաբված լինելուց»  թեմայով ասուլիսի հյուր էր Բաբկեն Պիպոյանը:


Անդրադառնալով թեմային բանախոսն ասաց, որ պետք  է կարողանալ տարբերակել  սպառողական շուկայում առկա խնդիրները: Այսինքն՝ սպառողական շուկայում առկա խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է հստակ առանձնացնել   պարենային ապրանքների շուկայում առկա խնդիրները,  ոչ պարենային ապրանքների շուկայում առկա խնդիրներն ու  ծառայությունների ոլորտում առկա խնդիրները:


«Մեծ խնդիրներ ունենք պարենային ապրանքների շուկայում, հատկապես հստակեցնել է պետք ձվի շուկայում առկա խախտումները: «Սովրանո» ընկերությունը ուկրաինական ձվեր է ներմուծում, որոնց պիտանելիության ժամկետը 60 օր է, մինչդեռ ՀՀ օրենսդրությամբ ձվի իրացման ժամկետը 25 օր է: Նման պարագայում ձուն  սպառողական շուկա պետք է մտնի կրկնապիտակի առկայությամբ: «Սովրանոն» խախտել է կրկնապիտակի օրենքը և այն ներմուծել առանց կրկնապիտակի:

Արդյունքում ձուն մտնում է իրացման ցանց և կա խմբաքանակ, որի քսանհինգ օրը լրացել է, կա, որ դեռ չի լրացել: Կրկնապիտակների միջոցով պետք է սպառողին զգուշացվի այդ մասին: Օրենքը խախտում է խոշոր բիզնեսը, բայց արդյունքում տուժում՝ փոքրը: Սխալ մակնիշած ապրանքը, եթե իրացման ցանց է դուրս բերվում, պետք է պատասխանատվություն կրի ներմուծող ընկերությունը»:


Բանախոսի կարծիքով՝ շատ կարևոր է նաև տնտեսական ցիկլը: Գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ նկատվում է մսի գնի անկում: Այսօր անասնակեր չունենալու պատճառով գյուղացին մորթում է անասուններին և մսի գինը ընկել է: Տնտեսական իրավիճակն է ստիպում գյուղացուն այս քայլին գնալ: Սակայն տնտեսական ցիկլով պայմանավորված՝ հետագայում կտրուկ գնաճ ենք ունենալու, և այս խնդիրը պետք է պետությունը կարգավորի: Գյուղմթերքի համար աշխարհի ոչ մի երկրում սահմանված չէ նվազագույն գին, կա սահմանված գին: 


Բաբկեն Պիպոյանն անդրադարձավ նաև Հայաստան ներմուծվող գազի որակին. «Լուրջ խնդիր է նաև  գազի ոչ բավարար որակը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գազի որակը չի համապատասխանում տրված չափանիշներին: Նախ գազի այրման ժամանակ կրակը պետք է կապույտ լինի, բայց դա այդպես չէ, և երկրորդ՝ գազի կաթսաների ֆիլտրերը փոփոխման ենթակա են հինգից տաս տարին մի անգամ, բայց Հայաստանում դրանք շատ շուտ են կեղտոտվում՝ մեկ տարի անց արդեն փոփոխման ենթակա են: Այս խնդիրը բավականին մտահոգիչ է, և պետք է կարգավորումներ ստանա պետության կողմից: Մենք տեղեկացնում ենք համապատասխան մարմիններին, առաջարկում ենք նաև լուծումներ, բայց ստիպել չենք կարող, քանզի չունենք համապատասխան լծակներ, ուստի նման իրավիճակում առաջին հերթին քաղաքացիները՝ հասարակական հատվածը, պետք է պայքարեն իրենց իրավունքների պաշտպանման համար»:


«Շատ մեծ խնդիր կա նաև ծառայություւնների շուկայում: Ծառայությունների շուկայում  հիմնական բողոքները  տաքսի ծառայություններից է: Սպառողը չգիտի, թե ինչքան պետք է վճարի, այն որոշվում է կմ-ով, բայց քանի որ այսօր գները հստակ կարգավորված չեն, սպառողները չգիտեն ծառայության արժեքը, որից օգտվում են: Պետությանը այս խնդիրները պետք է մտահոգի, և քաղաքացին չէ, որ պիտի լուծի դրանք: Սակայն եթե պետությունը չի անում,  ստիպված քաղաքացին ինքը պիտի պաշտպանի իր իրավունքները:


Սպառողների շահերի պաշտպանության մասին ՀՀ օրենքը հստակ սահմանում է, թե ՀՀ քաղաքացին որ դեպքերում կարող է ապրանքը վերադարձնել. քաղաքացին իրավունք ունի վերադարձնել նաև նորմալ ապրանքը, բայց շատ խանութներում մենք տեսնում ենք փակցված հայտարարությունը՝ «Գնված ապրանքը հետ չի ընդունվում»: Այսինքն իրացնողն  ի սկզբանե օրենքը խախտում է, բայց «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքը խախտողների համար վարչական պատասխանատվություն չի սահմանում:

ՀՀ-ում նաև անհասկանալի է գործող զեղչային համակարգը: Զեղչային համակարգը գործում է համարյա տարին տասներկու ամիս, բայց  քաղաքացին զեղչով ապրանքը գնում է ապրանքի ինքնարժեքից ավելի թանկ: 

Բոլորը պետք է շահագրգիռ լինեն, որ եթե ինչ-որ ապրանք թանկանում է, ապա հրապարակային բացատրություն պետք է տրվի, թե ինչու է տվյալ ապրանքը թանկացել: Գազը երբ սկսեց թանկանալ, բոլորը սկսեցին խոսել տրանսպորտի գնի թանկացման մասին:  Մենք այսօր չունենք պետական լիազոր մարմին, որը մեր երկրում կսահմանի ապրանքների ու ծառայությունների գները, որն էլ խոչընդոտում է երկրում բիզնես միջավայրի ձևավորմանը»:

Բաբկեն Պիպոյանի կարծիքով սպառողին անհրաժեշտ է հասարակական կազմակերպություն, որը պետք է զբաղվի նրա խնդիրների կարգավորմամբ, միաժամանակ շատ կարևոր է այս հարցում ԶԼՄ-ների գրագետ աշխատանքը, որովհետև նրանք են պատասխանատու սպառողների ապատեղեկացվածության  համար:

 

Նույն շարքից