Քաղաքականություն 

ՊՊԾ գնդում զոհված գնդապետ Վանոյանը պաշտպանում էր նաև Նիկոլ Փաշինյանի պատիվը. Շարմազանով

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը խոսելով համաներման նախագծի մասին հայտարարեց, որ կողմ է համաներմանը, սակայն դեմ է ՊՊԾ գնդի գրավողներին համաներում շնորհելուն։

«Բնականաբար համաներման ակտը դա հումանիստական ակտ է և որևէ մեկը չի կարող համաներման ակտին դեմ լինել։ Մեր իշխանության շրջանում, մենք բազմաթիվ անգամներ, համաներման ակտով հանդես ենք եկել և ես ողջունում եմ առհասարակ համաներում հայտարարելու գաղափարը։ Այստեղ իմ և մեր սիրելի իշխանության կարծիքները համընկնում են, և այստեղ երկու կարծիքներ լինել չի կարող և շատ սպասելի էր, որ առաջին ընթերցմամբ միաձայն, այս ակտն ընդունվեց։

Բազմաթիվ անգամներ նշել եմ, որ ՊՊԾ գնդի գրավումը, դա հարձակում էր Հայաստանի Հանրապետության վրա, որևէ տարբերություն չեմ տեսնում ՊՊԾ գնդի գրավման, ՀՀ սահմանի դեմ ոտնձգության կամ Արցախում կանգնած մեր զինվորի վրա հարձակման միջև, որևէ տարբերություն չկա։ ՊՊԾ գնդում զոհված գնդապետ Վանոյանը պաշտպանում էր բոլորիս պատիվը, պաշտպանում էր ՀՀ-ի շահը, պաշտպանում էր ՀՀ-ն, Նիկոլ Փաշինյանից մինչև Էդուարդ Շարմազանով։

Եվ այսօր մենք ի՞նչ աչքերով ենք նայելու այդ մարդկանց ընտանիքներին, երբ որ ՊՊԾ գնդի գրավողներին այդ համաներման ակտով ազատ ենք արձակում, մենք սրանով ական ենք դնում մեր պետականության տակ։ Դուք պատկերացնում ե՞ք եթե նման բան լինի, էլի մենք պիտի համաներե՞նք։ Մենք ստեղծում ենք նախադեպ, երբ ասում են ՀՀ-ի վրա դու հարձակվի, մենք վաղը կհամաներենք։ Սա անթույլատրելի է և կրկնակի անթույլատրելի է ոստիկանապետի՝ ուժային կառույցների քար լռությունը, որը նաև պատանդ է եղել։

Իմ հերոսը ոչ թե ՊՊԾ գունդը գրավողն է, այլ իմ հերոսը գնդապետ Վանոյանն է, որը մինչև վերջին պահը ՀՀ-ի շահը պաշտպանել է, իսկ ապրիլյան պատերազմի ժամանակ գնացել մեր 18 տարեկան զինվորի կողքը կանգնել է։

Այստեղ ընդդիմություն, իշխանություն չկա, բոլորիս երեխաները մեր երկրում են ապրելու, մենք այս ի՞նչ ենք անում։

Համաներմանը կողմ եմ, ՊՊԾ գնդի գրավողներին համաներում անելուն դեմ եմ»։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ կառավարության նախաձեռնությամբ գումարած արտահերթ նիստի ժամանակ, 2-րդ ընթերցմամբ, 75 կողմ ձայներով ամբողջությամբ ընդունեց նիստի օրակարգում ընդգրկված «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը։

Նույն շարքից