«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Ռալֆ Յիրիկյան

analitik.am

Ներկայացված է Տարվա լավագույն հասարակական գործիչ կատեգորիայում K-1

Ռալֆ Սեզարի Յիրիկյանը ծնվել է 1967 թ. նոյեմբերի 16-ին Լիբանանի Բեյրութ քաղաքում։ 1987 թ. ընդունվել է Բեյրութի ամերիկյան համալսարան, որն ավարտել է 1991 թ.` ստանալով տնտեսագիտության բակալավրի կոչում: 1992 թ. ստացել է նաև նույն համալսարանի գործարար կառավարման բակալավրի կոչում:

1991-1992 թթ. Ռալֆ Յիրիկյանն աշխատել է Բեյրութի ամերիկյան համալսարանի «Ջաֆետ» գրադարանում` որպես փաստաթղթերի բաժնի օգնական, այնուհետև` Լիբանանի «Ջորջ Մաթթա իսթեբլիշմենթ» ընկերությունում` որպես համակարգչային օպերատոր։ 1993 թ. աշխատել է Կատարի «Ալ Մահա գրուպ հոլդինգս» ընկերության նախագահի գործադիր քարտուղար, իսկ 1994-ին` Կիպրոսի «Նասսեր, Ղաթթաս և Կո» ընկերության կառավարման խորհրդատուի օգնական։

1994-1996 թթ. Ռալֆ Յիրիկյանը զբաղեցրել է «Ալ Մահա գրուպ հոլդինգս» ընկերության հավաքագրման վարչության ղեկավարի պաշտոնը։ 1997-1999 թթ. եղել է Կիպրոսի «Նասսեր, Ղաթթաս և Կո» ընկերության բաժանորդների սպասարկման վարչության ղեկավար։ 1999-2001 թթ. Ռալֆ Յիրիկյանը պաշտոնավարել է Լիբանանի «ԼիբանՍել» ընկերությունում` որպես ադմինիստրատիվ բաժնի տնօրեն։

2004 թ. նոյեմբերից Ռալֆ Յիրիկյանը ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) ընկերության գլխավոր տնօրենն է։  Ընկերությունը հսկայական միջոցներ է ներդրել առողջապահական, մշակութային, գիտական, բնապահպանական, կրթական բնագավառներում, ինչպես նաև գյուղական ենթակառուցվածքային նորարարական նախագծերի իրականացման ուղղությամբ։

Ռալֆ Յիրիկյանը հրավիրյալ բազմաթիվ դասախոսություններով հանդես է գալիս ակադեմիական, գործարար լսարանների առջև, ինչպես նաև տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ֆորումներում։ Նա Սփյուռքի նախարարության ատյանի (կոլեգիայի), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային հեղինակության ամենամյա պարգևի մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի, ՏՏ բնագավառում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի անդամ է։

Ռալֆ Յիրիկյանին շնորհվել են բազմաթիվ շքանշաններ, այդ թվում`

«Մովսես Խորենացի» մեդալ` շնորհված ՀՀ նախագահի կողմից , «Պատվո շքանշան» շնորհված ՀՀ նախագահի կողմից, «Մեսրոպ Մաշտոց» շքանշան` շնորհված ԼՂՀ նախագահի կողմից , «Անանիա Շիրակացի» մեդալ` շնորհված ԼՂՀ նախագահի կողմից, «Լիբանանի Հանրապետության Նախագահական զրահ» շքանշան` շնորհված Լիբանանի Հանրապետության նախագահ գեներալ Միշել Սուլեյմանի կողմից, «Գրիգոր Լուսավորիչ» պատվո շքանշան` շնորհված Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից, «Մարշալ Գեորգի Ժուկովի անվան շքանշան» շնորհված ՌԴ Նախագահի կողմից, «Ռուսաստանի Դաշնության կառավարական` Վալերի Բրյուսովի անվան մեդալ, ՀՀ Պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» մեդալ, ՀՀ Պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» շքանշան, ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալ, ՀՀ Կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ, ՀՀ Բնապահպանության նախարարության ոսկե մեդալ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ոսկե մեդալ, «Մանթաշյանց ասպետ» պատվո ադամանդյա շքանշան` շնորհված ՀՀ Մշակույթի նախարարության և «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կողմից, «Մանթաշյանց ասպետ» պատվո պլատինե շքանշան` մշակույթի զարգացման գործում բացառիկ ներդրման համար, «Երևանի զինանշան» հուշամեդալ` Երևանի քաղաքապետի կողմից, ՀԱՕԿ-ի ոսկե շքանշան, Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի (հայկական մասնաճյուղ) իսկական անդամի, ակադեմիկոսի կոչում, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի պատվավոր դոկտորի կոչում, Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի (Հանովեր, Գերմանիա) պատվավոր ակադեմիկոսի կոչում, Եվրոպայի Ասպետական Միացյալ Օրդենի Սենատորի շքանշան, Ալեքսանդր Մանթաշևի անվան շքանշան` Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի կողմից, «Արծաթե ասպետական աստղ» բարձր պարգև` Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի նախագահության կողմից (կենտրոնակայանը` Հանովեր, Գերմանիա), «Բնապահպանական պատվոգիր 2011»` World Land Trust-ի կողմից` Հայաստանի բնական հարստության պահպանման գործում ունեցած զգալի ավանդի համար, «Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և գործարար կառավարման ֆակուլտետի կողմից հիմնված` «Բիզնես առաջնորդության» մրցանակ և այլն։

Ռալֆ Յիրիկյանին շնորհվել է բարձրագույն ուսումնական և գիտական մի շարք հաստատությունների պատվավոր դոկտորի աստիճան և այլ պատվավոր կոչումներ, այդ թվում` «Տարվա մարդ» կոչումը` «Հայաստանի ոսկրածուծի դոնորների ռեեստր» հիմնադրամի և «Հանրօգուտ գործունեության համար» մրցանակը` Թեքեյան մշակութային միություն Լոնդոնի «Թեքեյան խնամակալ մարմնի» կողմից։


Նույն շարքից