Հայաստան Հասարակություն Միջազգային Քաղաքականություն 

ՀԱՊԿ անդամ երկրներն ընդդե՞մ Հայաստանի

analitik.am

Հայաստանի անվտանգության հարցում բավականին լուրջ դերակատարում ունի այն, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և ունի բազմաթիվ պայմանագրեր ՀԱՊԿ-ի շրջանակներում: ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական համագործակցություն է, որի կանոնադրության համաձայն անդամ երկրները պետք է օգնեն միմյանց: Այս մասին 2008թ.-ին Երևանում կայացած ասուլիսի ժամանակ  հայտարարել է նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Նա նաև նշել է, որ 2007 թվականի հոկտեմբերին` ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների վերջին գագաթաժողովին, նախագահների կողմից փաստաթուղթ է ստորագրվել միմյանց ռազմական և ռազմա-տեխնիկական օգնություն ցուցաբերելու մասին:  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը նշել է նաև, որ կազմակերպության երկրներն անհավասար տնտեսական և ռազմա-տեխնիկական պայմաններում են գտնվում և այդ տեսանկյունից ևս պետք է զարգացնել համագործակցությունը:

 

Հաշվի առնելով այն, որ ՀԱՊԿ-ի կարևորագույն նպատակն է նպաստել անդամ երկրների անվտանգության պահպանմանը, ինչպես նաև բոլոր հնարավոր միջոցներով աջակցել միմյանց, հարց է առաջանում, թե ինչո՞ւ են ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ բացառապես այլ քաղաքականություն որդեգրում, որն ուղղակիորեն ուղղված է իրենց գործընկեր երկրների դեմ: Ինչպես գիտենք ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ նաև ԻԿԿ-ի՝ Իսլամական կոնֆերանսի կազմակերպության անդամ են, և հենց այդ երկրներն էլ հիմնականում շեղվում են ՀԱՊԿ-ի կանոնադրությունից:          

 

 

Այսպես, 2011թ. հունիսի 28-30-ը Աստանայում տեղի ունեցավ Իսլամական կոնֆերանսի կազմակերպության անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԻԿԿ ԱԳՆԽ) 38-րդ նիստը, որի նախագահությունն այդ կազմակերպությունում ստանձնեց Ղազախստանի Հանրապետությունը: Դրա նախորդող նիստի նախագահողը նույնպես ՀԱՊԿ անդամ պետություն էր՝ 2010 թվականի մայիսի 18-20-ը Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում:

 

2005 թվականից Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունում դիտորդ է հանդիսանում Ռուսաստանի Դաշնությունը, որի կողմից նիստերին մշտապես ապահովվում է ներկայացուցչական մասնակցություն, և  Աստանայում կայացած ԻԿԿ ԱԳՆԽ 38-րդ նիստի բացման օրը նրա մասնակիցներին և հյուրերին ողջույնի խոսքով դիմեց ՌԴ արտաքին գործերի նախարար Ս.Լավրովը:

 

Տարեկան պարբերականությամբ անցկացվող այդ նիստերի ընթացքում «ավանդաբար» ընդունվում են հակահայկական ուղղվածություն ունեցող և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ ադրբեջանամետ ձևակերպումներ պարունակող հռչակագրեր և բանաձևեր: ԻԿԿ ԱԳՆԽ 38-րդ նիստի արդյունքներով ընդունված և լայն հանրությանը դրանից անմիջապես հետո ներկայացված Աստանայի հռչակագրում, ի տարբերություն նախորդ` Դուշանբեի հռչակագրի, ընդհանրապես չեն հիշատակվում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը: Սակայն այդ հռչակագրի 8-րդ կետում Իսլամական կոնֆերանսի կազմակերպության անունից Ադրբեջանին, մի շարք այլ իսլամական երկրների շարքում, ուղղակի աջակցություն է հայտնվում, շեշտվում է ԻԿԿ անդամ բոլոր պետությունների անվտանգության, ինքնավարության, անկախության, տարածքային ամբողջականության և օրինական շահերի պաշտպանության կարևորությունը` նշելով հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

 

Քաղաքական ոլորտին վերաբերող բաժնի  ԻԿԿ ԱԳՆԽ բանաձևերի թվում առկա է 22 կետից բաղկացած «Ադրբեջանի Հանրապետության դեմ Հայաստանի Հանրապետության ագրեսիայի մասին» №10/38 բանաձևը, որում դատապարտվում է «Հայաստանի ագրեսիան Ադրբեջանի դեմ», կոչ է արվում «լուծել հակամարտությունը` ելնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքից», ասվում է «ագրեսիայի ենթարկված ադրբեջանական տարածքներում իսլամական մշակույթի հուշարձանների ավիրման», «օկուպացված ադրբեջանական տարածքներում Ադրբեջանի բնակչության դեմ իրականացված գործողությունները որպես մարդկայնության դեմ հանցագործություններ ճանաչելու» մասին և այլն: Նմանատիպ դրույթներ տեղ են գտել նաև նախորդ նիստերի համապատասխան բանաձևերում` հետագայում չստանալով որևէ գործնական շարունակություն:  

 

Ի տարբերություն նախորդների` №10/38 բանաձևում առկա են Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված նոր և հնարավոր գործնական վտանգներ պարունակող 7-րդ և 8-րդ կետերը: Համաձայն բանաձևի 7-րդ կետի` «բոլոր պետությունները պետք է հրաժարվեն Հայաստանին սպառազինություն և ռազմական տեխնիկա մատակարարելուց, Իսլամական կոնֆերանսի կազմակերպության անդամ պետությունների տարածքը չպետք է օգտագործվի նշված ռազմական նշանակության արտադրանքի տարանցման համար»: Հաշվի առնելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ԻԿԿ ակտիվ անդամներից մեկն է, նման դրույթի ընդունումըկարող է բավականին դժվարություններ ստեղծել Հայաստանի համար:  

 

Բանաձևի 8-րդ կետում «Իսլամական կոնֆերանսի կազմակերպության անդամ երկրներին, ինչպես նաև միջազգային հանրության այլ անդամներին կոչ է արվում կիրառել պահանջվող գործնական քաղաքական և տնտեսական միջոցներ` «հայկական ագրեսիային և Ադրբեջանի տարածքների օկուպացիային վերջ տալու նպատակով», այդ թվում` «հրաժարվել Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեություն ծավալելուց, Հայաստանի Հանրապետության տնտեսական, արդյունաբերական, ֆինանսական և այլ ոլորտներում ներդրումներ կատարելուց, սահմանափակել Հայաստանի Հանրապետության հետ ցանկացած համագործակցությունը»: Բանաձևում Իսլամական կոնֆերանսի կազմակերպության գլխավոր քարտուղարին «առաջարկվում է մշակել և հաջորդ նիստում ներկայացնել առաջարկությունների փաթեթ` ԻԿԿ անդամ պետությունների կողմից այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետության դեմ միասնական և անհատական գործողություններ իրականացնելու վերաբերյալ»:     

 

Ասվածից կարելի է ենթադրել, որ վերը նշված բանաձևի կետերն այսպես ասած քաղաքական ճնշման գործադրում են Հայաստանի դեմ՝ միտված ղարաբաղյան կարգավորման գործընթացի ի վնաս մեզ կարգավորմանը:  Այս կետերը մեծապես կարող են վնասել նաև Հայաստանի տնտեսությանը, քանզի Հայաստանը բավականին տնտեսապես  համագործակցում է իսլամական երկրների հետ:

 

Տեղեկություններ չկան բանաձևին կողմ քվեարկած պետությունների վերաբերյալ, քանզի նիստերը փակ են, բայց հայտնի է, որ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով: Առնվազն անհասկանալի է ՀԱՊԿ անդամ Տաջիկիստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, և միջոցառումը հյուրընկալող և ԻԿԿ-ում նախագահությունը ստանձնած պետության` Ղազախստանի Հանրապետության վարքագիծը:

 

№10/38 բանաձևի ընդունումը կարելի է միանշանակ որակել «Հավաքական անվտանգության մասին» Պայմանագրի 1-ն հոդվածի երկրորդ պարբերության դրույթի խախտում, համաձայն որի Պայմանագրի անդամ պետությունները չեն մասնակցում միմյանց դեմ ուղղված գործողություններում:

 

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Հայաստանը պետք է մշտապես հետևի ՀԱՊԿ անդամ իսլամական պետությունների հետագա քայլերի ընթացքին՝ կանխելով նրանց կողմից Հայաստանի դեմ որևէ քայլ, այլապես ՀԱՊԿ-ը կորցնում է իր այն նշանակությունը, որի համար ստեղծված է եղել: 

Անի Հովհաննիսյան

Նույն շարքից