Հայաստան Վերլուծական Քաղաքականություն 

Հիմա դու գողակա՞ն ես, թե՞ պատգամավոր

analitik.am

Վլադիմիր Գասպարյանի հայտնի այս արտահայտությունը վերջին շրջանում ավելի քան արդիական է դարձել: Խորհրդարանում ներկայացված «ազգընտիրներից» շատերը գողական բառապաշարով են «համեմում» իրենց ելույթները: Վերջին օրինակը գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանն էր: Նա ԱԺ ամբիոնից սպառնացել էր քրֆել բոլոր նրանց, ովքեր իրեն կհայհոյեն: «Պա՞րզ չի՝ ով ընձի քրֆի, ես էլ իրան պետքա քրֆեմ: Ամոթ ա, որ հելնում ասում են սրա մերը, նրա մերը: Ա´յ տղա, դու ի՞նչ գործ ունես ուրիշի մերերից»,- մասնավորապես «քրֆել էր» Սարոյանը:


Այն, որ Սարոյանը խորհրդարանը շփոթել էր իր հարազատ թաղի հետ, ակնհայտ է: Ակնհայտ է նաեւ  այն, որ միայն Սարոյանը չէ, որ այս ընթացքում «փայլել» է իր կոռեկտությամբ: ՀՀԿ-ական հանրահայտ Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի «արկածների» մասին մամուլը մեկ անգամ չէ, որ գրել է: Վերջինս անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել  ոչ միայն խորհրդարանի նիստերը լուսաբանող որոշ լրագրողների, այլ նաեւ իր գործընկեր պատգամավորների հասեցին: «Վեր ընգի տեղդ»,-  օրեր առաջ ԱԺ պատագմավոր Նիկոլ Փաշինյանին ասաց Շմայսը:



Այս առումով բավականին ակտիվ է նաև ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը՝ նույն ինքը Յուվեցի Կարոն, ով խորհրդարանում գուցե պասիվ է, բայց դատարանի առջև չի վախենում և  մարդուն «վերացնելու» սպառնալիքներ է հնչեցնում: Այնպիսի «թքած ունեմ» կեցվածքով է խոսում դատավորի հետ, որ տպավորություն է ստեղծվում, թե մանդատը նրան տվել են ոչ թե օրինաստեղծ գործունեություն անելու համար, այլ օրենքին և օրենքի ներկայացուցիչներից հայհոյելու համար:



Խորհրդարանի որակի մասին խոսելիս, առնվազն անազնիվ կլիներ չհիշատակել «ծնոտ կոտրող» Թոխմախի Մհերին՝ Մհեր Սեդրակյանին: Այս անձնավորությունը ահավոր ծանր է տանում, երբ խորհրդարանի ամբիոնից քննադատություններ են հնչում իր կուսակցական ղեկավարի հասցեին: «Թոխմախն» ամբողջ էությամբ նետվում է պաշտպանելու  Սերժ Սարգսյանին՝ այդ ընթացքում չմոռանալով օգտագործել գողական բառապաշար:

Գողական բառապաշարով սիրում էր խոսել նաեւ ԱԺ նախկին նախագահ, ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մեկ անգամ չէ, որ նա գողական լեքսիկոնով է արձագանքել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին: Վերջինս իհարկե նույնպես որեւէ կերպ հետ չի մնում պատգամավոր-գողականներից: Փոստանջյանը մի քանի անգամ հասցրել է կալանավայրերից իրեն ուղարկված նամակները փոխանցել, իր խոսքով «գողական աբրաշատ» լինել ԱԺ-ում :



Այնպես, որ Օրենսդիրում գողականների պակաս չի զգացվում: Բայց ինչպես սիրում է ասել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը,  նրանք ոչ թե գողական այլ ժողովրդական բառապաշարով են խոսում: Օրինակ՝ մեկնաբանելով Սեյրան Սարոյանի ելույթը Սահակյանն ասել էր.«Ես չէի ասի գողական բառապաշարով, ժողովրդական բառապաշար է: Այն ռեգիոնում, որտեղ ինքը ծնվել է, էդ խոսքն օգտագործեց: Բայց միևնույն ժամանակ, եթե ժողովրդական բանն ու խոսքը չլիներ, այսօր Թումանյան չէինք ունենա, Տերյան չէինք ունենա»:



Ստացվում է՝  շուտով հայ հասարակությունն Ազգային Ժողովում ներկա է լինելու Սարոյանական, Շմայսական ու Թոխմախական երեկոների, համեմված պարզ, գյուղական ու  «գողական» բառապաշարով:


 

Կարեն Մեսրոպյան

Նույն շարքից