Վերլուծական 

ԱԺ 800 հոգանոց աշխատակազմը 131 պատգամավորի հետ չի հասցնո՞ւմ իր աշխատանքը կատարել

analitik.am

ԱԺ պատգամավորները լծվել են հերթական հայրենանպաստ օրենքի ստեղծմանը՝ պարզվում է ԱԺ-ում պետական բյուջեի նախագծում, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում բյուջետային մուտքերը եւ ելքերը ծրագրային եւ/կամ այլ ձեւաչափով ներկայացված փաստաթղթի վերաբերյալ տեղեկանքների տրամադրում իրականացնող մարմին չկա՝ չնայած որ ԱԺ-ում կա իրավաբանական և  տնտեսագիտական վարչություններ, տնտեսական և  ֆինանսաբյուջետային հանձնաժողովների աշխատակազմեր, խորհրդարանական խմբակցությունների մասնագետներ ու փորձագետներ,   պատգամավորների օգնականներ և ԱԺ  աշխատակազմում աշխատում է մոտ 800 մարդ, որին էլ գումարում ենք պատգամավորներին՝ ստացվում է 931 մարդ:



 

Այս ամենով հանդերձ ՀՀ տնտեսական ծանր վիճակում, երբ Հայաստանը հերթական վարկն է վերցնում, ԱԺ-ում նոր աշխատակիցների կարիք է զգացվում, ովքեր ասենք պետական բյուջեի նախագծի ամփոփ նկարագիր կպատրաստեն, որպեսզի մեր գերզբաղված պատգամավորները խնայեն իրենց ժամանակը՝ ոչ թե ամեն տարի կարդան բյուջեի մասին պատմող այդ բազմաթիվ թերթերը, չէ՞ որ նրանք մինչև մանրամասն չեն հասկանում ինչի մասին է խոսքը, չեն քվեարկում: Մենք բազմիցս համոզվել ենք դրանում՝ մասնավորապես այն դեպքերում, երբ հարցեր են ուղղվել պատգամավորներին իրենց սեփական նախաձեռնությամբ ներկայացվող օրենքների վերաբերյալ, վերջիններս այնքան ծանրաբեռնված են եղել այլ օրենքներ ընթերցելու արդյունքում, որ մոռացել են, թե ինչի մասին է իրենց հեղինակած օրենքը:

 


 

Այնուամենայնիվ, համարենք, որ բյուջետային գրասենյակի ստեղծումն իրոք օրհասական պահանջ է ՀՀ ԱԺ-ի համար, որ այդ կառույցն օդ ու ջրի պես անհրաժեշտ է թե ԱԺ պատգամավորներին, թե ՀՀ քաղաքացիներին, թե կառավարությանը, մի խոսքով հենց այդ կառույցի բացակայության պատճառով է, որ ՀՀ տնտեսությունը չի զարգանում: Առավել ևս, որ բյուջետային գրասենյակի մասին օրենքը գրված է շատ գրագետ, գրավիչ և արժանի է բարձր գնահատականի: Այդ դեպքում առաջարկում ենք ԱԺ-ին վերանայել իր 800 հոգանոց աշխատակազմը՝ հասկանալու համար, միգուցե, իրո՞ք, մի փոքր շատ է 800 հոգին 131 հոգու համար կամ միգուցե այդ 131 հոգին մշտապես  ՙհիվանդ՚ և զբաղված լինելու պատճառով չե՞ն  հասցնում պատգամավորական աշխատանքով զբաղվել և ավելի լավ կլինի ոչ թե նորանոր կառույցներ ստեղծել, որոնք ՀՀ պետական բյուջեի  միջոցների հաշվին կօգնեն նրանց կատարել իրենց աշխատանքը, այլ ուղղակի փոխարինել նրանց առողջ և այլ բաներով՝ մենք ի նկատի չունենք բիզնեսը, չզբաղված մարդկանցով:

 



Ամեն դեպքում պետք է ազգովի մտածենք մեր պատգամավորներին օգնելու մասին, այլ ոչ թե քննադատենք: Չի կարելի՝ հասկանալ է պետք, մարդիկ օրնիբուն աշխատում են հանուն մեր բարեկեցության: Աշխարհի առաջադեմ երկրներում օլիգարխները պատգամավոր են դառնում, որպեսզի անձեռնմխելիություն ունենան, որպեսզի իրենց բիզնեսների համար երաշխիք ունենան՝ կարողանան այլ երկրների գործարարների  հետ գործարքներ կնքել, սեփական բիզնեսին նպաստող օրենքներ ընդունել, իսկ մեր պատգամավորները մտածում են բյուջեի մասին, ուստիև հատուկ մարմին են ստեղծում, որ հանկարծ որևէ մեկը այդ բյուջեից մի դրամ չկարողանա առանց իրենց գիտության վերցնել՝ սա ամենակարևորն է այս ամեն ինչում:



Տեսնենք, թե ԱԺ պատգամավորներն  էլ ինչ  կրեատիվ գաղափարներով հանդես կգան: 


Հ.Գ. Հետևենք, տեսնենք, թե ինչ նոր պրոֆեսիոնալներ են աշխատելու ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակում՝  ի օգնություն ՀՀ ԱԺ պատգամավորներին:

Նույն շարքից