Հայաստան Հասարակություն 

Հայ-ադրբեջանական լարվածություն՝ իրական, թե տեղեկատվական հակամարտություն

analitik.am

«Հայ-ադրբեջանական սահմանին ռեալ լարվածություն ամսի 20-ին է եղել, իսկ այն, ինչ դրան հաջորդեց, ավելի շատ տեղեկատվական լարվածություն է, քան իրական»,- «Անալիտիկ կենտրոն»-ին ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա-փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Ըստ նրա՝ հակառակորդն անընդհատ փորձում է տպավորություն ստեղծել, որ ինչ-որ բան է կատարվում սահմանին: «Օդուժն է իբրեւ ակտիվացել, մոբիլիզացիոն տպավորություն է ստեղծվում, բայց իրականում սա ավելի շատ տեղեկատվական գործողություններ են: Իհարկե, ինչ-որ չափով լարվածություն կա, որովհետեւ կրակոցներ կան եւ այլն, բայց այդ լարվածությունն ավելի շատ մեդիա դաշտում է, քան իրականում»,- հավաստիացնում է տեղեկատվական անվտանգության փորձագետը:  Սամվել Մարտիրոսյանը փաստում է, որ տեղեկատվական հակամարտության մեջ մենք մի բացթողում ունեցանք այն առումով, որ լրատվամիջոցներից մի քանիսը կիսաստուգված տեղեկություն տարածեցին, թե  սահմանամերձ ինչ-որ գյուղերից ժողովրդին տարհանում են կրակոցների պատճառով: Սա, ըստ Մարտիրոսյանի, կարելի է մեր կոմից սխալ համարել, որը լրացուցիչ լարվածություն է ստեղծել հասարակության մեջ:

«Ձախողված դիվերսիայից հետո Ադրբեջանը ստիպված եղավ ինչ-որ այլ ձեւով ընդունել իր զոհերին եւ վիրավորներին, հիմա, որպեսզի դրա տակից դուրս գա՝ իմիտացնում է հենց լարվածությամբ»,- համոզված է մեդիա-փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:  Իսկ տեղեկատվական հակամարտության ոլորտում սխալներից խուսափելու համար հորդորում է միայն ճշտված տեղեկություններ տարածել:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: Սակայն ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին հետ շպրտել: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը կատարելիս զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:

Նույն օրը «Սեւ եւ արյունոտ հունվար» ակցիայի շրջանակում ադրբեջանցի հաքերները կոտրել են հայկական 30- ից ավելի կայքեր: «Անտի Արմենիանե հաքերական խմբի անդամները կոտրած կայքերում տեղադրել էին ադրբեջանական քարոզչությունը ներկայացնող տեսանյութ, որը հիշեցնում է 1990 թվականի իրադարձությունները: 24 տարի առաջ այդ օրը ԽՍՀՄ բանակի ստորաբաժանումները մուտք էին գործել Բաքու` քաղաքացիական անկարգությունները ճնշելու նպատակով:

Ադրբեջանցի հաքերներին ի պատասխան՝ հայ հաքերները կոտրեցին  ադրբեջանական շուրջ 13 կայք եւ տեղադրցին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին դիվերսիոն հարձակումը հետ մղելիս զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի լուսանկարը:

Զանի Հարոյան

Նույն շարքից