Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Կառավարության վրիպակը և այն ուրիշի վրա բարդելու անհաջող փորձը

analitik.am

Կառավարության աշխատակազմի ղեկավարի կողմից այսօր՝ հուլիսի 14-ին, տարածած պարզաբանումն այն մասին, թե իբր վրիպակ է տեղի ունեցել և սխալ թվեր է ներկայացվել՝ Տիգրան Ավինյանի ղեկավարած պատվիրակության կողմից ծախսված գումարների չափի մասով, ստիպեց Analitik.am-ին ուսումնասիրել Աղաջանյանի կենսագրությունը: Ինչո՞ւ է դա անհրաժեշտ: Նախ՝ կառավարության աշխատակազմի ղեկավարն իրականացնում է մի շարք կարևոր աշխատանքներ, որոնցից յուրաքանչյուրում թույլ տված վրիպակը կարող է բավականին լուրջ հետևանքներ ունենալ: Եթե ԶԼՄ-ին ուղղված պատասխանի մեջ թույլ տրված վրիպակը կարող է, ըստ Աղաջանյանի, մանիպուլյացիոն հնարքներով հագեցած պարզաբանում տարածելով լուծված համարել, ապա շատ այլ կարևոր հարցերում թույլ տրված վրիպակները կարող են թե տնտեսության, թե միջազգային հարաբերությունների և այլ կարևոր հարցերի վրա բացասական ազդեցություն ունենալ:

Էդուարդ Աղաջանյանը կառավարության աշխատակազմի ղեկավար է եկել սննդի կազմակերպման ոլորտից, ինչպես նշվում է նրա կենսագրությունում: Սակայն, նա պետք է հասկանա, որ թռիչքային անցումը դեպի կառավարության աշխատակազմի ղեկավար առաջին հերթին լրջագույն պատասխանատվություն է, ապա նոր ձեռքբերում:

Հետաքրքիր է նաև այն մոտեցումը, որով Աղաջանյանը փորձում էր լուծել իր իսկ կողմից թույլ տրված վրիպակը՝ ներկայացնելով այնպիսի պարզաբանման տեքստ, որից ենթադրվում էր, թե իբր ԶԼՄ-ն է մեղավոր: Սա նույնպես անընդունելի վարվելակերպ է պաշտոնյայի կողմից, քանի որ նույն կերպ կարող է Աղաջանյանը վրիպակներ թույլ տալ, օրինակ, ԱՄՆ, ՌԴ կամ այլ դեսպանություններին ուղարկված փաստաթղթերում, ապա ներկայացնել այնպես, որ իբր այդ կառույցներն են մեղավոր, ինչը սննդի կառավարման ոլորտի մասնագետը գուցե չհասկանա, բայց կարող է դիվանագիտական սկանդալի առիթ դառնալ: Աղաջանյանի անփորձությանը կարելի է մեղմ վերաբերվել՝ ասելով, թե ժամանակի հետ կսովորի, երիտասարդ է և այլն, սակայն միայն այն դեպքում, եթե վերջինս ունենա քաջություն և մասնագիտական էթիկա և խոստովանի իր սխալը, ներողություն խնդրի ԶԼՄ-ին սևացնել փորձելու համար, ապա խոստանա, որ այսուհետ ավելի ուշադիր կլինի և չի փորձի իր սխալներում այլոց մեղադրել: Նման կերպ են վարվում  բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող և ուժեղ մարդիկ, հուսանք, որ Աղաջանյանն ունի այդ հատկանիշները՝ չնայած իր անփորձությանը:

Հետաքրքիր է նաև, որ թվերում վրիպակ է թույլ տալիս մի մարդ, ով ավարտել է Մոնակոյի միջազգային համալսարանի բիզնես ադմինիստրացիայի ֆակուլտետը, ապա՝  Մոնակոյի միջազգային համալսարանի ֆինանսական ակտիվների կառավարման ֆակուլտետը։ Կարող ենք արձանագրել, որ Մոնակոյի վերոնշյալ ուսումնական հաստատություններին վստահելն արդեն կասկածի տակ է դրվում, քանի որ միջին վիճակագրական ֆինանսիստը կարող է սխալվել տեքստային, բայց ոչ մի դեպքում թվերի հետ կապված տվյալներ ներկայացնելիս: Սակայն, կա նաև երկրորդ երեսը՝ ոչ մի վրիպակ էլ տեղի չի ունեցել, ուղղակի փորձ է արվել տարածած պարզաբանման միջոցով մեղմել իրավիճակը՝ հանելով ավիատոմսերի վրա ծախսված 2 607 597 ՀՀ դրամի չափով գումարը և պարզաբանման մեջ ներկայացնել միայն օրապահիկի և գիշերակացի ծախսերը, որը կազմում է 4.857.000 ՀՀ դրամ՝ ներկայացնելով դա որպես ընդհանուր ծախսված գումար: Սա, իհարկե, մանիպուլյացիոն հնարք է, որն արվում է հասարակության վրդովմունքը մեղմելու համար, սակայն, կարծում ենք, որ թավշյա հեղափոխությունն արած ՀՀ քաղաքացիներն արժանի են, որպեսզի իրենց իսկ կողմից կարգված կառավարության անդամներն ու իրենց աշխատակազմերն անկեղծ լինել իրենց հետ, այլ ոչ թե փորձեն ներկայացնել այն, ինչ հարմար են գտնում:

Նշենք նաև, որ այս գումարը ծախսվել  է պատվիրակության միայն 3 անդամների ծախսերի վրա, իսկ կազմում ընդգրկված մյուս անդամների ծախսերը կներկայացնենք ավելի ուշ՝ նախարարություններից պատասխան ստանալուն պես: Հորդորում ենք նախարարություններին նախքան մեզ պատասխանելը վերջնական  ստուգել պատասխանի տեքստը և ուղարկել առանց վրիպակների:

Վերջում, հերթական անգամ ներկայացնում ենք կառավարության աշխատակազմի կողմից ուղարկված պատասխանը.

 

 

Նույն շարքից