«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Լևոն Տեր- Պետրոսյան

analitik.am

Ներկայացված է Տարվա ավագ սերնդի լավագույն քաղաքական գործիչ կատեգորիայում G-6

Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանը ծնվել է 1945 թ. հունվարի 9-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1946 թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Երեւան։ Երեւանում ավարտել է միջնակարգ դպրոցը, 1968թ. ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի արեւելագիտության բաժինը՝ արաբերեն լեզու եւ գրականություն մասնագիտությամբ։ Ասպիրանտական շրջանը անցել է Լենինգրադում, 1972 թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել թեկնածուական, իսկ 1987 թ. նույն համալսարանում՝ դոկտորական դիսերտացիան, ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

1972-78 թթ. որպես կրտսեր գիտաշխատող աշխատել է Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտում, 1978-85թթ. վարել Մատենադարանի գիտնական քարտուղարի պաշտոնը, 1985-ից Մատենադարանի ավագ գիտաշխատող է։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, արաբերեն, ինչպես նաեւ մի քանի մեռած լեզուների։ Հեղինակ է ավելի քան 70 գիտական աշխատությունների, որոնք հրապարակվել են հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներով եւ վերաբերում են հայ միջնադարյան թարգմանական գրականությանը, հայ-ասորական մշակութային առնչություններին։ Կիլիկյան շրջանին վերաբերող նրա վերջին՝ «Խաչակիրները եւ հայերը» երկու ստվար հատորներով հրապարակված պատմա-քաղաքագիտական հետազոտությունը (հրատ. 2005 եւ 2007 թվականներին) պատմագիտության մեջ նոր ուղղության եւ Հայոց պատմության ուսումնասիրման նոր մեթոդի հիմք է դնում։ 2006 թ. լույս է տեսել նրա քաղաքական ու քաղաքագիտական բնույթի ելույթների, հոդվածների եւ հարցազրույցների «Ընտրանի» ժողովածուն։


Լեւոն Տեր-Պետրոսյանը ԽՍՀՄ արեւելագետների ընկերակցության (1985), Հայաստանի գրողների միության (1988), Ֆրանսիական Ասիական ընկերության (1989), Վենետիկի Մխիթարյան ակադեմիայի (1991) անդամ է, Լա Վեռնի (1990), Սոֆիայի (1994) Սորբոնի (1996) եւ Ստրասբուրգի (1996) համալսարանների պատվավոր դոկտոր։

Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության հիմնադիր Նախագահն է, միջազգային լայն ճանաչում ունեցող պետական-քաղաքական գործիչ։ Քաղաքական գործունեությունն սկսել է 1960-ական թվականներից, 1966-ին ձերբակալվել եւ մեկ շաբաթ կալանքի տակ է պահվել ապրիլի 24-ի ցույցին ակտիվ մասնակցության համար։ 1988-ի փետրվարից ղեկավարել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեն, մայիսից ընդգրկվել Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի կազմում, դարձել նրա ամենահեղինակավոր ու ազդեցիկ անդամներից մեկը։ Հանդես է եկել ծրագրային ելույթներով, ինչպես նաեւ ընթացիկ իրադարձությունների ու հնարավոր զարգացումների քաղաքական վերլուծություններով ու դիպուկ կանխատեսումներով։ 1988 թ. դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ միասին ձերբակալվել է եւ վեց ամիս պահվել Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» բանտում։

Լեւոն Տեր-Պետրոսյանը ազատական գաղափարախոսության կրող է։ Նա տեսականորեն հիմնավորել ու գործնականում կիրառել է քաղաքական մտածողության նոր արժեքային համակարգ եւ սկզբունքներ. մերժել է քաղաքական կողմնորոշման, մշտական բարեկամի եւ մշտական թշնամու գաղափարը, պետական անկախությունը համարել է ազգային գոյության, նրա ազատ զարգացման եւ ինքնապահպանման հիմնական գրավական, դրա իրականացման միջոցը։ Իրատես քաղաքականության, սեփական ուժերին համապատասխանող քայլերի ջատագով է։ Վճռականորեն պայքարել է ինչպես ազգի բացարձակացման, այնպես էլ նիհիլիզմի ու ճակատագրապաշտության տանող գաղափարախոսությունների դեմ։ Այս ամենը հեղաշրջում էին հայ քաղաքական մտքի ավանդական պատկերացումներում։

Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին ու նրա ղեկավարությամբ Հայաստանը նվաճեց իր անկախությունը, կատարվեցին համակարգային աննախադեպ բարեփոխումներ, հաստատվեց ժողովրդավարություն, ազատագրվեց Լեռնային Ղարաբաղը եւ ձեռք բերեց դե ֆակտո անկախ պետության կարգավիճակ։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առիթով երկրում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակը հաղթահարելու, երկրի համար անկանխատեսելի հետեւանքներով հղի ապակայունացում թույլ չտալու նպատակով Լեւոն Տեր-Պետրոսյանը 1998թ. փետրվարի 3-ին հրաժարական է տվել ՀՀ Նախագահի պաշտոնից։

Նույն շարքից