Վերլուծական Տնտեսություն 

Իրան-Ռուսաստան գազային համագործակցություն. Մարտահրավեր Արևմուտքին

analitik.am

Իրանի իսլամական հանրապետությունը ցանկանում է միջազգային շուկայում իրացնել իր գազային ռեսուրսները, սակայն Թեհրանը չի ցանկանում մրցակցության մեջ մտնել Մոսկվայի հետ: Իրանը նաև ցանկանում է գազ մատակարարել եվրոպացիներին: Փորձագետների վկայակոչմամբ Իրանում կան 33,6 տրիլիոն3 գազի պաշարներ՝ Ռուսաստանից հետո երկրորդ տեղում է գազի պաշարների տիրապետմամբ:

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մուհամեդ Ռեզի Նեմաթզադեի հայտարարությունը գերմանական «Handelsblatt» թերթում բավականին ուշագրավ է. «Ապագայում մենք ցանկանում ենք կարևոր դեր ունենալ գազի համաշխարհային շուկայում: Իրանն այսօր տիրապետում է աշխարհի ամենաշատ բնական գազի պաշարներին, մենք աշխատում ենք գազամուղի մասշտաբային նախագծի վրա, որի միջոցով «երկնագույն վառելիքը» Իրանի հարավային հատվածից կտեղափոխվի հարավ-արևմտյան հատված՝ Թուրքիայի սահմանի մոտ: Այդտեղից արդեն հնարավոր կլինի էներգակիրը արտահանել Արևմուտք»:

 

Սակայն Իրանը չի ցանկանում մրցել «Գազպրոմի» հետ. «Մենք չենք ուզում Ռուսաստանի մրցակիցը լինել, բայց մենք գիտենք, որ եվրոպացիներն ավելի շատ են գազի պահանջ զգում, ուստի մենք ուզում ենք գազի միջազգային շուկայում մեր տեղը զբաղեցնել: Իրանը կարող է վստահելի և երկարաժամկետ գործընկեր դառնալ Եվրոպայի համար: Մենք ունենք էներգակիրների պահուստներ և համագործակցային հեռանկարներ»,- ասել է Նեմաթզադեն:

 

Ունենալով գազի հսկայական պաշարներ Իրանն ամեն կերպ փորձելու է վաճառել այն Եվրոպային: Համաշխարհային շուկան էլ իր հերթին չի հրաժարվի գնել այն: Հետաքրքիր է միայն, թե այս պայմաններում ինչպե՞ս է Իրանը դաշնակցելու մրցակից Ռուսաստանի հետ:

Այստեղ պետք է մի քանի կարևոր հանգամանք հաշվի առնել:
Պետք է սկսել թուրքական հարցից: Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեհը Թուրքիայի զարգացման հարցերով նախարար Ջեվդետ Յալմազովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Թուրքիայի կողմից արբիտրաժային դատարանին ներկայացված հայցը Իրանից արտահանվող գազի գնի մասով խնդիրներ չի ստեղծի Թեհրանի համար: Արբիտրաժն ամենայն հավանականությամբ ի օգուտ Իրանի որոշում կկայացնի: Թուրքիային գազն ավելի մատչելի գնով վաճառելու վերաբերյալ հարցն էլ դեռևս քննարկվում է:

Հիշեցնենք, որ Թուրքիան դիմել էր Միջազգային արբիտրաժային դատարանին՝ բողոքելով Իրանի դեմ, որ վերջինս թանկ գնով է գազ վաճառում: 1000 մետր3 գազի դիմաց Իրանը Թուրքիայից վերցնում է 490 դոլար: Անկարայի պնդմամբ Ադրբեջանը և Ռուսաստանը Թուրքիային գազ են վաճառում 335 և 425 դոլարով՝ 1000 մետր3 -ի դիմաց:

Թուրքիան ժամանակին Իրանից զեղչ էր պահանջել՝ 32,5%-ի չափով, որպեսզի գազի գինը հասնի ադրբեջանական գազի գնին և դրանով իսկ «կոտրի» ռուսական գազի գինը: Խոսքը փաստացի վերաբերում էր Անկարա-Թեհրան-Բաքու էներգետիկ միության ստեղծմանը:
Սակայն Իրանը հայտարարում է, որ պատրաստ է սկսել դեպի Թուրքիա գազամուղի շինարարությունը և գազի արտահանումը Եվրոպա, բայց դրա հետ մեկտեղ հարգում է Ռուսաստանի հետաքրքրությունները և պատրաստվում է կառուցել իր գազային քաղաքականությունը՝ հաշվի առնելով վերջինիս շահերը և չստեղծելով անօգուտ մրցակցություն:

Արդյունքում ռուս-իրանական տանդեմի ձևավորումը բոլոր ուղղություններով մարգինալացնում է Ադրբեջանի էներգետիկ դիրքը:
Այդուհանդերձ Իրանի դիրքերը սանկցիաների պատճառով թուլացած են, և Թուրքիան դա օգտագործում է, միևնույն ժամանակ շահարկելով նաև Արևմուտք-Ռուսաստան փոխհարաբերությունները: Չի կարելի նաև բացառել, որ ՌԴ-ն այլ քաղաքականություն կկիրառի Իրանի նկատմամբ՝ կօգնի վերջինիս հանքարդյունաբերության ճյուղերի և ուղղությունների զարգացման հարցում: Խոսքը վերաբերում է Թեհրանի և Մոսկվայի փոխհամաձայնեցված համագործակցությանը էներգետիկ քաղաքականության հարցում: Չի բացառվում, որ Թեհրանը միանա «Հարավային ճյուղին»:

 

Հայաստանը նույնպես նախատեսում է ավելացնել Իրանի բնական գազի վաճառքի չափը՝ հասցնելով տարեկան մինչև 2 մլրդ3-ի: Դա մոտ 75%-ով ավել է ներկայիս գնվող ծավալից: Մոտ ապագայում Հայաստանը կարող է միջանցիկ գոտի դառնալ Իրանի գազը Եվրոպա տեղափոխելու ճանապարհին:

 

Իրանի և Ռուսաստանի գազային դաշնակցության վերաբերյալ իր սեփական կարծիքն ունի վերլուծաբան Էլ-Մյուրիդը, ով մեջբերել է Իրանի առևտրի նախարար Նեմաթզադեի հայտարարությունը և մեկնաբանել այն. «Այո, Իրանն աշխարհում երկրորդն է գազի պաշարներով՝ Ռուսաստանից հետո, այն տիրապետում է աշխարհի գազի պաշարների 18%-ին, սակայն Իրանի արտահանումն համաշխարհային գազի առևտրում կազմում է ընդամենը 1%: Իրանն ունի երկու հիմնական խնդիր, որոնք թույլ չեն տալիս նրան ամբողջովին օգտագործել իր բնական ռեսուրսները՝ աշխարհագրական դիրքը և երկրին շրջապատող քաղաքական մթնոլորտը:


Լեռնային գոտին և գազի ցամաքային ճանապարհով տեղափոխման աշխարհագրական բարդությունը լրացվում է Պարսից ծոցի բոլոր երկրների նեղուցով՝ Օրմուզյան ջրանցք: Իրանի շուրջ ձևավորված քաղաքական մթնոլորտը նույնպես բարենպաստ չէ, ինչի հետևանքով Իրանի նկատմամբ մշտապես սանկցիաներ և սահմանափակումներ են կիրառվում: Պետք է նաև նշել, որ Իրանն ունի մի շարք ներքին խնդիրներ: Իրանի էներգոբազայում գազի մասնաբաժինը կազմում է 50%, սակայն գազային էլեկտրակայանների հնացած սարքավորումները շատ ավելի քիչ արդյունավետությամբ են աշխատում,քան ժամանակակից սարքավորումները, ինչի հետևանքով գազի զգալի հատվածը դատարկ է այրվում:

 

Էլեկտրակայանների մոդեռնիզացումը կբարձրացնի էներգոարդյունավետությունը, ինչպես նաև կխնայի թանկարժեք էներգակիրը»:
Էլ-Մյուրիդի կարծիքով սանկցիաների փաթեթի հետաձգումը և Իրան-Արևմուտք հարաբերությունների բարելավումը նախադրյալներ ստեղծեցին, որպեսզի Իրանը կարողանա սարքավորումների մոդեռնիզացիայի հարցը լուծել: Հենց գազի արտահանումն էլ անհրաժեշտ ռեսուրսներ կստեղծի մոդեռնիզացիոն ծախսերը հոգալու համար:

 

Եվրոպական շուկան գրավիչ է, սակայն կա երկու խնդիր՝ Մերձավոր Արևելքում «արաբական գարնան » հետևանքով ստեղծված անկայուն վիճակը և Իրանի հայտարարությունն այն մասին, որ չի ցանկանում մրցել Ռուսաստանի հետ:

Եվրոպան փորձելու է Իրանի միջոցով հասնել գազի գների և մատակարարման պայմանների թելադրմանը, ուստի Իրանի նման կեցվածքը ՌԴ-ի նկատմամբ նրան ձեռնտու չէ: Հենց դրա համար էլ նախատեսված է Երրորդ էներգոփաթեթը, ուստիև Իրանը հանդես է գալիս ի օգուտ Ռուսաստանի հետ համագործակցային գազային քաղաքականության:

 

Երրորդ էներգոփաթեթը, որը պահանջում է գազի արտադրության, փոխադրման և առևտրի բաժանում, լրջորեն վնասում է ՌԴ շահերին: Եվրոպան Ռուսաստանից պահանջում է ենթարկվել իր պայմաններին այն դեպքում, երբ ինքն ավելի շատ հակված է իրավունքների պաշտպանությանը, երբ հարցը վերաբերում է եվրոպական շահերին: Իրանի՝ «Հարավային ճյուղին» հասանելիությունը թույլ կտա Ռուսաստանին ֆորմալ հետևել էներգոփաթեթի պայմաններին և միաժամանակ թույլ չտալ իր համար ոչ ցանկալի մրցակցությունը:

 

Նման մոտեցումը ՌԴ-ին թույլ կտա բավարարել իր հետաքրքրությունները Թուրքիայում՝ եթե վերջինս միջանցիկ գոտի դառնա իրանական գազի դեպի Եվրոպա փոխադրման համար, ապա վերոնշյալ մոտեցումը թույլ կտա համաձայնեցնել գազային քաղաքականությունը: Եթե նման մոտեցումն արդյունավետ լինի, ապա հետագայում այն կարելի է կիրառել արևելյան ուղղությամբ՝ Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ղազախստանի, որոնց հետ ՌԴ-ն ամուր դիրքերում է, միջով գազը տեղափոխել Չինաստան: Այս դեպքում էլ Իրան-Ռուսաստան գազային ընդհանուր քաղաքականությունը միանշանակ շահեկան է երկուսի համար էլ:

 

Այսպիսով, երկու հզոր խաղացողները, որոնց հետ Արևմուտքը բարիդրացիական հարաբերություններ չունի, սակայն մեծապես կախված է նրանցից՝ էներգակիրների մասով, պետք է միավորվեն, որպեսզի համախմբված առաջ տանեն իրենց շահերը գեոպոլիտիկ հարթության մեջ, որտեղ դեռևս տրամադրություն են ստեղծում ԱՄՆ-ն և վերջինիս դաշնակից ԵՄ-ն:

 

Այսօր Արևմուտքը ստիպված մրցակիցներին դարձնում է իրեն դաշնակից, քանզի, եթե նախկինում երկրները մրցում էին միմյանց հետ՝ խաղալիք դառնալով Արևմուտքի ձեռքում, այժմ արդեն կարող են միավորվել և շահերի բաժանման սկզբունքով առաջ շարժվել միասին՝ սեփական երկրի շահերը վեր դասելով Արևմուտքի շահերից:

Նույն շարքից