Տնտեսություն 

Հայաստանի տնտեսության ազատության վիճակը վատթարացել է

analitik.am

Heritage Foundation հիմնադրամը հրապարակել է այս տարվա տնտեսական ազատության ցուցիչը, ըստ որի՝ անցյալ տարվա համեմատ Հայաստանի տնտեսության ազատության վիճակը վատթարացել է 0.5 միավորով՝ ներդրումային, գործարարության և դրամական ազատության ոլորտներում գրանցված անկման պատճառով: 

Արդյունքում անցյալ տարվա 38-րդ հորիզոնականի փոխարեն (177 երկրների ցանկում)՝ այս տարի Հայաստանի տնտեսությունն զբաղեցրել է 41-րդ հորիզոնականը (178 երկրների շարքում)՝ 68.9 միավորով: 

Որքան բարձր է երկրի միավորը, տնտեսապես այնքան ավելի ազատ է այն համարվում: Ամենաբարձր հնարավոր միավորը 100-ն է: 80-100 միավոր ունեցող երկրները համարվում են ազատ երկրներ: Այդպիսիք են 6 երկրներ՝ Հոնկոնգը (90.1 միավոր), Սինգապուրը (89.4), Ավստրալիան (82), Շվեյցարիան, Նոր Զելանդիան, Կանադան: 70-ից 79.9 միավոր ունեցող երկրները համարվում են «առավելապես ազատ», 60-ից 69.9 միավոր ունեցողները՝ «չափավոր ազատ», 50-ից 59.9 միավոր ունեցողները՝ «առավելապես ոչ ազատ» և 49.9-ից ցածրը՝ «ոչ ազատ»: 

Հայաստանը «չափավոր ազատների» ցանկում է, ընդ որում՝ եվրոպական տարածաշրջանի 43 պետությունների շարքում Հայաստանը զբաղեցրել է 18-րդ տեղը: 

«Ցուցիչի ավելի քան 20 տարվա պատմության ընթացքում Հայաստանը 26.7 կետով է բարելավել տնտեսական ազատության ցուցիչը, որն այս տվյալի բարելավման չորրորդ ամենաբարձր ցուցանիշն է: Հայաստանն առաջխաղացում է ապրել 20 տարի առաջ եղած տնտեսական ճնշվածությունից մինչև այսօրվա տնտեսապես «չափավոր ազատ» պետության՝ գրանցելով ցուցանիշների բարելավում տնտեսական 10 ազատություններից ութում, այդ թվում՝ «ֆիսկալային ազատություն», «պետական ֆինանսական միջոցների կառավարում», «առևտրի ազատություն» և «ֆինանսական ազատություն» ցուցանիշներում: Տնտեսական ազատության ընդհանուր առաջխաղացման շնորհիվ տնտեսական հիմքի դիվերսիֆիկացումը բարելավել է Հայաստանի տնտեսական դինամիզմն ու նվազեցրել աղքատությունը», - նշված է զեկույցում:

Զեկույցի տվյալներով՝ Հայաստանում «սեփականության իրավունքները» ցուցանիշը գնահատվել է 30 միավոր, «ազատություն կոռուպցիայից»՝ 26.7 միավոր, «ֆիսկալային ազատությունը»՝ 86.5 միավոր, «պետական ծախսերը»՝ 81.3 միավոր, «գործարարության ազատությունը»՝ 83.1 միավոր, «աշխատանքի ազատությունը»՝ 78.5 միավոր, «դրամական ազատությունը»՝ 77.0 միավոր, «առևտրի ազատությունը»՝ 85.5 միավոր, «ներդրումային ազատությունը»՝ 70.0 միավոր, «ֆինանսական ազատությունը»՝ 70.0 միավոր:

«Դեռևս մնում են զգալի դժվարություններ, մասնավորապես՝ տնտեսական ազատության հիմքը հզորացնելու համար կարևորագույն նշանակություն ունեցող ինստիտուցիոնալ և համակարգային խորը բարեփոխումների իրականացման հարցում: Ինչպես գույքային իրավունքները, այնպես էլ ազատությունը կոռուպցիայից միջազգային չափանիշներից զգալիորեն ցածր են մնում, թույլ է մնում նաև իրավական բազան»,- ասված է զեկույցում:

Նշենք նաև, որ Վրաստանը 22-րդ հորիզոնականում է՝ 72.6 միավորով («առավելապես ազատ»), Ադրբեջանը՝ 81-րդ (61.3 միավոր՝ «չափավոր ազատ»), իսկ որոշ եվրոպական երկրներ Հայաստանից հետ են, թեև այդ երկրներն ավելի զարգացած են: Խոսքը, մասնավորապես, Լատվիայի (42-րդ հորիզոնական), Մակեդոնիայի (43), Կիպրոսի, Իսպանիայի, Լեհաստանի, Հունգարիայի, Սլովակիայի, Բուլղարիայի, Թուրքիայի, Ֆրանսիայի ու Սլովենիայի մասին է: Սա կարելի է բացատրել նրանով, որ տնտեսական ազատության ինդեքսը ավելի շատ ցույց է տալիս, թե երկրները ավելի մոտ են շուկայական մոդելի ազատակա՞ն, թե՞ սոցիալիստական բաղադրիչին: 

Ակնհայտ է, որ 70-րդ հորիզոնականում գտնվող Ֆրանսիան շատ ավելի արդյունավետ ու կայացած շուկայական տնտեսություն ունի, քան նրանից ներքև գտնվող շատ երկրներ (այդ թվում՝ Հայաստանը): Սակայն բարձր հարկերի, սոցիալական պաշտպանվածության բնագավառում առավել նշանակալի ծրագրերի և տնտեսությունը պետականորեն կարգավորելուն ավելի շատ հակված լինելու պատճառով Ֆրանսիան հայտնվել է 70-րդ հորիզոնականում:

Նույն շարքից