Վերլուծական Տնտեսություն 

Հայաստանի մարզերում հյուրանոցները անհամաչափ են զարգանում

analitik.am

2013 թվականին Հյուրանոցային տնտեսությունն ապահովել է Հայասատանի ՀՆԱ-ի  0.4%-ը:  ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ Հայաստանում այսօր գործում է 175 հյուրանոց, որից 63-ը Երևանում է: 175 հյուրանոցն, ընդհանուր հաշվով, ունի 6 հազ. համար և 11 հազ. ննջատեղ: Նշենք, որ հյուրանոցային տնտեսության մեջ են մտնում ոչ միայն հյուրանոցները, այլև՝ առողջարանները, զբոսաշրջային տները, հոսթելները, մոթելները:

 

Հայաստանում զբոսաշրջիկների թիվը ձմռան ամիսներին ավելի քիչ է լինում, քան ամռանը: Դա նպաստում է  հյուրանոցների՝ ձմռանը քիչ ծանրաբեռնված լինելուն:  Հարկ է նկատել, որ նախորդ տարի Հայաստան ժամանած զբոսաշրջիկների միայն 15 %-ն է օգտվել հյուրանոցների ծառայություններից: Նրանց այլընտրանքն այս դեպքում վարձով բնակարաններն են ու ծանոթ-բարեկամների տները:

 

 2013 թվականի զբոսաշրջության մրցունակության զեկույցում Հայաստանը մի շարք առումներով բարելավել է իր դիրքերը, սակայն հյուրանոցների համարների քանակի առումով վատթարացում է արձանագրվել՝ ինչպես փոխանցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 140 երկրների շարքում Հայաստանը 109-րդ հորիզոնականից իջել է 111-րդ:

 

Բայց ասել, որ հյուրանոցային տնտեսությունը Հայաստանում չի զարգանում, միանշանակ սխալ կլինի: Այդ մասին են վկայում վիճակագրական տվյալները, ըստ որոնց, 2005 թվականի համեմատ, Հայաստանում հյուրանոցների թիվը մոտ երկու անգամ աճել է: Տրամաբանական է, որ այս աճը զուգահեռ է Հայաստան կատարած ներգնա զբոսաշրջային այցելությունների քանակի աճին, որի դինամիկան ունի հետևյալ պատկերը.


 

Հյուրանոցների թվի աճն իր հերթին նպաստել է դրանց սպասարկման որակի բարձրացմանը: Դա էլ իր հերթին մրցակցության ավելացման արդյունք է՝ որքան շատ հյուրանոց, այնքան մեծ մրցակցություն:

 

Հյուրանոցները, սակայն, Հայաստանում ոչ համաչափ են բաշխված: «Երևանում, փառք Աստծու, ընտրության հնարավորություն կա: Մարզերում, սակայն, հյուրանոցները անհամաչափ են զարգացած: Օրինակ՝ Ծաղկաձորն ունի շատ լավ հյուրանոցային բազա: Գորիսում ևս վատ չի: Իսկ Գյումրին այս առումով շատ տխուր վիճակում է, ու դա այն դեպքում, երբ Գյումրին հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Մեզանից սպասում են, որ զբոսաշրջիկը ոչ թե ուղղակի 2 ժամով կայցելի Գյումրի, այլ գոնե 1-2 օր կանցկացնի այնտեղ: Բայց որտե՞ղ անցկացնեն … Ամբողջ Գյումրին ունի 3  հատ փոքրիկ հյուրանոց՝ մինչև 20 սենյականոց: Կան ևս երկու հյուրանոցներ, որոնք տուրիստական չեն համարվում:  ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի համար սա քիչ է», -  Analitik.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ավարայր» տուրիստական ընկերության տնօրեն, տնտեսագետ Արկադի Սահակյանը:

 

Բացի Գյումրիից, նա առանձնացրեց նաև Վանաձորի հարցը: Եթե այն դիտարկենք որպես տուրիզմի ապագա կենտրոն,  ապա հյուրանոցային այսօրվա բազան շատ ավելի տխուր վիճակում է: «Կան հանգստյան տներ. դրանք հյուրանոց չեն: Կան մի քանի փոքրիկ հյուրանոցներ, որոնք չեն բավարարում տուրիզմի պահանջներին»,- ասաց տնտեսագետը:

 

Համեմատության համար նշենք, որ եթե այսօր միայն Երևանում գործում է 63 հյուրանոց, ապա 10 մարզերում միասին վերցրած՝ դրանց թիվը 112 է:

 

Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2013 թվականին Հյուրանոցային տնտեսության ընդհանուր շրջանառությունը տարեկան կտրվածքով 10.7% -ով աճել է՝ կազմելով 17.8 մլրդ դրամ:

 

 

Սեդա Հերգնյան

 

 

Նույն շարքից