Բարի օր Քաղաքականություն 

Ռուբեն Մելիքյանն իրավապաշտպան կառույց է հիմնադրում

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ ներկայումս Հայաստանի քաղաքացիական հասարակությունը նոր մարդկանց և ինստիտուտների կարիք ունի․ «Հայաստանում քաղաքական այս փոփոխությունների արդյունքում շատ մարդիկ, ովքեր նախկինում գտնվում էին քաղաքացիական հասարակության դաշտում, բնականորեն, տեղափոխվեցին պետական աշխատանքի։ Իրականությունը ցույց տվեց, որ հասարակական վերահսկողության առնվազն ինտենսիվությունն էապես նվազեց, իսկ ցանկացած իշխանություն կարիք ունի հասարակական վերահսկողության և կարող ենք հիշել և արձանագրել, որ նախաապրիլյան կամ նախամայիսյան Հայաստանում իրավապաշտպան գործունեությունը շատ արդյունավետ էր։ Հարցեր էին բարձրացվում պրոֆեսոինալ մակարդակով, այդ հարցերի որոշ հատվածը լուծում էր ստանում, հանրությունը կենտրոնացնում էր իր ուշադրությունը բարձրացրած հարցերի վրա և այլն։ Այսօր մենք տեսնում ենք, որ այս գործառույթը կարծես թե բաց է մնացել, և ես ինքս իմ գործունեությունը տեսնում եմ այս ոլորտում։ Այս պահին իհարկե պատրաստ չեմ կոնկրետություն մտցնել, որովհետև ընդամենն այն կարող եմ ասել, որ իրավապաշտպանական կառույց եմ հիմնադրում և բանակցությունների քննարկումների փուլում եմ գտնվում, և կարծում եմ, որ դա որոշակի ժամանակ կտևի, որովհետև փորձում ենք ռազմավարական բնույթի տեսլական ունենալ և այդ ռազմավարական բնույթի տեսլականը նաև պայմանավորված է մեր քաղաքացիական հասարակության իրավապաշտպան հատվածի կառուցվածքով»։

Մելիքյանի խոսքերով, կյանքը ցույց տվեց, որ այսօր մարդու իրավունքները բովանդակային առումով մեր հանրության սեփականությունն է․ «Ուրախ եմ, որ մենք այսօր համարում ենք մարդու իրավունքները մերը, օտար չենք համարում, ես այդպես կարող եմ գնահատել մեր հանրության մեծ մասը։ Այժմ հարմար պահ է, որպեսզի վերանայեն իրենց մոտեցումը մարդու իրավունքների ոլորտի նկատմամբ, և այպես ասած, ներդրումներ անեն մարդու իրավունքների ոլորտում, դառնան մարդու իրավունքների ոլորտում խաղացող, ինչը դիվերսիֆիկացիա կապահովի այդ ոլորտի համար և օրակարգը մարդու իրավունքների և իրավապաշտպանների գործունեության ավելի համարժեք կդարձնի մեր լայն առումով ազգային, հանրային օրակարգը։ Երկրորդը` ցավոք սրտի մեր իրավապաշտպանական դաշտը մեծ մասամբ Արցախում գործունեություն չի իրականացնում։ Հատուկենտ ծրագրեր են իրականացվում, այն էլ հիմնականում պայմաանավորված խաղաղասիրական գործունեության հետ, այսինքն` խաղաղության, երկխոսության հակառակորդ կողմի հետ և այլն։ Անգամ այս ոլորտը մեծ ճգնաժամի մեջ է, որովհետև գրեթե մարդիկ չկան, ում հետ կարելի է խոսել հակառակ կողմից, ինչու է այդպես, որովհետև հիմնական դոնորներն այն կառույցներն են, որոնք, մեղմ ասած, այլ մոտեցում ունեն Արցախի հարցի շուրջ, քան մեր ազգային մոտեցումներն են։ Եվ տարիների ընթացքում, ցավոք սրտի, մեր իրավապաշտպան ոլորտը չի կարողացել, գուցե բավականաչափ հետևողական չի եղել, այդ հարցը թողել է բաց»։

Ըստ Մելիքյանի, երևանյան իրավապաշտպան համայնքը մեծ մասամբ Արցախում ոչինչ չի անում․ «Իհարկե բացառություններ կան, շնորհակալ եմ այդ բացառությունների համար։ Ներգրավելով ազգային կառույցներին իրավապաշտպանական դաշտ` նաև ապահովել Արցախի համար իրավապաշտպանական գործունեություն, դրա կարիքը մենք շատ ունենք։ Եվ նաև մի փոքր փակագծեր բացեմ, թե երբ առաջացավ ինձ մոտ այս ներքին մղումը գալ Երևան, և Երևանից խոսել նույն խնդիրների մասին, ինչի մասին ես խոսում էի Ստեփանակերտից, դա հունիս ամիսն էր, երբ ես հրապարակավ հարց բարձրացրեցի, ասացի տեսեք Հայաստանում նոր իրավիճակ է ձևավորվել, բոլորս ճիշտ ենք ասում, որ կարծես թե միջազգային հանրությունը դրական է ընկալում հայաստանյան իրողությունները, ՀՀ-ի զարգացման ուղղությունը, մենք պետք է որ բարձրացրած լինենք մեր կշիռը, կապիտալիզացնենք նաև իրավապաշտպան ոլորտում, հարց բարձրացնենք ինչ-որ տեղ նաև պետության հետ կոնսուլտացիաներով միջազգային իրավապաշտպան համայնքի առջև որ եկեք փոխենք մեր մոտեցումը և Արցախում իրականացնենք գործունեություն։ Ցավոք սրտի բավարար չափով արձագանք չստացավ իմ կոչը, և սա ևս պատճառներից մեկն էր, որ այս ուղղությամբ մենք մեծ աշխատանք ունենք հենց Երևանից, հենց իրավապաշտպանական դաշտում»։

«Առաջինն անհրաժեշտ է օրակարգի համարժեք փոփոխություն, որպեսզի մեր իրավապաշտպանական գործունեության համակարգը համարժեք լինի մեր պահանջներին, երկրորդ` իրավապաշտպանական դաշտի այսօրվա ոչ արդյունավետ վիճակի փոփոխություն, որպեսզի այն վերստին դառնա արդյունավետ, ինչպես արդյունավետ էր ամիսներ առաջ, տարիներ առաջ մինչև ապրիլյան մայիսյան դեպքերը, երրորդ` դրա արդյունքում իրավապաշտպանական համակարգի և նաև ազգային ինստիտուտների մերձեցում, որը կարծում եմ շատ կարևոր է և դրանք հակասող երևույթներ չեն և չորրորդ` մեր համազգային խնդիրներին դրա ծառայեցում, մասնավորապես Արցախյան հանրությանը ևս շահառու դարձնել մարդու իրավունքների այն վիճակին, որն առկա է Երևանում, նաև կարողությունների զորացման, տարբեր տեսակի ծրագրերի իրականացման ճանապարհով և որպես ստրատեգիական նպատակ մեծացնելու և խորացնելու մեր հայրենիքի երկու պետությունների ինտեգրման նպատակը։ Այնուհանդերձ ես իմ գործառույթը կատարած համարեցի, երբ ավարտեցի ապրիլյան դեպքերի մեր փաստահավաք առաքելությունը»,-ասաց Մելիքյանը:

Նախկին ՄԻՊ-ը հայտարարեց նաև, որ իրավապաշտպան գործունեությունը պետք չէ կապել հակամարտության հետ․ «Չեմ կարծում, որ իրավապաշտպան գործունեությունն ուղղակիորեն պետք է կապել հակամարտության հետ, դրանք տարբեր երևույթներ են, ես` որպես մի փոքր դրանից հասկացող, երբեմն գուցե նաև փորձագիտական կարգավիճակով դրա մասին ինձ թույլ տամ որոշակիորեն արտահայտվել։ Ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի շատ հակամարտությունը ներկայացնենք որպես մարդու իրավունքների խնդիր, և ես ուրախ եմ, որ Հայաստանի քաղաքական իշխանությունները կարծես թե այդ գիծն են ձևակերպել։ Սա համազգային խնդիր է, և մենք պետք է ճիշտ հարցադրումներ անենք, որպեսզի մեր պատասխանները համարժեք լինեն»։

Նույն շարքից