Հայաստան Քաղաքականություն 

Ո՞րն է Քոչարյան-Սարգսյան հակամարտության պատճառը

analitik.am

Քոչարյան-Տիգրան Սարգսյան հակամարտության ամենահետաքրքիր հատվածն այն է, որ ներկայիս ՀՀԿ-ականները մեղադրում են նախկին իշխանություններին՝ այսինքն իրենք իրենց: Չէ՞ որ այդ տարիներին վարչապետի պաշտոնը զբաղեցրել է ՀՀԿ-ական և հասարակության սերն ու հարգանքը վայելող Անդրանիկ Մարգարյանը՝ 2000-2007թ.թ., այնուհետև Սերժ Սարգսյանը՝ 2007-2008թ.թ.: Այսինքն ստացվում է, որ երբ ներկայիս  ՀՀԿ-ականները մեղադրում են «Քոչարյանի կառավարությանը», փաստացի իրենց,  ինչպես նաև գործող նախագահ Սերժ Սարգսյանին են մեղադրում:


 Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակահատվածում եղած տնտեսական և այլ ոլորտների թերությունները պետք է շտկվեին հենց նույն ՀՀԿ-ի կողմից, քանզի վերջին հաշվով հենց ՀՀԿ-ն էր այդ տարիներին իշխող քաղաքական ուժը: Այս ամենից կարելի է ենթադրել, որ իրականում Ռոբերտ Քոչարյան և ՀՀԿ պայքար է ընթանում, իսկ Տիգրան Սարգսյանն ընդամենը այս պայքարի սկզբի համար ընտրված կերպարն էր:


Եթե շարժվենք այս տրամաբանությամբ, կստացվի, որ Սերժ Սարգսյան-ՀՀԿ քողարկված պայքար էլ կա...  Քոչարյան-Սերժ Սարգսյան հակամարտությունը կարելի է միանգամից բացառել, քանզի այն կարող է երկու կողմի համար էլ բավականին լուրջ և վտանգավոր հետևանքներ ունենալ, իսկ այս երկու քաղաքական գործիչների քաղաքական ուղին կասկած անգամ չի թողնում, որ նրանք երբեք նման միամիտ քայլի չէին գնա: Ստացվում է, որ Սերժ Սարգսյանն ուղղակի այս կերպ փորձում է «մաքրել» ՀՀԿ-ն որոշ արդեն «անպետք» կադրերից, և միակ ընդունելի ձևը նրանց վերջնականապես «փչացնելն» է: Վարչապետին պաշտոնանկ անելը ներկայումս այդքան էլ հեշտ չի, քանզի վերջինս հասցրել է ձևավորել բավականին ուժեղ և մրցունակ թիմ, որն անգամ հանուն վարչապետի դեմ գնաց սեփական կուսակցությանը՝ մեղադրելով իր նախորդ կուսակիցներին:


Խաղաքարտերի նման դասավորվածության դեպքում, սակայն, Սերժ Սարգսյանը հնարավորություն է ստանում վարչապետին վերջնականապես ապականել Ռոբերտ Քոչարյանի օգնությամբ՝ պահպանելով բացարձակ չեզոքություն այս հակամարտության նկատմամբ: Նախագահը միանշանակ իրեն չի կարող թույլ տալ միջամտել նման բախումներին:


Մյուս կողմից այս իրավիճակը բավականին պարարտ հող ստեղծեց ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և մնացած ոչ իշխանական կուսակցությունների համար, որոնք էլ իրենց հերթին բավականին երկար ժամանակ ունեն Քոչարյանի վերադարձի համար բերրի հող նախապատրաստելու համար:


Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա ամենայն հավանականությամբ այդտեղ էլ ամեն ինչ նախապես գծագրված է՝ չհիմնավորված ամբիցիաներ ունեցող գործիչները պետք է դուրս մղվեն, իսկ սրանից լավ առիթ չի կարող լինել, քանզի միշտ էլ կուսակցության վերնախավը կարող է որոշում կայացնել «պատժել» այն մարդկանց, ովքեր ոչ կոռեկտ քաղաքական կեցվածք ընդունեցին՝ հանուն իրենց «շեֆի» մեղադրեցին իրենց իսկ կուսակիցներին: Սա էլ իր հերթին շատ լավ առիթ է ՀՀԿ-ն թարմացնելու և նոր մարդկանց «դաշտ» բերելու համար: Այլ կերպ չէր ստացվի հաջողություն ասել արդեն ՀՀԿ-ի դեմքը դարձած քաղաքական գործիչներին, ովքեր սակայն սպառել են իրենց՝ անկախ տարիքից, քանզի հասարակական աջակցություն կարողանում են ձեռք բերել բացառապես գումարի միջոցով, որը յուրաքանչյուր ոք էլ կարող է անել: Պետք են նոր դեմքեր, ովքեր դեռ որոշ ժամանակ կկարողանան իրենց վրա կենտրոնացնել հասարակության ուշադրությունը և գոնե որոշակի վստահություն և հավատ կներչնշեն ՀՀԿ-ի նկատմամբ:


Հ.Գ. Քաղաքական գործիչներն էլ ունեն իրենց վաղեմության ժամկետը, և երկարակյաց են նրանք, ովքեր բացի սեփական ամբիցիաները բավարարելուց գոնե մի փոքր էլ հասարակության ամբիցիաներն են բավարարում կամ գոնե ցույց են տալիս, որ բավարարում են: Մնացած դեպքերում նրանք ուղղակի վերածվում են առևտրականի, ովքեր գումարի դիմաց ձայն են բերում կուսակցություն, իսկ «առևտրական» քաղաքական գործիչներով շրջապատված ուժը չի կարող քաղաքական երկար և կայուն ուղի ունենալ՝ կամ պետք է «առևտրականները» թարմացվեն կամ էլ իրոք քաղաքական գործիչներով փոխարինվեն:  

Ս.Գ.

Նույն շարքից