Քաղաքականություն 

Քոչարյանը հուզիչ ելույթ է ունեցել․ Փաստաբանը գաղտնիքներ է բացահայտում

analitik.am

Այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը հայտնեց, որ հուլիսի 26-ի նիստը սկսելուց առաջ խնդրել են դատարանին, որ իրենց բավարար ժամանակ տրամադրվի կալանավորման միջնորդության քննարկմանը պատրաստվելու համար։

«Ասեմ, որ ՀՔԾ-ում մեզ տրվեց 136 էջ ունեցող փաստաթուղթ, ապա ևս 15 էջ: Դրանց 99 տոկոսը տպագիր տեքստեր են: Պատկերացնո՞ւմ եք ինչ ծավալի նյութ է կարդալու և մարսելու համար: Այն անձամբ ինձ համար կպահանջեր 12 ժամ: Ի դեպ ասեմ, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդված կետերից մեկով նշվում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ունենալու բավարար ժամանակ իր պաշտպանությունը նախապատրաստելու համար: Դատավորը մեզ լսեց և մերժեց: Պատճառաբանություն չի բերվել: Նման դատավարներն ուղղակի որոշում են»:

Սահակյանի խոսքերով, թավշյա հեղափոխությունից հետո հույսեր կային, որ ինչ-որ բան փոխվելու է, ժողովուրդը հույսով էր լցվել. «Իմ քաղաքական հայացքները կարևոր չեն, ես հույս ունեի, որ այս հարցում հեշտ կաշխատեմ, սակայն արդեն նման հույս չունեմ: Դա չի լինելու, եթե պարոն վարչապետը ձեռք չխփի սեղանին ու չասի՝ էս ինչ եք անում, դանա՞կ եք խրում իմ մեջքին: Իհարկե նա չի ասի, սակայն աշխատակազմից ինչ-որ մեկը պետք է այդ հարցը տա, և մենք կպրծնենք նման դատավորներից»:

«Մենք ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցինք մեզ բավարար ժամանակ չտրամադրելու համար: Պրոցեսն ընթացավ, հետաձգվեց, սակայն մինչ այդ հետաքրքիր դեպք տեղի ունեցավ: Հանկարծ ժամը 01:30-ին քննչական խումբը որոշում բերեց Քոչարյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, սրա մասին ոչ ոք չգիտի: Արդեն հապճեպ որոշեցին կալանավորել: Մենք կարող էինք գնալ, արթնացնել Քոչարյանին, որ չկալանավորեն, սակայն չարեցինք: Նա առավոտյան եկավ, բայց չկալանավորվեց: Ի դեպ մենք փաստաթղթերով ապացուցեցինք, որ իրենց գործողությունները չեն վկայում այն մասին, որ Քոչարյանին պատշաճ կերպով ծանուցել են: Սակայն նրանք դրա մեջ խնդիր չէին տեսնում: Սա ազդակ էր մեզ համար, որ կալնավորման միջնորդություն բավարարվելու է, իսկ գրավի միջնորդությունը՝ ոչ: Մենք հասկացանք, որ սա պատվեր է, բայց չեմ կարող ասել ում կողմից, կարող եմ ենթադրել, բարձրաձայնել՝ ոչ: Ամեն դեպքում ես գտնում եմ, որ մեղավորները գտնվում են Գլխավոր դատախազությունում և ՀՔԾ-ում»,-ասաց փաստաբանը:

Անդրադառնալով արդեն հուլիսի 27-ի նիստին՝ Սահակյանն ասաց, որ այն մեկնարկել է ժամը 11:00-ին. «Պարոն Քոչարյանը ներկա էր: Առաջինը նա ելույթ ունեցավ, բավականին հուզիչ ելույթ էր: Մենք ներկայացրեցինք մեր ելույթները: Կալանքի միջնորդությունն անհրաժեշտ է 2-3 պայման՝ անձի առնչությունը մեղադրանքին, հիմքերը, որ նա մնալով ազատության մեջ կխոսւսափի պատժից և մի շարք այլ պարտադիր հիմքեր: Չկար որևէ հիմնավոր կասկած: Առեղծվածային բաներ տեսանք, տգիտություն տեսանք, փաստերի խեղաթյուրում տեսանք, տեսանք, որ մարդիկ չեն հասկանում, թե ինչ են անում: Քննչական ապարատ մենք չունենք հանրապետությունում, սպանվել է, մահացել է այդ ապարատը: Միան մի փոքրիկ խումբ քննիչներ կան, որ արժանի են դրվատանքի: Նույն վիճակն է դատարանում, որտեղ հույս կարելի է դնել մի խումբ դատավորների վրա: Օրինակ ինչպես կարելի է որպես հիմնավոր կասկած բերել մի հանգամանք, որ X-ը դեպքերից 10 տարի հետո ցուցմունք է տալիս, որ իրեն ինչ-որ մեկտը պատմել է, որ էս ինչ ժամանակ կրակոցներ են եղել: Հիմնավոր կասկածներից մեկն այս ցուցմունքն է: Մենք կարող ենք ասել, որ չբացահայտռվող աղբյուրից ստացված տեղեկությունը չի կարող օգտագործվել որպես ապացույց: X-ի ինքնությունը հայտնի չէ, բայց Y-ին նրա տրամադրած տեղեկությունը հանդիսացել է Քոչարյանի հանցանքը հիմնավորող հանգամանք, որ Քոչարյանը տապալել է սահմանադրական կարգը: Դե արի ու դիմացիր: Ի վերջո կալանավորման մասին որոշում կայացվեց: Քննիչի որոշումից արտագրվեց ամեն ինչ և հայտարարվեց, որ հիմնավոր կասկած կա կալանավորում կիրառելու և գրավը մերժելու համար»:

Սահակյանի խոսքերով, հիմքերից մեկը, որ կալանավորման մասին որոշում է կայացվել այն է, որ Քոչարյանը հնարավորություն ունի երկրից հեռանալու համար. «Իսկ ո՞վ նման հնարավորություն չունի: Այս դեպքում կարելի է կայացնել որոշում և արգելանք դնել հանրապետությունից բացակայելու վրա։ Շատ փաստեր կան, որոնք խոսում են Քոչարյանի անմեղության մասին, սակայն այդ մասին չի խոսվում: Մենք ասել ենք, եթե մեզ տալիս եք նյութեր, որոնք մեղադրում են Քոչարյանին, ապա պետք է տաք նյութեր, որոնք արդարացնում են: Սա նույնպես չարվեց, դատավորի ականջները կարծես փակվել էին: Այս աստիճանի խախտումներ և իրավաբանական անգրագիտություն չեմ հանդիպել: Մտավախություն ունեմ, որ այսպես շարունակվեու դեպքում վիճակն ավելի է վատանալու: Շտկումներ պետք է լինեն, պետք է պատրաստվեն գրագետ քննիչներ, հակառակ դեպքում կկործանվենք, բոլորս կարող ենք հայտնվել բանտերում»։

Նույն շարքից