Գլխավոր Հասարակություն 

Հ1-ը խախտել է ՀՀ Սահմանադրությունը. Կարծիքներ Էլթոն Ջոնի՝ Հայաստանում միասեռականներին աջակցելու հայտարարության և Հ1-ի գրառման վերաբերյալ

analitik.am

Analitik.am-ը հարցում է անցկացրել տարբեր բնագավառներում աշխատող մասնագետների շարքերում՝ պարզելու համար, թե ինչպե՞ս են վերաբերվում  աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնի այցին Հայաստան։ Նշենք, որ հարցազրուցներից մեկում երգիչը հայտնել էր, որ նրանք եկել են այստեղ որոշ աշխատանք կատարելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ ոլորտում և ԼԳԲՏ համայնքի համար, հանդիպելու են այդ մարդկանց՝ նրանց հետ կապ հաստատելու, ծանոթանալու համար, որպեսզի կարողանան օգնել նրանց և որոշակի փոփոխություններ կատարել: Հանրության շրջանակում մեծ դժգոհություն էր առաջացրել նաև այն փաստը, որ  մայիսի 27-ին Հանրային Հեռուստաընկերությունն իր  եթերում Էլթոն Ջոնի կողքին նստած Դեյվիդ Ֆերնիշին ներկայացրել էր որպես  «Էլթոն Ջոնի ամուսին»:

Կապի ու հաղորդակցման գծով մասնագետ Արայիկ Բաղդասարյանի խոսքով, որպես արտիստ նորմալ է վերաբերվում նրա այցին, բայց երգչի արած հայտարարությունը ցույց է տալիս, որ նա եկել է ԼԳԲՏ համայնքին աջակցելու համար, ուստի արված հայտարարությունն իրեն դարձնում է ոչ ցանկալի հյուր մեր երկրում, իսկ ՄԻԱՎ/ՁԻԱՀ ոլորտում կարող են աջակցել նրանով, որ աշխարհում այդ ոլորտում առաջընթաց ունեցող անձանց հրավիրեն մեր երկիր՝  այդ ոլորտում աշխատող մեր բժիշկներին պատրաստելու համար. «Այնուամենայնիվ չէի ցանկանա, որպեսզի այս տիպի անձինք մեր երկրի համար ինչ-որ բան անեին: Ինչ վերաբերում է ԼԳԲՏ համայնքին հանդիպելու, օգնելու և որոշակի փոփոխություններ անելուն, ապա    նրանք կկարողանան իրենց նման այլասերվածների  համայնքին ֆինանսապես աջակցել, բայց փոփոխություն չեն կարող անել, քանզի այդ փոփոխությունը պետք է օրենքի ուժով արվի, նրանց իրավունքներ տրվի, որը մեր հայ ազգը թույլ չի տա։ Հանրային հեռուստաալիքն էլ  պետք է միայն նրա անուն ազգանունը գրեր, սակայն օգտվելով նրանից, որ դրան քաղաքացիներն ուշադրություն չեն դարձնի, իսկ դրսից սպասելով, որ ուշադրություն կդարձվի, կողջունվի և կաջակցվի, այդ շահամոլ հեռուստաընկերությունը ներկայացրել է այդպես»,- ասաց Ա.Բաղդասարյանը:

Հարցմանը մասնակցեց նաև երգիչ Արսեն Սաֆարյանը, ում վերաբերմունքը Էլթոն Ջոնի այցին դրական էր. «Մեր երկրում է համաշխարհային եզակի գերաստղերից մեկը, բազում համաշխարհային հիթերի հեղինակ, մարդ, ով մեր ապրածից շատ երգում է»,-ասաց Ա.Սաֆարյանը՝ կարևորելով Էլթոն Ջոնի  այցն աշխարհի ուշադրությունը դեպի մեր երկիրն ուղղելու հարցում:

«Չգիտեմ թե ինչ աշխատանքների մասին է խոսքը, չեմ էլ ուզում իմանալ։ Իմ կարծիքով, դժվար նման շեղումներ ունեցող մարդկանց հետ կարելի է որևէ աշխատանք տանել կամ գուցե ես չգիտեմ»,- ասաց երգիչը՝ հավելելով, որ եթե խոսքն այստեղ՝ Հայաստանում, իրենց համար պարարտ դաշտ ստեղծելու մասին է, ապա սխալ հասցեով են եկել, եթե ուզում են համոզվել, որ բռնություն չի իրականացվում նրանց նկատմամբ, մերոնք թող այդպես էլ ասեն իրենց, չի կատարվում և վերջ. «Բայց ես ուրիշ առաջարկ էլ ունեմ,թող ցուցակագրեն ու տանեն իրենց հետ, և բոլորը երջանիկ կլինեն՝ իրենք էլ, մենք էլ»։

Խոսելով Հ1-ի  գրառման վերաբերյալ Ա.Սաֆարյանն ասաց, որ դա առհասարակ հետաքրքիր չէ  իրեն. «Իր իրավունքն է, ում ամուսինը կհամարվի, ավելի լուրջ, ես կարծում եմ, որ սարսափելի ու վախենալու պատճառ չունենք, պետք չի այդքան վախենալ այլ կողմնորոշումներ ունեցող աստղերի կոչերից»,-եզրափակեց իր խոսքը Ա.Սաֆարյանը։

Իրավագետ Օլեգ Դուլգարյանի կարծիքով, Էլթոն Ջոնը հանրահայտ անձ է և իրեն հրավիրել է երկրի ղեկավարը (նկատի ունի նախագահ Արմեն Սարգսյանին). «Կարծում եմ այցելության հետ կապված նպատակներ կան՝ ավելի ճանաչելի դարձնել մեր երկիրը, ավելի շատ մարդիկ կիմանան Հայաստանի, մեր մշակույթի մասին, ինչը կբարձրացնի մեր երկրի հեղինակությունը: ՄԻԱՎ/ՁԻԱՎ վարակակիր մարդկանց օգնելը, նրանց բուժումը և նրանց աջակցելը հոգեբանական առումով պետք է լինի բոլորիս խնդիրը և ցավոք, մեր հասարակությունում  դեռևս խոցելի այդ հիվանդությունը կրող խմբի նկատմամբ չկա միանշանակ վերաբերմունք: Հաճախ մարդիկ խուսափում են նրանց հետ շփվել` մտահոգված լինելով, որ կարող են վարակվել կամ իջեցնել սեռական ստատուսը, ինչն անհիմն է:  Նման ակցիաների միջոցով է, որ պետք է օգնենք նրանց ներառել բոլոր սոցիալական խմբերի ձևակերպման մեջ և վերացնենք խտրականությունը, նույնը վերաբերում է բոլոր սոցիալական խմբերին: Բարեգործությունն ինքնին դրական երևույթ է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Հ1-ի գրառմանը, Օ.Դուլգարյանն ասաց. «Նուրբ հարց է և կարող է միանշանակ չընդունվել հասարակության կողմից, սակայն ողջունելին այն է, որ չեն փորձել խաբել հասարակությանը, այլ ներկայացվել է այնպես, ինչպես որ կա, և դա արդեն իսկ տապալում է թեման և այլևս երկար չի քննարկվի»։

Երգահան Մարինա Թագակչյանի մոտ Էլթոն Ջոնի անձը մեծ հակասություններ է առաջացնում. «Մի կողմից փայլուն երաժիշտ, մյուս կողմից՝ այլասերում ամրագրող, տարածող:  Հայաստան միակ արդարացված նպատակային այցը պետք է լիներ երաժշտասերներին գոհացնելու համերգ-ողջույնը, յուրաքանչյուր այլ այց, մանավանդ ՄԻԱՎ/ՁԻԱՀ  շրջանակներում,  ինձ համար անընդունելի է: Ասեմ ավելին՝  ծաղրի առարկա են, քանի որ հիմնական վարակի բռնկման պատճառը հենց իր կյանքով ու կենցաղով ապրողներն են հանդիսանում»։

Ֆիզիկոս, լեզվաբան, քաղաքական տնտեսագետ, բանաստեղծ, թարգմանիչ և ուսուցիչ Մերուժան Հարությունյանը ցանկացած մարդու բարեկամական այցը Հայաստան նորմալ է համարում. «Ի՞նչ պիտի ասեմ՝ առաջին երկուսը մեր օգուտն ա, երկրորդ հարցն իրա անձնական ու ԼԳԲՏ համայնքի ներքին գործն ա»։

ԷյԹի ՍՊԸ «Հայկական գանձեր» նախագծի ղեկավար Արշակ Պապոյանի կարծիքով, որպես բարեգործական այց, իհարկե, դրական է. «Ճիշտ է, իրենց համայնքին կատեգորիկ դեմ եմ, բայց իրանց իրավունքն ա, մենք էլ՝ որպես եվրոպամետ երկիր, պետք է իրենց մինիմում նեյտրալ տեսանկյունից նայենք: Նշեմ, որ ատում եմ իր մարդ տեսակը, ոչ մի բարեգործություն իր ապրելաոճի վրա չի կարող լույս գցել: Էն, ինչը կապված է իր գործունեության հետ, չի հետաքրքրում և զուտ ցենզուրան պահելու համար ավելի լավ է ոչ մի բառ էլ չասեմ»:

Տնտեսագետ Սոս Հայկազունին դեմ չի Էլթոն Ջոնի այցին Հայաստան,սակայն կտրականապես դեմ է ԼԳԲՏ երևույթների կենսակերպի քարոզչությանը. «Գտնում եմ, որ դրանք հիվանդ մարդիկ են և նրանց հիվանդությունը տարածելը հակամարդկային երևույթ է: Ինչ վերաբերում է Հ1-ին, ապա դա հակասում է ՀՀ Սահմանադրությանը, քանի որ, ըստ մեր երկրի Սահմանադրության, ամուսիններ են համարվում կնոջ և տղամարդու միասնության հետևանքով առաջացած զույգը, իսկ այս պարագայում՝ նույնասեռականին ամուսին ներկայացնելով, պետական հեռուստաընկերությունը խախտում է ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածը»:

Տեր Վիրապ քահանա Ղազարյանի խոսքով, այցի նպատակն իմանալուց հետո շատ վատ է վերաբերվել դրան, քանի որ նպատակներից մեկը պիղծ էր և անընդունելի. «Եթե նախապես ասել էր  գալու նպատակը, ուրեմն ամոթ թույլ տվողներին, իսկ եթե թաքցրել էր ու արտահայտվել է գալուց հետո, ուրեմն պետք է խիստ հանդիմանվեր: Սա չարիք է պարզապես իր տեսակով։ Մտավախություն ունեմ, որ ինչ-որ ուժեր են սրա հետևում թաքնված: Նույն նպատակով հետագա այցերն ու գործունեությունները պիտի կանխվեն: Դա շատ տգեղ երևույթ է, ոչ մի ձևով չընկալվող։ Հիվանդներ են, ովքեր ստեղծել են իրենց հիվանդ մթնոլորտը և ապրում են դրա մեջ: Երբ երկու տղամարդու ասում են ամուսիններ, դրա մեջ ոչ պոեզիա կա, ոչ սիմֆոնիա և ոչ էլ գեղեցկություն: Սա պարզապես գարշելի է, տգեղ ու դատապարտելի։ Սրանց մասին ընդհաանրապես պետք է քիչ խոսել ու արհամարել»,- ասաց քահանան:

Գյումրեցի ռեփփեր Ալբերտ Գևորգյանն էլ ասաց, որ որպես երաժիշտ նրա Հայաստան գալը նորմալ է համարում՝ այսինքն մշակութային ոլորտի հետ կապված գործունեությունը, բայց որպես  միասեռական, ոչ մի պարագայում չի ընդունում. «Եթե հարցը կապված է միասեռականների հետ, ուրեմն թող փասա փուսաները հավաքի ու ռադ լինի էս երկրից, դրանց տեղը Հայաստանը չի ու վերջ»։

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից