Տնտեսություն 

ՀՀ տնտեսական վիճակի վերլուծություն

analitik.am

Վերջին տարիներին ՀՀ-ն հայտնվել է տնտեսական ծանր պայմաններում: Դրա պատճառները բազմաթիվ են և ունեն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբեկտիվ հիմքեր: Հանրապետության տնտեսական ներուժի նման արագ քայքայումը և բնակչության լայն խավերի աղքատացումն արդյունք են հանրապետությունը հարևան երկրների կողմից երկարատև շրջափակման մեջ պահելու, տնտեսության խիստ բաց լինելու, հումքային կախվածության մեջ գտնվելու, պատերազմական գործողությունների մեջ ներքաշելու, ԱՊՀ-ի երկրների հետ տնտեսական ավանդական կապերի խզման, կամ խիստ կրճատման, Ռուսաստանի կողմից վարած տնտեսական ոչ կայուն քաղաքականության, որի ոլորտում մենք ստիպված հայտնվեցինք` չունենալով այլընտրանք: Պարզ դարձավ, որ բարեփոխումները երկարատև, խորը և առավել բարդ պրոցեսներ են, քան թվում էր սկզբում, որի ընթացքում տնտեսության վրա ազդելու զուտ մոնետարիստական քաղաքականությունը դրական ազդեցություն չէր կարող ունենալ: Նման քաղաքականությունը միանգամայն ընդունելի է զարգացած շուկայական տնտեսություն ունեցող երկրների համար: ՀՀ-ում ներկայումս մեծացող գործազրկության հետևանքով բնակչության հսկայական զանգվածներ զրկված են նվազագույն կենսապահովությունից և գտնվում են աղքատության եզրին: Աղքատությունը գնահատվում է որպես որոշակի նվազագույն պահանջները ապահովելու անկարողություն: Եթե միջին ընտանիքների ընթացիկ ծախսերի կեսը սննդամթերք ձեռք բերելու համար է, ապա աղքատների մոտ այն 73 տոկոս է, մինչդեռ ապահովված ընտանիքներում մոտ 31 տոկոս միայն: Ամենաշատ սպառվող սննդամթերքներն են` հացը, կարտոֆիլը, ճարպը: Շատ ցածր է մսամթերքի, կաթնամթերքի, մրգերի, բանջարեղենի սպառումը: Վերջին տարիներին բնակչության կենսամակարդակի վրա մեծ ազդեցություն ունի ծառայությունների սակագների աճը: Կենտրոնական ջեռուցման բացակայությունը Երևանի մեծ մասում ձմեռվա ամիսներին մի քանի անգամ մեծացնում է էլեկտրաէներգիայի ծախսը, որը շատ ընտանիքներ ի զորու չեն վճարելու: Բարձրացել է հատկապես գազի վարձը, հեռախոսավարձը, տրանսպորտի վճարումների չափը, իսկ ջրի չափազանց բարձր սակագինը բնակչությունը մեծ մասամբ հրաժարվում է վճարել: Խնդիրը այդ ծառայությունների ծախսերի ճշգրտումն է, կորուստների վերացումը և ոչ թե դրանց բարձր գները բնակչության վզին փաթաթելը: Բնակչության ցածր կենսամակարդակը մեծապես կախված է նաև եկամուտների ծավալի և դրամի արժեզրկման հարաբերությունից: Սովորական է դարձել արժեզրկման աճը եկամուտների աճի համեմատ, որը իջեցնում է իրական եկամուտների մակարդակը: Ներկայիս տնտեսական վիճակը, որում հայտնվել է հանրապետությունը, հաղթահարելի է միայն արտակարգ միջոցառումների իրականացման ճանապարհով, որոնք ուղղված կլինեն արտադրության անկման և բնակչության աղքատացման դադարեցմանը, ընդլայնված վերարտադրության գործընթացի վերականգմանը և տնտեսության կառուցվածքի արմատական փոփոխմանը: Դրա համար անհրաժեշտ է ձևավորել սոցիալական կողմնորոշված շուկայական այնպիսի մեխանիզմ, որն ուղղված կլինի մտածված, նպատակամղված կառուցվածքային, ինստիտուցիոնալ, վարկային, գնային քաղաքականությանը: Հանրապետության տնտեսության բարեփոխումների համակարգում անհրաժեշտ է տարբերակել առաջնահերթ և հեռանկարային խնդիրները: Կատարված վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ մեր երկրում տնտեսական բարեփոխումների հաջող իրականացման համար պահանջվում է ուսումնասիրությունների առնվազն երեք փուլ. 1անհրաժեշտ է տալ ստեղծված իրավիճակի գնահատականը, 2որոշել այն նպատակները, որոնց պետք է հասնել, 3.առաջարկել ինչպես առաջնահերթ, այնպես էլ երկարատև գործողությունների ծրագիր, որն անհրաժեշտ է դրված նպատակներին հասնելու համար:

Նույն շարքից