Բարի օր Քաղաքականություն 

Խաղաղություն հարկադրված պատերազմով

analitik.am

«1994 թվականի Բիշքեկում ստորագրված հրադադարի արձանագրությամբ Լեռնային Ղարաբաղը ճանաչվեց, որպես լիիրավ կողմ: Ինչպե՞ս ստացվեց, որ ունենալով նման հաջողություն և գիտակցելով, որ առանց Ստեփանակերտի Արցախյան հիմնախնդիրը չի կարող կարգավորվել, հետագայում ԼՂՀ-ն դուրս մնաց բանակցային սեղանից: Ու՞մ էր դա ձեռնատու:

Այն, որ առանց Արցախի մասնակցության որևէ որոշում կայացնել հնարավոր չէ, գիտակցել և խոսել են Հայաստանի Հանրապետության բոլոր իշխանությունները՝ զուգահեռ մեկը մյուսին մեղադրելով ԼՂՀ-ն բանակցային գործընթացից հանելու համար: Արդյո՞ք ԼՂՀ-ն բանակցային գործընթացից հեռացնելը պարտադրված էր Ադրբեջանի կամ գերտերությունների կողմից, թե՞ դա գիտակցված ծրագրային քայլ էր: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Արցախի հիմնախնդրի հետ կապված ցանկացած բանակցության օրակարգը և մոտեցումները բոլոր ժամանակներում քննարկվում էին Արցախի իշխանությունների հետ և այն, որ առանց Արցախի համաձայնության ցանկացած որոշում ենթակա էր ձախողման, ինչպես նաև այն, որ ըստ էության հիմնախնդրի վերաբերյալ ՀՀ մոտեցումը եղել է ժամանակ շահելը և ստատուս քվոն պահպանելը, կարելի է ենթադրել, որ Արցախի կողմի բացակայությունը բանակցային գործընթացում հնարավորություն է տվել ՀՀ-ին ցանկացած պահի, նույնիսկ պարտադրանքի դեպքում, հրաժարվել որևէ փաստաթուղթ ստորագրելուց:

Եթե վերը նշված վերլուծությունը ճիշտ է, ապա այդ մոտեցումը պետք է շարունակել՝ դա պահելով, որպես որոշակի ապահովման միջոց, եթե ոչ, ապա պետք է հասկանալ, թե Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացի այս փուլում ինչ նպատակ ունի և ինչ հետևանքներ կարող է առաջացնել:

Ներկայիս իշխանությունը հստակ հայտարարել է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան. արդյո՞ք դա ուղղակի հերթական ականջահաճո խոստում չէ, թե Ադրբեջանի հետ ոչ պաշտոնական հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածություն, արդյո՞ք իրավիճակով պայմանավորված պատասխանատվությունը Արցախի իշխանությունների վրա գցելու փորձ չէ, արդյո՞ք չի նախատեսվում որևէ պարտադրված փաստաթղթի ստորագրում, որի դեպքում զուգահեռ ճնշում է գործադրվում Արցախի իշխանությունների վրա չընդվզելու համար:

Եթե Արցախը պետք է ներգրավվի բանակցային գործընթացում լրացուցիչ ձայնի իրավունքով, ապա բնականաբար Ադրբեջանը դրան երբևէ չի համաձայնի, իսկ եթե առանց լրացուցիչ ձայնի իրավունքի կամ ՀՀ ձայնի փոխարեն, ապա այդ մասնակցությունը որևէ կերպ չի իմաստավորվում:

Մի բան ակնհայտ է՝ արտաքին քաղաքականությունը պոպուլիզմ չի ընդունում, և եթե իշխանության մոտեցումը պարտադրված որոշման կայացման պատասխանատվությունը Արցախի վրա գցելն է, ապա ակնհայտ է դառնում նաև, որ պատերազմով հարկադրել խաղաղություն թեզը դառնում է անխուսափելի»:

«Հանրային Շահերի Ազգային Կենտրոն» իրավունքների պաշտպանության ՀԿ

Նույն շարքից