Հայաստան Վերլուծական Քաղաքականություն 

Ի՞նչ կփոխվի «կողմ» և «դեմ» կոճակների սեղմումից

analitik.am

Չնայած դեռևս գների աճն իրեն այդքան էլ զգացնել չի տալիս, բայց Ազգային Ժողովում գրեթե ամեն օր «գլուխ են կոտրում», թե ինչ են անելու հնարավոր թանկացումների դեպքում: Այսօր, ԱԺ-ում 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի քննարկման ժամանակ, Աժ խմբակցությունների պատգամավորները հարցեր ուղղեցին ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին: Վերջիններիս ամենից շատ հետաքրքում էր, թե ի՞նչ հետևանքներ կամ ի՞նչ ազդեցություն կունենա մեր ՀՆԱ-ի վրա ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացը, ո՞ր ապրանքները կթանկանան և այլն:

 

Որոշ ՀՀԿ –անների բացառապես հուզում էր հետևյալը՝ «ԵՏՄ-ին անդամակցելով ի՞նչ կարող ենք շահել, ավելի կոնկրետ՝ բիզնես շահ կարո՞ղ ենք ունենալ արդյոք, թե՞ ոչ»: Ֆիննախարարին ուղղված հարցը հետևյալն է.
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացը բնորոշեց «միանշանակ արկածախնդրություն», որի մեջ ներքաշվել է նաև Հայաստանը: «Ժառանգության» այս դիրքորոշումը նորություն չէ, հատկապես երբ յուրաքանչյուր կուսակցություն արտահայտվում կամ կարծիք է հայտնում սոսկ սեփական շահերից ելնելով: Այս առումով, ԱԺ խմբակցությունների վերաբերմունքը՝ ԵՏՄ-ի անդամակցության հարցում, հասկանալի է:

 

Ուշագրավ է, որ ԱԺ-ում, ցանկացած հարցի քննարկում, անկախ իր լրջությունից, ի վերջո, զավեշտի է վերածվում և պատգամավորները՝ մեկը մյուսից առաջ ընկնելով, փորձում են փայլատակել սեփական մտքի պայծառությամբ: Այսօր, այդ լրջագույն հարցի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մտահոգություն հայտնեց, թե ԵՏՄ անդամակցության գործընթացների պատճառով այժմ Երևանում 460 դրամով նույնիսկ դժվար է դոլար գտնել: Հարցին պարոն Կարայանը արձագանքեց, թե ՀՀ-ում փոխարժեքի լողացող կուրսի քաղաքականություն է վարվում և դա կապ չունի ԵՏՄ անդամակցության հետ: Փաշինյանը էլ ավելի մտահոգվեց, թե՝ «հիմա ի՞նչ, կանայք տրայնոյ օդեկոլոն կամ վարունգի դուխի՞ են սկսելու օգտագործել» կամ միգուցե արդեն «ղազախական կահո՞ւյք» ենք սկսելու օգտագործել: Հարցին, իր սրամտությամբ, շտապես միջամտել Հերմինե Նաղդալյանը՝ վրա բերելով՝ «Կռասնի օկտյաբր»:

 

Հ.Գ. Ինչպես ասում են՝ ա՛յ, այսպես էլ ապրում ու աշխատում ենք, (խոսքը, իհարկե, մասնավորապես, ազգի ճակատագրով մտահոգ չինովնիներին է վերաբերում, ովքեր օրնիբուն տքնում են, մեզ՝ շարքային քաղաքացիներիս, բարեկեցիկ կյանք ապահովելու համար): Ինչ վերաբերում է «կողմ» և «դեմ» կոճակներին, թե ով՝ որը սեղմեց, կարելի է ասել, այնքան էլ էական չէ և, դրանից, միևնույն է, ոչինչ չի փոխվելու: Որպես կանոն, «կողմ» են նրանք, ովքեր տարիներ շարունակ հավատարմորեն պայքարել են համակարգի դեմ` անխնա քննադատելով թե՛ երկրի նախագահին, թե՛ բոլոր այն քաղաքական գործիչներին ու կուսակցությունների, որոնց դեմ «բան ունեն». Իսկ մնացածը՝ նորմալ է, կամ, գոնե, կարելի է այդպես համարել:



Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից