Իրավական 

Սպանության մեջ մեղադրվողները չեն ազատվելու պատասխանատվությունից․ Արտակ Զեյնալյանի պատասխանը Շարմազանովին

analitik.am

Կյանքի իրավունքի պաշտպանության մասով դուք միանգամայն ճիշտ եք, այստեղ չկա իշխանություն և ընդդիմություն, այստեղ իրավունքն ունիվերսալ է և դա հենց այդպես էլ կա։ Այսօր՝ նոյեմբերի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, որ ՊՊԾ գունդը գրավողներին համաներում շնորհելն անթույլատրելի է։

Զեյնալյանը հայտարարեց նաև, որ սպանության մեջ մեղադրվողների նկատմամբ համաներումը չի տարածվելու․ «Եվ ոչ միայն նրանց նկատմամբ, այլ նաև բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կունենան առարկություն պատանդառվածներից կամ մարմնական վնասվածքներ ստացածներից, այո, նրանց նկատմամբ համաներումը չի տարածվելու։ Իսկ սպանության համար  մեղադրվողները չեն ազատվելու պատասխանատվությունից։ Կուզենայի տարբերակում մտցնել իշխանափոխության և իշխանության յուրացման տերմինների մեջ, մեկը քաղաքական տերմին է, մյուսը՝ իրավական և ձեր նշած խմբին մեղսագրվում է իշխանության յուրացում՝ նախատեսված քրեական օրենսգրքի 300 հոդվածով և ըստ մեղսագրվող արարքի, ըստ մեղադրանքի, իրենց կամքից անկախ է, որ չի իրացվել։ Հետևանքների մասով, եթե մենք վերցնում ենք  քրեական օրենսգրքի մեղսագրվող հոդվածների հետևանքները, ապա դրանք էապես իրարից տարբերվում են, և կրկնում եմ տարբերակված մոտեցումը դեռևս խտրականաություն չի, սա իրավունքի այբուբենից է։ Եվս մեկ անգամ ուզում եմ կոչ անել բոլոր անձանց, ովքեր ազատվելու են համաներման արդյունքում, այնպես անել, որպեսզի Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունները չզղջան իրենց արած ներման համար»։

Ինչ վերաբերում է ցմահ ազատազրկվածների դատական գործերը վերանայելուն, Զեյնալյանը հայտնեց, որ ՀՀ քրեական օրենսգրքում կա մեխանիզմ նախատեսված գործերի վերանայմանը․ «Մենք կողջունենք, եթե այդ գործերը վերանայվեն և փարատվեն բոլոր կասկածները, անկախ նրանից դրանք ինչպիսի լուծում կստանան։ Եվ կարծում եմ, կգտնվեն փաստաբաններ, որոնք կլինեն ձեր հասանելիության տիրույթում, և գրագետ ձևով կշարադրեն այն դիմումներն ու բողոքները, որոնք կարող են հանգեցնել, հնարավորություն ունեն հանգեցնելու դատական գործերի վերանայմանը»։

Նախարարի պաշտոնակատարը խոսեց նաև վաղաժամկետ ինստիտուտի կիրառման վերաբերյալ՝ նշելով, որ  ՀՀ-ում այսպիսի ծավալով պայմանական վաղաժամկետ անցկացման ինստիտուտ երբեք չի կիրառվել․ «Բավականին դրական եզրակացություններ են ներկայացվում դատարաններ, և ներկայացված դիմումների մեկ երրորդից ավելին բավարարվում է, իսկ կանանց գաղութից, կանանց վերաբերյալ ներկայացվածների երկու երրորդն է բավարարվում»։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ կառավարության նախաձեռնությամբ գումարած արտահերթ նիստ ժամանակ 2-րդ ընթերցմամբ 75 կողմ ձայներով ամբողջությամբ ընդունեց նիստի օրակարգում ընդգրկված «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը։

Նույն շարքից