Գիտություն 

Նոր հուշագիր` ԱՄՆ Խաղաղության կորպուսի հետ

analitik.am

Կրթության և գիտության նախարարությունում նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ու ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սանի Լաուն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` Հայաստանում անգլերենի իմացության մակարդակի բարձրացման վերաբերյալ:

Համագործակցության շրջանակներում նախատեսվում է անգլերենի դասավանդման, լեզվի ակումբների հիմնադրման և արտադասարանական միջոցառումների միջոցով բարձրացնել Հայաստանում անգլերենի ուսուցման և իմացության մակարդակը: «Անգլերեն ուսուցում» ծրագրի շրջանակում հայ ուսուցիչներին կցուցաբերվի մասնագիտական աջակցություն՝ համատեղ դասավանդելու, դասընթացներն առավել արդյունավետ պլանավորելու և ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը բարելավելու համար:

Հուշագրի ստորագրումից հետո ԿԳ նախարարի տեղակալը կարևորել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հետ համագործակցությունը` առանձնացնելով մի հանգամանք. «ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները, Հայաստան  գալով,  իրենց հետ բերում են ազատ և քննական մտածողություն, շփման և հաղորդակցության նոր մշակույթ: Հայաստանից ԱՄՆ վերադառնալով` իրենց հետ տանում են մի կտոր Հայաստան: Ինքս առիթ ունեցել  եմ ԱՄՆ հսկայածավալ տարածքում հաճախ հանդիպել մեր երկրում աշխատած Խաղաղության կորպուսի կամավորների, ովքեր ցանկություն ունեն վերադառնալ Հայաստան»:

Ա. Անափիոսյանը հատուկ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սանի Լաուին` Հայասատանում կամավորության գաղափարի և մշակույթի տարածման համարը և ընդգծել, որ Խաղաղության կորպուսը մեր երկրում գործունեություն է ծավալում  սկսած 1992 թվականից և այս ընթացքում հատկապես կրթության ոլորտում ամերիկացի կամավորների կողմից կատարվել է մեծ աշխատանք: «Կամավորության մշակույթի փոխանցումը մեր հասարակության ինչպես երիտասարդության, այնպես էլ մեծահասակների համար, շատ կարևոր նշանակություն ունի և փոփոխության միտումներ մենք արդեն իսկ նկատում ենք»,- նշել է Ա. Անափիոսյանը և որպես ասվածի փաստարկում, ավելացրել, որ Կրթության և գիտության նախարարությունում ներկայումս մի խումբ կամավորներ են աշխատում:

Ներկայացնելով հուշագրի նպատակները` ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սանի Լաուն նշել է, որ կամավորները հայ ուսուցիչների հետ համատեղ կմշակեն կրթական նյութեր՝ գրադարանները և ռեսուրս կենտրոնները հարստացնելու նպատակով, իրենց ներուժը կներդնեն անգլերենի դասավանդման բարելավման համար. «Իրականում սակայն կամավորների առաքելությունն ավելին է, քան դասավանդումը և լեզվի տարածումը: Կամավորները դառնում են հայ համայնքի, հայ ընտանիքի մի մասնիկը: Բացի անգելերենի դասավանդումից, նրանք այստեղ ուսումնասիրում են հայակական մշակույթը, պատմությունը, լեզուն և այստեղից վերադառնում են սիրելով Հայաստանը»,- նշել է Սանի Լաուն:

Համաձայն հուշագրի` կամավորների ընտրությունը կատարվում է` հիմք ընդունելով լեզվական և մասնագիտական հմտությունները, երաշխավորագրերը, ինչպես նաև համապատասխանությունը տվյալ գործունեությանը:

Կամավորների հավաքագրումն ու ընտրությունը ԿԳ նախարարությունը ամբողջովին թողնում է Խաղաղության կորպուսի հայեցողությանը: Կամավորի ծառայությունը նախանշվում է 24 ամիս, իսկ կարճաժամկետ պայմանագրային կամավորների ծառայության տևողությունը՝ 3-12 ամիս՝ կախված նշանակումից: Նախարարությունն աջակցություն կցուցաբերի Խաղաղության կորպուսին` համապատասխան համայնքների և կազմակերպությունների ընտրության հարցում: Հուշագիրը կգործի 5 տարի ժամկետով:

Նույն շարքից