Տնտեսություն 

Կառավարությունն ընդունեց ջերմոցային տնտեսություններ հիմնելու հեշտացված հայեցակարգ

analitik.am

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության գյուղացիական տնտեսություններում ջերմոցային տնտեսության խթանման հայեցակարգին:

Ըստ այդ հայեցակարգի՝ մինչև 1000 քառ. մետր տարածքում նոր հեշտացված կարգով կարող են ջերմոցային տնտեսություն հիմնել, իսկ 1000 քառ. մետրից ավել տարածք զբաղեցնելու դեպքում նոր պետք է համապատասխանեցնեն որոշ չափանիշների:

Որոշման մասով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հույս հայտնեց, որ այն խթանելու է ՓՄՁ-ների զարգացմանը: Իսկ նախագիծը կառավարության հաստատմանը ներկայացրած ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղեյանն էլ նկատեց, որ նոր որոշումը նպաստելու է նաև աշխատատեղերի բացմանը:

Նախագծի համաձայն՝ բոլոր այն շենքերն ու կառույցները, որտեղ բույսեր աճեցնելու համար անհրաժեշտ արտաքին պայմանները ստեղծվում են արհեստականորեն և ապահովում են բուսական արտադրանք տարվա այն եղանակին, երբ բաց դաշտում դա հնարավոր չէ, կոչվում են պաշտպանված գրունտ: Պաշտպանված գրունտի կառույցներն են ջերմատները, ջերմոցները, ջեռուցվող գրունտը և պոլիէթիլենային թաղանթներով ծածկված գրունտը: Պաշտպանված գրունտի հիմնական խնդիրներն են` բաց գրունտի մշակության համար ապահովել սածիլների աճեցումը, կազմակերպել բանջարեղենի արտադրություն տարվա այն ամիսներին, երբ բաց գրունտում դա հնարավոր չէ և նպաստել ջերմասեր բանջարեղենի աճեցմանը հյուսիսային և լեռնային շրջաններում:

Ջերմոցներն հիմնականում ծառայում են գարնանը բաց գրունտի ցանքատարածություններին սածիլներով ապահովմանը, ինչպես նաև վաղ գարնան ամիսներին բաց գրունտից շուրջ 1 ամիս առաջ թարմ բանջարեղենի ստացման համար: Ջերմոցները համեմատաբար ավելի պարզ և մատչելի կառույցներ են` հիմնականում չջեռուցվող: Ջերմատները հիմնականում օգտագործվում են ուշ աշնան, ձմռան և վաղ գարնան ամիսներին` բուսական արտադրության համար: Ջերմատները ջերմոցների հետ համեմատած ավելի կատարելագործված, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած և ջեռուցվող հիմնական կառույցներ են:

Նույն շարքից