Գլխավոր Հասարակություն 

Կոկորդիլոսների բուծման արդյունքում Հայաստան կարող են նոր ինֆեկցիաներ գալ. Սիլվա Ադամյան

analitik.am

Իր վերջին հարցազրույցների մեկի ժամանակ Արարատի մարզի մարզպետ Գարիկ Սարգսյանը նշեց, որ Դաշտավան համայնքում նախատեսվում է առաջիկա տարիներին հիմնել կոկորդիլոսաբուծարան: Նա նաև նշել էր, որ կենդանիները որոշակի տարիքի հասնելուց հետո մորթվելու են, իսկ նրանց կաշին օգտագործվելու է կոշիկի արտադրության համար:

Analitik.am-ն այս հարցի շուրջ զրուցել է կենդանաբան Մանուկ Մանուկյանի և բնապահպան Սիլվա Ադամյանի հետ: Կենդանաբանի խոսքերով, պետք է մասնագիտական խորհուրդ հավաքվի և քննարկում լինի. «Եթե մի կենդանի գիշատիչ է, ուրեմն վտանգներն անխուսափելի են: Այդ ծրագրից տեղյակ չեմ, չգիտեմ` ինչպես են սարքելու այդ տեղը և ինչ նպատակով են դրանց պահելու: Ինքս դեմ եմ վայրի կենդանիների բազմացմանը, հետո կաշի դարձնելուն ու կոշիկ կարելուն»:

Մեզ հետ զրույցում Մանուկյանն ասաց, որ կարևոր է այն, թե կենդանիներն ինչ չափի են լինելու և ինչ պայմաններում են պահվելու. «Հայաստանում շատ վտանգավոր է կոկորդիլոս բուծելը»:

Ըստ բնապահպանի, Գարիկ Սարգսյանը նման գործ սկսելու ոչ մի փաստաթուղթ չունի. «Նա 2 էջի վրա 5-6 դասարանի համապատասխան ծրագիր է ներկայացրել, որտեղ գրված է, որ իրենք, բացի կոկորդիլոս բուծելուց, պետք է ունենան այգի, որն անթույլատրելի է կոկորդիլոսաբուծարանի կողքին, որովհետև մարդկանց համար խիստ վտանգավոր է: Այդ նախագիծը կարդալուց հետո փորձեցինք կապվել նախաձեռնողի հետ և զգուշացնել, որ սա նախագիծ չէ և այս վիճակով չեն կարող կառավարությանը ներկայացնել այս նախագիծն ու թույլտվություն ստանալ»:

Ադամյանի խոսքերով, կոկորդիլոսներ ներկրելու համար պետք է ունենան միջացգային CITES-ի թույլտվություն, որովհետև դա Հայաստանի համար հատուկ տեսակ է. «Ամենամեծ գործոնը, որի մասին խոսել ենք, դա շրջակա միջավայրի փորձաքննությունն է: Նախագիծը կայանալու է 30 հեկտար տարածքի վրա, և դա խոսում է նրա մասին, որ օրենքը պարտավորեցնում է, որ շրջակա միջավայրի փորձաքննություն լինի: Բնապահպանության նախարարությանը նամակ գրեցին, և նրանք ի պատասխան նամակի ասացին, որ նախաձեռնողը գործունեություն ծավալելուց առաջ պարտավոր է անցնել շրջակա միջավայրի փորձաքննություն, ինչը չի արել: Մարզպետի հայտարարություններին ի պատասխան, որ շուտով սկսելու են նախագիծը, ասեմ, որ ոչ մի բան չեն կարող անել, մինչև ՇՄԱԳ չներկայացնեն»:

Բնապահպանն ասաց նաև, որ դիմել են Տեսչական մարմնին, որ գնան ստուգումներ անեն և տեսնեն, թե ինչպե՞ս են նրանք օրենքից դուրս ծրագիր սկսելու. «Նամակներն ուղարկել ենք նաև ԱԻՆ, որովհետև Հայաստանի քաղաքացիների համար բազմաթիվ վտանգներ կան: Անխուսափելի չէ այն, որ կոկորդիլոսները կարող են ֆերմայից փախչել, կան նաև ինֆեկցիաներ, որոնք կարող են գալ Հայաստան, և այս ամեն ինչն իր մեջ փորձաքննություն է պարտադրում: Նամակ գրել ենք նաև անասնաբուժական ծառայություն և Առողջապահական նախարարություն, որպեսզի հասկանանք իրավիճակը»:

«Մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայասատանում չծավալվի այդ գործունեությունը, որովհետև բազմաթիվ վտանգներ ենք տեսնում: Մենք, որպես բնապահպաններ և կենդանապաշտպաններ, դեմ ենք որևէ վայրի կենդանու բազմացմանը, առավել ևս դրա օգտագործմանը՝ որպես մսամթերք և կաշի»,-ասաց Ադամյանն ու նշեց նաև, որ իրենք ուղղակի դեմ լինել չեն կարող, քանի որ դա պետք է օրենքով և վտանգներով հիմնավորեն: Բնապահպանի պնդմամբ, իրենք այդ ամենը հիմնավորել են և հույս ունեն, որ Տեսչական մարմինը կկասեցնի և կպարտադրի, որ տվյալ ծրագրի նախաձեռնողը ստանա համապատասխան թույլտվություններ:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից