Հայաստան 

Հայաստանն Ուկրաինային չի դավաճանել. Ուկրաինայում Հայաստանի դեսպանի հարցազրույցը segodnya.ua-ին

analitik.am

Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը մեկնաբանել է, թե ինչու Հայաստանը չի աջակցել ՄԱԿ-ի բանաձևին՝ Ղրիմի հանրաքվեի անօրինականության վերաբերյալ։
 

Segodnya.ua-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը դեմ քվեարկեց ՄԱԿ-ի բանաձևին, Անդրանիկ Մանուկյանը պատասխանել է, որ այդ քայլին դիմեց` իր ազգային շահերից և համապատասխանաբար արտաքին քաղաքականությունից ելնելով։

 

«Հայաստանը միշտ կողմ է քվեարկել ազգերի ինքնորոշմանը։ Մենք Լեռնային Ղարաբաղի հարցն ունենք, որտեղ 1991թ.-ի դեկտեմբերի 10-ին հանրաքվե է տեղի ունեցել անկախության հարցով։ Այդ ժամանակ անկախության օգտին քվեարկել էր մասնակիցների 99%-ը։Այդ ժամանակվանից, արդեն 23 տարի Հայաստանն աշխարհին ապացուցում է որոշման օրինականության մասին, քանի որ ազգերի ինքնորոշման իրավունքը ՄԱԿ-ի կանոնադրությամբ ոչ միայն միջազգային իրավունքի սկզբունք է, այլ նպատակ»,-հիշեցրել է դեսպանը։

 

Նա նշել է, որ ուկրաինական բանաձևին Հայաստանը դեմ է քվեարկել ոչ թե որովհետև դեմ է Ուկրաինային կամ դավաճանել է նրան։ 

 

«Ուկրաինան մեկ անգամ չէ, որ Լեռնային Ղարաբաղի հարցով քվեարկել է Ադրբեջանական դիրքորոշման օգտին։ 2008թ.-ին, երբ ՄԱԿ-ի գլխավոր ասամբելան քննարկում էր Բաքվի առաջարկած բանաձևը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, Ուկրաինան կողմ քվեարկեց այդ բանաձևին։ Բայց մենք անգամ բողոքի նոտա չհղեցինք Ուկրաինայի ԱԳՆ-ին»,-ասել է Անդրանիկ Մանուկյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե Կրեմլի կողմից արդյոք ճնշում եղե՞լ է Երևանի վրա, դեսպանը պատասխանել է. «Պետք չէ այդ հարցը կապել Ռուսաստանի հետ։ Մենք չենք թաքցնում, որ ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է։ Այո, մենք մեր ապագան տեսնում ենք նրա հետ համագործակցության մեջ և պատրաստվում ենք Մաքսային միություն մտնել, սակայն այդ քվեարկությունը կապ ուներ ազգերի ինքնորոշման վերաբերյալ մեր դիրքորոշման հետ»։
 


Հարցին, թե այդ քվեարկությունն արդյոք ազդե՞լ է հայերի և ուկրաինացիների հարաբերությունների վատացման վրա, դեսպանը նշել է, որ իր կարծիքով որևէ խնդիր չի եղել։

«Իհարկե, մարդիկ, որոնք չգիտեն ղարաբաղյան հակամարտության պատմությունը, չեն կարող ճիշտ գնահատական տալ ՄԱԿ-ի քվեարկությանը։ Ցավոք, որոշ ուկրաինական լրատվամիջոցներ հակահայկական քարոզչություն են սկսել։ Դա սխալ է։ Մեր նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ուկրաինացիները մեր եղբայրներն են։ Մենք համատեղ պատմություն ունենք։ Ուկրաինայում մոտ 600 հազար հայ է ապրում։ Այժմ, տեղի ունեցած իրադարձություններից հետո ես ամեն օր հանդիպում եմ մեր համայնքի ներկայացուցիչների հետ և միշտ լսում եմ՝ ուկրաինացիները մեր եղբայրներն են, և մենք Ուկրաինայի կողմից ենք»,-ասել է նա։

Նույն շարքից